ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը անընդունելի է համարում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում դրսեւորված գրաքննությունը եւ խտրականությունը

19-07-2017

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, անտեսելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է իրեն պատկանող Մալյան թատրոնի դահլիճը տրամադրել «Ոսկե Ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնին: Դրա արդյունքում փառատոնի ծրագրից հանվել է «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» խորագրով մոտ 40 ֆիլմերի արտամրցութային ցուցադրումը։ Ըստ միության ներկայացուցիչների` հարթակի մերժումը պայմանավորված է եղել մայիսի 23-ին ՀԿՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան կապակցությամբ այդ կառույցում շարունակվող սգով: Սակայն բազմաթիվ փաստերը վկայում են այն մասին, որ  մերժման իրական պատճառը նշված արտամրցույթային ծրագրում ներառված վավերագրական «Լսիր ինձ» եւ գեղարվեստական «Ծիրանի այգիներ» ֆիլմերն են, որոնք անդրադառնում են ԼԳԲՏ համայնքի խնդիրներին:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը սա համարում Է գրաքննության եւ խտրականության խիստ դատապարտելի դրսեւորում եւ բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ տեղի ունեցածը Հայաստանի որոշ, այդ թվում շատ ազդեցիկ շրջանակների ճնշման արդյունք է: Մենք հետամուտ ենք լինելու այս ամոթալի միջադեպի համար պատասխանատուների բացահայտմանը:

Նկատի ունենալով, որ «Ոսկե Ծիրանը» միշտ եղել է ազատ արտահայտման հարթակ եւ տուրք չի տվել որեւէ քաղաքական, գաղափարական  կամ այլ սահմանափակումների, մենք մեր խորը վրդովմունքն ենք հայտնում կինոփառատոնի բովանդակությանը իրականացված միջամտության առիթով:

Հաշվի առնելով, որ միջադեպը հետեւեց մի շարք այլ մտահոգիչ իրադարձությունների, մասնավորապես` «Հավասար իրավունքների» ու «Ընտանեկան բռնության» մասին օրինագծերի շրջանառության մեջ մտնելու հետաձգմանը, ՀՀ իշխանություններից ակնկալում ենք պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, այդ թվում ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի հետեւողական իրականացում:

Արձանագրելով, որ տեղի ունեցածը բացասաբար է անդրադառնում երկրի համբավի վրա, հակասության մեջ է մտնում Հայաստանի` «Ստեղծարար Եվրոպա» հեռանկարային ծրագրին միանալու գործընթացի հետ, պահանջում ենք ՀՀ մշակույթի նախարարությունից եւ այլ  իրավասու կառույցներից` վճռականություն դրսեւորել բացառելու համար ստեղծագործական ազատության նկատմամբ որեւէ ճնշում:

Գիտակցելով առողջ ու առաջադեմ ուժերի համախմբան կարեւորությունը, կոչ ենք անում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատասխանատուներին` հավատարիմ մնալ այն սկզբունքերին, որոնց շնորհիվ փառատոնը ձեռք բերեց միջազգային հեղինակություն, եւ առաջարկում ավելի սերտ համագործակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակության, մասնավորապես ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հետ` այսօրինակ ճնշումներին առավել արդյունավետորեն դիմակայելու նպատակով:

Ողջունելով տարբեր կազմակերպությունների կողմից խնդրո առարկա ֆիլմերը փառատոնի պաշտոնական շրջանակներից դուրս ցուցադրելու, ինչպես նաեւ «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ամբողջ ծրագրի ներկայացման պատրաստակամությունը, դա գնահատում ենք որպես խտրականությանը ու  գրաքննությանը դիմակայելու հանրային ներուժի ձեւավորման վկայություն: Համոզված ենք, որ անհանդուրժողականության դրսեւորումները որեւէ առնչություն չունեն ազգային շահերի հետ եւ ոչ այլ ինչ են, քան Հայաստանի առաջադիմությանը խոչընդոտելու նպատակով արված սադրանք: