ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել բռնության

24-01-2020

ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակությունում առկա խտրական վերաբերմունքը ստիպում է նրանց թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը (ՍԿԳԻ) անգամ ընտանիքի անդամներից․ նրանք մտավախություն են ունենում, որ իրենց ՍԿԳԻ բացահայտումը ընտանիքի անդամների առջև կարող է հանգեցնել հոգեբանական և ֆիզիկական ճնշումների։ 2020թ․ հունվարի առաջին կեսին արդեն արձանագրվել է ԼԳԲՏ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության 2 դեպք․

1. նույնասեռական անչափահաս տղամարդու ընտանիքի անդամները՝ մայրը, տատը, քեռին, տեղեկանալով նրա նույնասեռության մասին, զրկել են նրան կապի միջոցներից՝ հեռախոսից, համակարգչից, թույլ չեն տվել տնից միայնակ դուրս գալ, հսկողություն են իրակացրել նրա գործողությունների նկատմամբ։ Պահանջել են դադարեցնել նույնասեռ հարաբերությունները, սպառնացել են այլապես դիմել ոստիկանությանը՝ նրա զուգընկերոջ նկատմամբ քրեական հետպնդում իրականացնելու համար՝ անչափահասին ենթադրյալ սեռական բռնության ենթարկելու համար,

2. բիսեքսուալ կնոջ ընտանիքի անդամները՝ մայրը և եղբայրները, տեղեկանալով նրա նույնասեռ հարաբերությունների մասին, պահանջել են դադարեցնել կամ հեռանալ տնից այն պարագայում, երբ տուժողը չէր աշխատում և չէր կարող հոգալ իր կարիքները։ Պահանջներն ուղեկցվել են վիճաբանությամբ և նրա սեռական կողմնորոշման վերաբերյալ վիրավորական արտահայտություններով։

Երկու դեպքում էլ տուժողները գերադասել են չդիմել իրավապահ մարմիններին՝ չցանկանալով բողոք ներկայացնել ընտանիքի անդամների դեմ և իրենց նկատմամբ բռնությունը աննշան համարելով։ Պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ ընտանեկան բռնության դեպքերը քննվում են, եթե տուժողը նման բողոք է ներկայացնում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը չի կարող անձամբ բողոք ներկայացնել իր անօգնական վիճակի կամ բռնարարից կախվածության մեջ լինելու պատճառով, ինչպես նաև եթե բռնությունը պարունակում է այլ հանցակազմ, որը քննվում է ընդհանուր կարգով, այսինքն դրա համար պարտադիր չէ տուժողի բողոքի առկայությունը։

Սա հանգեցնում է նրան, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ՍԿԳԻ հիմքով ընտանիքում բռնությունները մնում են չբացահայտված, չի արձանագրվում դրանց իրական թիվը, ինչը հնարավորություն չի տալիս մշակել բռնության նվազեցման արդյունավետ մեխանիզմներ։ Մյուս կողմից՝ բռնություն գործադրող անձանց մոտ առաջանում է անպատժելիության զգացում, ինչը բարձրացնում է բռնությունը կրկնվելու ռիսկը։

Արձանագրվել է անձնական գաղտնիքի բացահայտման 1 դեպք։ Նույնասեռական անձի գործատուն, տեղեկանալով անձի նույնասեռ հարաբերություններին մասին, այդ մասին հայտնել է կազմակերպության այլ աշխատակիցների, որոնք սկսել են դրա վերաբերյալ ակնարկներ անել՝ օգտագործելով վիրավորական արտահայտություններ։ Դեպքի վերաբերյալ դիմում է ներկայացվել ոստիկանությանը, գործը գտնվում է նախնական քննության փուլում։

Մեկ այլ դեպքում հանցավորը սոցիալական կայքում կեղծ էջի միջոցով ծանոթացել է տուժողի՝ նույնասեռական տղամարդու հետ, ներկայացել որպես նույնասեռական և պայմանավորվել հանդիպել՝ իրենց սեռականությունը քննարկելու համար։ Տուժողը երեկոյան ժամին մոտեցել է հանդիպման վայրին, տեսել, որ այնտեղ ոչ ոք չկա, և իր ուղղությամբ ավտոմեքենաներ են շարժվում, ավտոմեքնենարում գտնվող անձանց ձեռքերին նկատել է մահակներ, նրանցից մեկի ձեռքին՝ կաստետ։ Տուժողը լսել է խոսակցություններ, որ «դրան» պետք է տանել, փորձել է հեռանալ այդ տարածքից, իր հետևից լսել է ծիծաղ։ Տուժողը էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել հանցավորին՝ ասելով, որ կդիմի ոստիկանություն, ինչից հետո հանցավորը ապաակտիվացրել է իր էջը, իսկ մեքենաները հեռացել են այդ տարածքից։ Տուժողը չի ցանկացել դիմում ներկայացնել իրավապահ մարմիններին։