Իլգա-Եվրոպայի ծիածան քարտեզը
2021 թվականի մայիսի 17-ին Իլգա-Եվրոպան հրապարակեց ամենամյա «Ծիածան Եվրոպայի քարտեզը և ինդեքսը»՝ գնահատելով եվրոպական 49 երկրներում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ կիրառվող իրավական և քաղաքական գործընթացները: Ծիածան քարտեզը դասակարգում է եվրոպական բոլոր 49 երկրները՝ 0%-ից (մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն) մինչև 100% (մարդու իրավունքների պաշտպանություն, լիարժեք հավասարություն) սանդղակով: Այս տարի Հայաստանը հերթական անգամ զբաղեցրել է 47-րդ տեղը (8%), ինչը չի փոփոխվել անցած տարվա գնահատականի համեմատ:
Նշենք նաև, որ 2020 թ.-ին Փինքը փաստագրել է խտրականության 41 դեպք` հիմնված սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության (ՍԿԳԻ) և արտահայտման կան սեռի հատկանիշի վրա, որոնցից 21 տուժող իրենց դեպքերի մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Դրանցից ոմանք մերժվել են, իսկ մյուս դեպքերի ընթացքն արդյունավետ կերպով չի կազմակերպվել: Բացի այդ, Հայաստանի երրորդ Համընդհանուր պարբերական դիտարկումը (ՀՊԴ) տեղի ունեցավ 2020 թ.-ի հունվարին: Քաղաքացիական հասարակությունն ընդգծեց, որ Հայաստանը ձախողել է կատարել խտրականության դեմ և ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ համապարփակ օրենսդրություն ընդունելու մասին ՀՊԴ-ի նախորդ առաջարկները:
Իլգա-Եվրոպան դասակարգում է երկրները՝ ուսումնասիրելով այն օրենքներն ու քաղաքականությունները, որոնք անմիջական ազդեցություն ունեն ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վրա՝ ըստ վեց դասակարգումների։ Դրանք են՝ հավասարություն և խտրականության բացառում, ընտանիք, ատելության հիմքով հանցագործություն և ատելության խոսք, գենդերի իրավական ճանաչում և ֆիզիկական ամբողջականություն, քաղաքացիական հասարակության տարածք, ապաստան:
Միակ երկու երկրները, որոնք Հայաստանից ցածր տեղ են զբաղեցնում, Ադրբեջանն է (2%) և Թուրքիան (4%): Ռուսաստանը ավելի բարձր միավոր է ստացել՝ 10%, իսկ Վրաստանը՝ 27%: Վրաստանի միավորը նվազել է հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների պատճառով: Մալթան կրկին դասվել է առաջին տեղում `ընդհանուր 94% գնահատականով, որին հաջորդում են Բելգիան (74%), Լյուքսեմբուրգը (72%) և Պորտուգալիան (68%):
Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավիճակը բարելավելու համար Իլգա-Եվրոպան ներկայացրել է առաջարկներ.
- Ընդունել ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի մասին օրենքներ, որոնք բացահայտորեն ընդգրկում են ՍԿԳԻ-ն, ինչպես նաև գենդերային արտահայտումը և սեռի հատկանիշը որպես կատարված կողմնակալ վերաբերմունք ունեցող հանցագործությունների հիմքեր:
- Աշխատանքային հարաբերություններում խտրականության և խտրականությունն արգելող օրենսդրության մեջ հատուկ ներառել ՍԿԳԻ-ն, գենդերային արտահայտումն ու սեռի հատկանիշը որպես հիմքեր:
- Մշակել արդար, թափանցիկ իրավական դաշտ` գենդերի իրավական ճանաչման համար, որը հիմնված է ինքնորոշման գործընթացի վրա` բացառելով չարաշահող պահանջները: