Ի՞նչ է հպարտության ամիսը, և ինչու՞ են մարդիկ նշում այն

17-06-2022

Պատմության ընթացքում մարդկանց տարբեր խմբերի համար մեծ նշանակություն է ունեցել պայքարը հանուն սոցիալական արդարության և հավասար իրավունքների։

Փոքրամասնություն կազմող խմբերը, շատ հաճախ ենթարկվելով խտրականության տարբեր դրսևորումների և ճնշումների, հնարավորություն չեն ունենում բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ Իսկ հանրային հնչեղություն ունեցող միջոցառումները և շարժումները հանդիսանում են այն միջոցները, որոնցով մարդիկ կարողանում են խոսել իրենց համար մեծ նշանակություն ունեցող հարցերի շուրջ։

Նման օրինակ է նաև լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց հպարտության ամիսը, որը ներկայումս նշվում է ամեն տարի հունիսին՝ շքերթների, բազմաբնույթ միջոցառումների, տոնակատարությունների միջոցով։ Հպարտության ամսվա նպատակն է սատարել ԼԳԲՏ անձանց և պայքարել բոլորի քաղաքացիական հավասարության համար՝ անկախ սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից։ Հպարտության ամիսը հնարավորություն է տալիս հիշեցնելու բոլորին, որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում դեռևս բախվում են խտրականության, ինչպես նաև բարձրաձայնելու այն մասին, որ մինչ օրս մարդու իրավունքները անպատիժ կերպով ոտնահարվում են։

Հպարտության շարժման ակունքները հասկանալու համար պետք է վերադառնալ 1969 թվականի հունիսի 28, երբ ոստիկանությունը ներխուժեց Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջում գտնվող «Stonewall Inn» պանդոկ և տեղի ԼԳԲՏ համայնքը անհնազանդությամբ պատասխանեց ոստիկանության բռնություններին։ Բողոքի ցույցը, որը տևեց մի քանի օր, հայտնի է որպես «Սթոնվոլյան ապստամբություն» և համարվում է հենց այն բեկումնային կետը, որտեղից առաջ եկավ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության շարժումը։ Այդ ժամանակից ի վեր ակտիվիստները որոշել են ամեն տարի զանգվածային ակցիաներ անցկացնել՝ մի կողմից՝ ի հիշատակ Սթոնվոլի, մյուս կողմից՝ ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի։

Սթոնվոլը ԼԳԲՏ շարժման սկիզբը չէր։ ԼԳԲՏ ակտիվիստները ամբողջ աշխարհում փորձել են պայքարել իրենց իրավունքների համար առնվազն 1920-ականներից, սակայն Սթոնվոլի ապսամբությունների արդյունքում առաջացած զայրույթն ու եռանդն օգնեցին ԼԳԲՏ շարժումը տեղափոխել այլ հարթակ: Սթոնվոլյան ապստամբությունների մասին լրատվամիջոցների լուսաբանումը մարդկանց ցույց տվեց, թե ինչպիսի խնդիրների են բախվում ԼԳԲՏ անձինք և ինչպես կարելի է աջակցել իրենց։

Բրենդա Հովարդը, որը հայտնի դարձավ «Հպարտության մայր» մականվամբ, 1970 թվականին համակարգեց առաջին ԼԳԲՏ հպարտության երթը և առաջ բերեց հպարտության երթի մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների իրականացման գաղափարը, որը դարձավ ԼԳԲՏ հպարտության ամենամյա տոնակատարությունների հիմքը։

Այսօր տոնակատարությունները ներառում են հպարտության երթեր, երեկույթներ, սեմինարներ, սիմպոզիումներ և համերգներ, իսկ ԼԳԲՏ հպարտության ամսվա միջոցառումներին ողջ աշխարհում մասնակցում են միլիոնավոր անձինք: Այս ամսվա ընթացքում տեղի են ունենում միջոցառումներ ուղղված համայնքի այն անձանց հիշատակին, որոնք մահացել են ատելության հողի վրա հանցագործությունների հետևանքով: Միջոցառումների նպատակն է նաև ընդգծել պատմության վրա ԼԳԲՏ անձանց կողմից թողած ազդեցությունը։

Ամբողջ աշխարհում հպարտության ամսվա տոնակատարություններն անցկացվում են տարբեր կերպ։ Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ամստերդամը, Նյու Յորքը, Փարիզը, Սան Ֆրանցիսկոն և Սան Պաուլոն, հպարտության ամսվա միջոցառումները սովորաբար տարեկան մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մասնակից են ունենում: Կարելի է առանձնացնել նաև Սինգապուրում անցկացվող “Pink dot” կոչվող միջոցառումը, որի ժամանակ մասնակիցները հավաքվում են ձևավորելու «վարդագույն կետ»՝ բազմազանությանը և սիրո ազատությանը աջակցություն ցույց տալու համար:

Հպարտության շարժման ծագումն ու պատմությունն ուսումնասիրելը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը, տեղեկացված լինել ԼԳԲՏ հարցերի մասին և իմաստավորել հպարտության ամսվա խորհուրդը։