Խտրականությամբ զուգորդված իրավախախտումների կիսամյակային ամփոփում

25-01-2020

Ինչպես նշել էինք նախորդիվ, 2019թ․ 1-ին կիսամյակում արձանագրվել էր խտրականությամբ զուգորդված 24 իրավախախտում։ 2019թ․ 2-րդ կիսամյակում՝ հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում, արձանագրվել է ևս 13 իրավախախտում։

Արձանագրվել է ընտանեկան բռնության 2 դեպք։ Տուժողների ընտանքի անդամները, տեղեկանալով անձանց սեռականության մասին, նրանց փակի տակ են պահել, զրկել կապի միջոցներից։ Տուժողներից մեկի մայրը կազմակերպել է նրա առևանգումը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն ընտանեկան բռնությունը քննության առարկա չի դարձվել։ Մյուս տուժողը չի ցանկացել դիմել իրավապահ մարմիններին։

Արձանագրվել են աշխատանքային ոլորտում ԼԳԲՏ անձանց իրավախախտումներ։ Պետական մարմիններից մեկի ղեկավարը իր մոտ է կանչել նույնասեռական տղամարդուն և հայտնել, որ նրա գործընկերները չեն ուզում աշխատել նրա հետ՝ կապված նրա սեռական կողմնորոշման հետ, ուստի լավ կլինի, որ անձը իր դիմումի համաձայն լուծի աշխատանքային պայմանագիրը։ Դիմողը, չցանկանալով վատ հարաբերություններ ունենալ իր գործընկերների հետ, աշախատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Դիմողը հետագայում չի ցանակացել դատական կարգով վերականգնել իր իրավունքը։

Արձանագրվել է անձանց գենդերային ինքնության և արտահայտման նկատմամբ խտրականությամբ զուգորդված ֆիզիկական բռնության 3 դեպք, անձանց պատիվը, արժանապատվությունը վիրավորելու, անձնական կյանքի գաղտնիքը բացահայտելու, շորթման դեպքեր։

Դեպքերից 6-ով խտրականության թիրախ են դարձել տրանսգենդեր կանայք։

7 դեպքով դիմում է ներկայացվել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն իրավախախտներին պատժելու ուղղությամբ։ Ներկայացված դիմումներից 4-ին ընթացք չի տրվել․ մերժվել է քրեական գործի հարուցումը կամ կարճվել է վարույթը։ Գործերից մեկը գտնվում է դատական քննության փուլում, իսկ 2-ով ընթանում է նախաքննություն։ Հատկանշական է, որ որևէ դեպքով քննության առարկա չի դարձվում հանցագործությունը՝ տուժողների սեռականության հիմքով ատելությամբ կամ բացասական վերաբերմունքով զուգորդված լինելը։ Դա հետևանքն է նրա, որ ՀՀ-ում առկա չէ խտրականության արգելման համապարփակ օրենք, բացի այդ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես խտրականությունից պաշտպանվող հիմք օրենսդրորեն ուղղակիորեն նախատեսված չէ։