ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման հիմնական առաջարկությունները ԼԳԲՏ+ անձանց վերաբերյալ 

12-05-2025

Հայաստանի՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) չորրորդ ցիկլի ընթացքում բազմաթիվ պետություններ կոչ արեցին երկրին վճռական քայլեր ձեռնարկել՝ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։ Առաջարկությունների հիմնական շեշտադրումը վերաբերում էր համապարփակ հակախտրական օրենսդրության ընդունմանը, որը հստակ կերաշխավորի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանությունը։ Սա արտահայտում է միջազգային աճող սոլիդարությունը նրա շուրջ, որ ԼԳԲՏ+ անձանց իրավունքները պետք է լիարժեքորեն ներառված լինեն Հայաստանի մարդու իրավունքների ընդհանուր օրակարգում։ 

Իսպանիայի, Նիդերլանդների, Կանադայի, Ավստրալիայի և այլ երկրների առաջարկները նպատակ ունեն աջակցել Հայաստանի կողմից «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունմանը։ Ակնկալվում է, որ այս օրենքը կստեղծի իրավահավասարության ամուր հիմք՝ ապահովելով, որ մարդիկ պաշտպանված կլինեն խտրականությունից։ Միաժամանակ, Շվեյցարիան, Իռլանդիան և Նորվեգիան խորհուրդ են տվել փոփոխել Քրեական օրենսգիրքը՝ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը հստակորեն ներառելով որպես պաշտպանված հիմքեր՝ ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության դեմ պայքարում։ 

Բացի օրենսդրական բարեփոխումներից, Բրազիլիան, Ֆինլանդիան և այլ երկրներ ընդգծել են համակարգային փոփոխությունների կարևորությունը՝ կոչ անելով պայքարել ատելության խոսքի դեմ, խթանել հանրային իրազեկվածությունը և ստեղծել անվտանգ մեխանիզմներ՝ զոհերին աջակցության համար։ Կոլումբիան և Իսլանդիան առաջարկել են ներդնել գենդերի իրավական ճանաչման պարզեցված գործընթաց՝ հիմնված անձի ինքնորոշման վրա՝ վերացնելով պարտադիր բժշկական միջամտությունների պահանջը։ 

Այս առաջարկությունները փաստում են, որ Հայաստանը պետք է համահունչ քայլեր ձեռնարկի իր օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար։ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությունն ուղղակի իրավական պարտավորություն չէ, այլ անհրաժեշտ պայման՝ ներառական և հավասար հասարակություն կառուցելու համար։  

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ամեն հաջորդ շրջափուլի ընթացքում ավելի շատ առաջարկներ են հնչում ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած բազմաթիվ օրենսդրական փոփոխություններին և քաղաքականությունների ընդունմանը, ԼԳԲՏ+ անձանց իրավունքները շարունակում են մնալ լուսանցքում։  

Կոչ ենք անում պետական մարմիններին` խտրականության և դրանով պայմանավորված հանցագործությունների դեմ օրենսդրությունը վերամշակելիս հաշվի առնել բազմիցս հնչած առաջարկները։