Անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարին նվիրված ԵԱՀԿ ժողով

26-05-2020

Այսօր Փինքի ներկայացուցիչ Լուիզա Վարդանյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի Մարդկային չափման լրացուցիչ հանդիպմանը, որը նվիրված էր անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարին: Մենք բարձրաձայնել ենք Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության խնդիրը՝ արձանագրելով, որ ՀՀ-ն չունի ո՛չ ամբողջական օրենսդրություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված խտրականությունը կանխելու համար և ո՛չ էլ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունները քննելու պատշաճ մեխանիզմներ: ԼԳԲՏ անձինք խուսափում են իրավապահ մարմիններին դիմելուց, քանի որ նրանց կողմից արժանանում են ծաղրի և վիրավորանքների: Պետությունը ԼԳԲՏ անձանց չի պաշտպանում ատելության խոսքից, դեռ ավելին՝ իշխանությունների ներկայացուցիչները նույնպես ատելություն են տարածում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Մենք կոչ ենք անում ՀՀ-ին նվազեցնել ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը օրենսդրական փոփոխությունների և դրա դեմ պայքարի գործուն մեխանիզմներ ստեղծելու միջոցով:

ՀՀ պատվիրակությունը (ներկայացուցիչ՝ Արման Հովհաննիսյան) հայտնեց, որ այժմ քննարկվում է հավասարությունն ապահովելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և դրա բոլոր ձևերը, խտրականության նվազեցման և դրանից պաշտպանության մեխանիզմները:

Սավիտա Պաունդեյը՝ հանդիպման խոսնակներից մեկը, ի պատասխան ՀՀ արձագանքի, նշեց, որ դաժանության աճի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է պատշաճ քննություն իրականացնել խտրական վերաբերմունքի և հանրային վտանգավոր խոսքի բոլոր դրսևորումների կապակցությամբ, նույնիսկ եթե դրանք իրականացվում են քաղաքական առաջնորդների և հանրային այլ դեմքերի կողմից: Պետք է ստեղծվեն օրենքներ, որոնք կանխարգելում և քրեականացնում են խտրականությունը, իսկ կրթական ծրագիրը պետք է ջատագովի բազմազանությունը: