Լրամփոփ | նոյեմբեր 2023

12-12-2023

«Տոկունության ձայներ» ցուցահանդես

Փինքը Կանանց հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր Քվիր ցուցահանդես Երևանում՝ «Տոկունության ձայներ» խորագրով։ Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներն արտացոլում էին կանանց, քվիր և ինտերսեքս անձանց ապրումները, մտորումները, ինքնաարտահայտումը արվեստի միջոցով։

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին՝ որպես Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկ։

Ամենամյա Ծիածան Ֆորում․ «Հայացք դեպի ներս»

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած 8-րդ ամենամյա Ծիածան Ֆորումը։ Եռօրյա ֆորումին մասնակցել է շուրջ 155 մարդ, այդ թվում՝ ԼԳԲՏ+ անձինք, նրանց ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ, առողջապահության ոլորտի մասնագետներ և այլոք։

Ծիածան ֆորումը ոչ միայն ամրապնդեց ԼԳԲՏ+ շարժումը, այլև հարթակ ստեղծեց տարբեր հեռանկարների համար: Ֆորումը նաև տարածք հանդիսացավ՝ խթանելու փոխըմբռնումը, ապրումակցումը և փոխադարձ աջակցությունը մեր հասարակությունում։

Միասին կարո՛ղ ենք կանխել բռնությունը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որի անդամն է նաև Փինքը, Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը մեկնարկեց մոմավառությամբ։ Նոյեմբերի 25-ի երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքված ակտիվիստները և համախոհները՝ կոալիցիայի անդամների հետ միասին, վառեցին մոմեր և դրանց շուրջ կանգնեցին պաստառներով՝ կոչ անելով միավորվել ընդդեմ բռնության, չլինել անտարբեր և հակազդել բռնությանը, քանի որ գենդերային բռնությունը վերաբերում է յուրաքանչյուրիս։ Միջոցառումը կրում էր «Միասին կարո՛ղ ենք կանխել բռնությունը» խորագիրը։

ԼԳԲՏ+ սոցիալական հիմնախնդիրները կինոյի և ճարտարապետության միջոցով

ԼԳԲՏ+ համայնքի առջև ծառացած սոցիալական մարտահրավերների մասին բարձրաձայնելուն ուղղված բեկումնային համագործակցության շրջանակներում Փինքը և Կոպենհագենի ճարտարապետական փառատոնը հանդես են գալիս նորարարական նախաձեռնությամբ: Այս նախագիծը նպատակ ունի բացահայտելու հաճախ անտեսված պատմությունները և հազվադեպ լսվող ձայները:

Նախագիծը մեկնարկեց հանրային դասախոսությունների շարքով՝ շեշտադրելով քվիր ինքնությունն ու ուրբանիզմի փոխազդեցությունը, թե ինչպես են քաղաքային միջավայրերը ձևավորում և ազդում քվիր ինքնությունների վրա:

Նախագծի մյուս կարևոր հատվածն է հանդիսանում կրթաթոշակը, որը կտրամադրվի հինգ անհատների՝ մասնակցելու աշխատարաններին ու կարճամետրաժ ֆիլմեր ստեղծելու համար: Այս ֆիլմերը կծառայեն որպես վիզուալ պատմություն՝ լույս սփռելով երկրում տարածված սոցիալական խնդիրների վրա, որոնք փոխկապակցված են քվիր ինքնության հետ: Ֆիլմերի հանրային ցուցադրություններ կկազմակերպվեն Երևանում, այնուհետև Թբիլիսիում և Կոպենհագենում։