Ծիածան ֆորում

01-04-2025

Սիրելի ԼԳԲՏ+ համայնք և ծնողներ, ակտիվիստներ և համախոհներ,

2026 թվականին կրկին կազմակերպում ենք ԼԳԲՏ+ շարժման կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 11-րդ «Ծիածան» ֆորումը, որի խորագիրն է՝ «Համակերպում, թե պայքար»։

Աշխարհում և տարածաշրջանում աճող պատերազմներն ու բռնաճնշումները հաճախ ոչնչացնում են ԼԳԲՏ+ համայնքի ապահով տարածքները՝ ստիպելով մարդկանց դիմադրել կամ լքել իրենց երկրները՝ հաճախ ապահովություն գտնելով Հայաստանում։ Իսկ Հայաստանում մոտենում են ընտրությունները՝ զարկ տալով շահարկումների նոր ալիքին։ Մյուս կողմից՝ հակա-ԼԳԲՏ+ և հակագենդերային խոսույթները շարունակում են թիրախավորել կանանց, տրանս, ոչ բինար և այլ ոչ հետերոնորմատիվ ինքնություն ունեցող մարդկանց, ինչպես նաև կանանց ու ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպաններին՝ սահմանափակելով արժանապատիվ կյանք ունենալու հնարավորությունները։

Այս տարվա ֆորումը մեր արձագանքի մասին է։

Մենք կունենանք տարածքներ՝ քննարկելու մարտահրավերները, վերագտնելու մեր պայքարի ձայնը, միմյանց աջակցելու, պատմություններ կիսելու և մեր ուժն ու սոլիդարությունը նշելու համար։

11-րդ «Ծիածան» ֆորումը տեղի կունենա 2026 թ․ մայիսի 15–16-ը։

Սիրով կսպասենք Ձեզ մեր ամենամյա «Ծիածան» ֆորումին:

Ծիածան ֆորումը ամենամյա կարևոր իրադարձություն է Հայաստանում և ամենամեծ քվիր-ակտիվիստական միջոցառումն է, որը միավորում է ԼԳԲՏ+ համայնքին ու համախոհներին, ակտիվիստներին ու իրավապաշտպաններին, մասնագետներին և ծնողներին։

Ծիածան ֆորումը ստեղծում է ապահով և ընդունող միջավայր, որտեղ կարող եք ծանոթանալ տարբեր մարդկանց, փոխանակվել գիտելիքներով և գտնել նոր ընկերներ ու համախոհներ։ Ֆորումը ներառում է քննարկումներ, աշխատարաններ և ներկայացումներ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, հոգեկան առողջությանը, ակտիվիզմին, ինչպես նաև սոցիալական և մշակութային և այլ թեմաներին։

Սա հարթակ է, որտեղ մասնակիցները կարող են բարձրաձայնել իրենց համար կարևոր հարցերի մասին, լսելի դառնալ և մասնակցել Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի համար նշանակալի փոփոխությունների քննարկմանը։ Ֆորումը հնարավորություն է տալիս լսել և սովորել փորձառու ակտիվիստներից, իրավապաշտպաններից ու համախոհներից, ովքեր արդեն իսկ նպաստել են հավասարության և արդարության առաջմղմանը։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Նախորդ ֆորումների մասին