Լրամփոփ | Օգոստոս 2023
Օգոստոսին տեղի ունեցավ Փինքի կիսամյակային պլանավորումը
2023 թ․ օգոստոսի 7-ից 10-ը տեղի ունեցավ Փինքի կիսամյակային պլանավորումը՝ երևանյան և մարզային գրասենյակների աշխատակիցների մասնակցությամբ։
Պլանավորման ընթացքում Փինքի աշխատակազմի կողմից քննարկվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող արդիական հարցերը։ Փինքի աշխատակազմը մասնավորապես անդրադարձավ կազմակերպության այն բոլոր աշխատանքներին և գործողություններին, որոնք իրականացվել են մինչև հունիս ամիսը ներառյալ, որից հետո պլանավորվեցին մինչև տարվա վերջ իրականացվելիք ծրագրային գործողությունները։
Կիսամյակային պլանավորման ժամանակ մասնավորապես քննարկվեց ԼԳԲՏ համայնքի ներուժի զարգացմանն ուղղված սոցիալական և մշակութային միջոցառումները շարունակելու կարիքը, անդրադարձ կատարվեց մինչև տարվա վերջ սպասվող միջազգային հանդիպումներին և կազմակերպության աշխատակիցների ներգրավմանը դրանց մեջ, քննարկվեցին նաև իրավիճակային ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված հետագա գործողությունները։
Մեզ հետևելով կարող եք տեղեկանալ կազմակերպության հետագա գործունեության և միջոցառումների մասին։
Գերմանիայում տեղի ունեցավ «Take up Space» փոխանակման ծրագիրը
2023 թ․ օգոստոսի 13-ից 23-ը Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում տեղի ունեցավ «Take up Space» ֆեմինիստական փոխանակման ծրագիրը, որին Հայաստանից մասնակցեցին 5 երիտասարդ։
Փոխանակման ծրագիրը նվիրված էր տարբեր երկրներում քվիր-ֆեմինիստական արվեստի զարգացմանը և ինտերսեկցիոնալությանը և միտված էր աջակցելու քվիր անձանց՝ նրանց տարածք տրամադրելով ինքնարտահայտվելու, քանի որ հայրիշխանական համակարգում քվիր անձինք է՛լ ավելի խոցելի են։ Այս տարածքը տրամադրելու գլխավոր նպատակն էր քվիր անձանց համախմբել մի ապահով վայրում, որտեղ նրանք չէին քննադատվի կամ նրանց նկատմամբ չէր կիրառվի որևէ ոտնձգություն կամ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում։
Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան նորարարական տեխնոլոգիաների և դասընթացների միջոցով խորացնել իրենց գիտելիքները ֆեմինիստական և ԼԳԲՏ շարժման հզորացման վերաբերյալ։ Տեղի ունեցավ նաև ցուցահանդես ֆեմինիզմի թեմայով, որին օնլայն հարթակներով կարողացան միանալ նաև տարբեր համագործակցող կազմակերպություններ կամ ֆեմինիզմով հետաքրքրված ակտիվիստներ։ Ցուցահանդեսի նպատակն էր արվեստը բոլոր մարդկանց հասանելի դարձնելը՝ անկախ անձանց սոցիալական դիրքից կամ կարիերայից։
Փինքը շարունակում է փոխանակման ծրագրերի իմպլեմենտացումը։ Հետևեք մեր սոցիալական հարթակներին՝ հետագա ծրագրերի մասին տեղեկանալու համար։
Երևանում սպանել են տրանս կնոջը և հրկիզել նրա բնակարանը
2023 թ․ օգոստոսի 20-ին Երևանում դաժանաբար սպանվել է 28-ամյա տրանսգենդեր կինը, իսկ նրա բնակարանը հրկիզվել է։ Նա նախկինում հայտնել էր ընկերներին, որ իրեն հետապնդում են: Դատաբժշկի եզրահանգմամբ՝ նրան դանակահարել են և հանցագործության հետքերը կոծկելու նպատակով հրկիզել են բնակարանը: Դեպքը մտահոգություններ է առաջացնում Հայաստանում տրանսգենդեր անձանց անվտանգության և բարեկեցության վերաբերյալ։ Ամեն տարի տեղի են ունենում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ծանր հանցագործություններ, իսկ դրանց ոչ պատշաճ քննությունը հանգեցնում է էլ ավելի ծանր դեպքերի` ընդհուպ մինչև կյանքի իրավունքի խախտման։
Ոստիկանությունը օգոստոսի 21-ին հայ-վրացական սահմանին հայտնաբերել և ձերբակալել է տրանս կնոջ սպանության մեջ կասկածվող 26-ամյա տղամարդուն։
Սպանության այս դաժան դեպքից հետո սոցիալական ցանցերում տարածվեց ատելության խոսքի մեծ ալիք․ մարդկանց մեծամասնությունը արդարացնում էր հանցագործին և գտնում, որ հենց այդպես էլ պետք էր վարվել տրանս անձի հետ։ Փաստորեն, բացի նրանից, որ խտրականության հիմքով տեղի են ունենում նման հանցագործություններ, հանրությունը նույնպես ատելության խոսք է տարածում տրանս անձանց նկատմամբ, ինչն ավելի է վատթարացնում երկրում տրանս անձանց նկատմամբ նախատրամադրվածությունը և վտանգի տակ է դնում նրանց կյանքը։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է ատելության հիմքով կատարված հանցագործությունների ճիշտ որակման և հասցեավորման կարևորությունը: Կարևոր է, որ հասարակությունն ընդունի բոլոր քաղաքացիների բազմազանությունը և պաշտպանի բոլոր անհատների իրավունքները՝ անկախ նրանց գենդերային ինքնությունից կամ սեռական կողմնորոշումից:
Մոտենում է «Ծիածան» ֆորումը
Փինքը սիրով տեղեկացնում է, որ այս տարի անցկացվելու է 8-րդ «Ծիածան» ֆորումը, որը տեղի կունենա Երևանում՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը։
Միջոցառման նպատակն է քննարկել ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրները և քայլեր ձեռնարկել ԼԳԲՏ+ շարժման զարգացման համար։ Այս տարվա ֆորումի խորագիրն է «Հայացք դեպի ներս»։ 2023 թ․ ֆորումի ժամանակ քննարկելու ենք ինչպես ԼԳԲՏ+ շարժման հանրային տեսանելիությունը, այնպես էլ հայացք ենք ուղղելու դեպի ներս՝ վերհանելու ներքին խնդիրները և փորձելու ենք լուծումներ գտնել շարժման զորեղացման և կայունության համար։ Ֆորումը նաև անդրադարձ է կատարելու ԼԳԲՏ+ անձանց համար կարևոր և հրատապ հարցերի, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական ոտնձգությունը, գենդերային հիմքով խտրականությունը և այլն։ Ֆորումի ընթացքում տեղի կունենան նաև տարբեր տեղեկատվական ու ժամանցային միջոցառումներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել գրասենյակ՝ 060-377277 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին: