Անցկացվեց 6-րդ ամենամյա «Ծիածան» ֆորումը
Այս տարի մայիսի 10-14-ը կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած 6-րդ «Ծիածան» ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և անցկացվում է 2015-ից ի վեր։ Համավարակի և պատերազմի հետևանքով 2020 թվականի ֆորումը չեղարկվեց և փոխարենն անցկացվեց 2021 թվականին։
Այս տարի ֆորումը յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ անցկացվեց վիրտուալ հարթակում։ Ֆորումին գրանցվել էր 149 անձ, որոնցից 40-ը նաև խոսնակներ էին։ Մասնակիցների թվում էին ինչպես ԼԳԲՏ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և այլ ինքնություններ ունեցող) անձինք, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավաբաններ, առողջապահական և հարակից ոլորտի մասնագետներ։
Բացման խոսքով հանդես եկան Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանը և գործադիր տնօրեն Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը, իսկ հետո մասնակիցներին ողջունեցին սփյուռքի նշանավոր արտիստներ Լուսինե Շամամյանը («RuPaul’s Drag Race․ Uncut», «Hollywood» և «Pose» ֆիլմերի մոնտաժող) և Մերի Բասմաջյանը (գրող, դերասան և պրոդյուսեր)։
Ֆորումի խորագիրն էր «Հաղթահարելով մարտահրավերները»։
Ֆորումի վիրտուալ հարթակով ապահովվել է օրական 10 ժամ եթեր, որի մեջ մտնում էին բազմաբովանդակ ժամանցային ծրագրեր, օրվա գլխավոր միջոցառումներ և ընդլայնված քննարկումներ։
«Ծիածան» ֆորումն ընթացավ արդյունավետ քննարկումների, փոխադարձ հարգանքի, վստահության ու փոխաջակցման մթնոլորտում։
COVID-19 համավարակի ազդեցությունն ու հետևանքները ԼԳԲՏ համայնքի վրա, ինչպես նաև հետպատերազմական իրավիճակը ֆորումի հիմնական հարցերից էր։ Մասնակիցները պատմեցին, թե ինչ վիճակում են եղել, ինչ դժվարություններ են ունեցել և ինչ ձևով են փորձել հաղթահարել դրանք։ Նաև քննարկվեցին այն հանգամանքները, որոնք սովորաբար խանգարում են համայնքային խնդիրների լուծմանը և քննարկվեց ընդհանրապես համայնքի արձագանքը ճգնաժամային իրավիճակներում ապագայում նմանատիպ իրավիճակներին արձագանքելու կարողություններ և փորձ ունենալու համար։
Ֆորումի ընթացքում արծարծվեցին բազմաթիվ թեմաներ, որոնք կարևոր են Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի համար, քննարկվեցին նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ բախվում է համայնքը և փորձ կատարվեց գտնել ընդունելի և գործուն լուծումներ այդ խնդիրներին։
Մի շարք քվիր արտիստներ հանդես եկան երաժշտական կատարումներով, արվեստի պերֆորմանսներով, կարճամետրաժ ֆիլմերով, նկարեցին քննարկվող ռեսուրսային կենտրոնի ուրվագիծը։
Ցուցադրվեց նաև «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը, որտեղ ԼԳԲՏ+ մարդիկ ազնվանում են տեսախցիկի առջև:
Իսկ «Գալիս եմ փնտրելու» վեբ սերիալի ցուցադրությունից հետո ֆորումին տեսազանգով միացավ նաև սերիալի ռեժիսոր Անդրեյ Ֆենոչկան ու խոսեց ֆիլմի գաղափարի և նկարահանումների մասին։
Ֆորումի ընթացքում քննարկվեցին նաև ԼԳԲՏ+ զույգերի միջև բռնությունը, համայնքում առկա խնդիրները, անհանգստությունները, վախերը, ներհամայնքային խտրականության և դրանց հաղթահարման ուղիների մասին։
Միջոցառմանն այս տարի միացել էին աննախադեպ քանակի միջազգային հյուրեր խոսելու ճգնաժամային իրավիճակներում Արևելյան Եվրոպայի երկրների կազմակերպությունների գործունեության մասին, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցները կիսվեցին հայկական համայնքային գործող կազմակերպությունների և նախաձեռնությունների մասին։
(նկարներ հետնաբեմից)
Ակտիվիստական պայքարում սոլիդարության գաղափարին նվիրված քննարկման ժամանակ հրավիրված ակտիվիստները կիսվեցին իրենց փորձով, խոսեցին ոլորտի խնդիրների և մարտահրավերների մասին՝ փորձելով գտնել շարժումների նմանությունները և տարբերությունները, ինչպես նաև կարևորելով թիրախավորման դեպքում համախմբման անհրաժեշտությունը։
Շոշափվեց նաև արդի խնդիրներից մեկը՝ հակագենդերային շարժումները։ Ներկայացվեց հետազոտություն ուղղված հետհեղափոխական Հայաստանում սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային և հոմոֆոբ հռետորաբանությանն ու դիսկուրսներին։ Անդրադարձ կատարվեց նաև նրան, թե ինչպես են թիրախավորում կանանց և ԼԳԲՏ+ հարցերով զբաղվող իրավապաշտպաններին ու ակտիվիստներին, առաջադիմական քաղհասարակությանը՝ փորձելով այս թեման դարձնել հետհեղափոխական Հայաստանի կառավարության դեմ մարտնչելու միջոց։
Ֆորումի ընթացքում քննարկվեցին նաև սեռափոխության պրակտիկաների, հորմոնաթերապիայի և անվանափոխության հարցերի վերաբերյալ համայնքում առկա անհանգստությունները և խնդիրները։ Ներկայացվեցին այս հարցերի վերաբերյալ միջազգային և ներպետական առկա իրավակարգավորումները, այդ թվում՝ Հայաստանի համար միջազգային փորձի վրա հիմնված ընդունելի տարբերակները։
Քննարկումներում անդրադարձ եղավ նաև ԼԳԲՏ+ շարժման ու ակտիվիզմի մեջ ներդրում ունեցող ԼԲՏ+ կանանց, ովքեր կիսվեցին իրենց փորձով և քննարկեցին, թե ինչպես է հայրիշխանական համակարգն ազդում ու ինչպես է դրսևորվում ԼԳԲՏ+ շարժման մեջ և համայնքում։
Ֆորումի ընթացքում խոսվեց ԼԳԲՏ+ շարժման նշանակալի օրերի, ընտանիքում բռնության, փոփոխությունների մեջ ֆիլմարվեստի դերի, փակ հաստատություններում ԼԳԲՏ+ անձանց և նրանց խնդիրների, ինչպես նաև ԼԳԲՏ+ շարժման ապագայի և զարգացման հեռանկարների մասին։