Կազմակերպության կարողությունների զարգացում անվտանգության ապահովման ոլորտում

06-09-2022

Հայտարարության հրապարակման սկիզբը՝ սեպտեմբերի 6, 2022 թ․

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 23, 2022 թ․

Հայտարարող կազմակերպություն՝ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փնտրում է տեղական կազմակերպություն կամ անհատ փորձագետներ՝ տրամադրելու վերապատրաստում և խորհրդատվական ծառայություններ Փինքին և գործընկեր այլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)։ Վերապատրաստումը և խորհրդատվական ծառայությունները պետք է ուղղված լինեն կազմակերպության և անդամների ամբողջական անվտանգության ապահովման հարցերին։ Կարող են ներառել ֆիզիկական անվտանգությունը, ռիսկերի գնահատում ու արձագանքումը, թվային անվտանգությունը և վեբ կայքերի ապահով աշխատանքը, համակցված անվտանգությունը և բարօրության ապահովումը։

Վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը նախատեսվում է 2022թ․ նոյեմբերից 2023թ․ հունիս ամիսների ընթացքում: Ծառայության համար նախատեսվող բյուջեն կարող է առաջարկել դիմող կազմակերպությունը կամ փորձագետը՝ գնահատելով նշված ժամանակահատվածում անհրաժեշտ և հնարավոր գործողությունները։

Հայտերի հետ կապված ցանկացած հարց կարող եք ուղարկել տվյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], նամակի առարկան նշելով՝ «Խորհրդատվական ծառայություն․ հարց, կազմակերպության կամ փորձագետի անունը»։

Կազմակերպության մասին

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս) համայնքահեն ու իրավապաշտպան կազմակերպություն է։ Իր գործունեությունն ուղղված է ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանը հետևյալ երեք հիմնական ուղղություններով՝

  1. անմիջական աջակցության տրամադրում ԼԳԲՏ անձանց և նրանց հարազատներին,
  2. հասարակության վերաբերմունքի շարունակական ուսումնասիրությունների և գործողությունների իրականացում, որոնք կարող ենք բերել դիրքորոշումների որոշակի փոփոխությանը,
  3. ջատագովություն, որը իր մեջ ներառում է ԼԳԲՏԻ անձանց խնդիրների լուծման ջատագովություն, ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության և ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանության ջատագովություն խտրականության և անհանդուրժողականության նվազեցմանն ուղղված գործողություններ, զեկույցների պատրաստում և տրամադրում տեղական ու միջազգային կազմակերպություններին և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Փինքը խրախուսում և խթանում է հավասարության, խոցելի խմբերի ընդունման գաղափարները՝ հաստատելով մշակութային զգայունության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջավայր։

Գործընկերների մասին

Փինքը համագործակցում է մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հետ, որոնց գործունեության ոլորտը հատվում է կազմակերպության գաղափարների հետ։ Դրանք մարդու իրավունքների բնագավառում գործող և խոցելի խմբերին աջակցություն տրամադրող կազմակերպություններ են, որոնք զբաղվում են հետազոտությունների համակարգմամբ և իրականացմամբ, որոնք ուղղված են հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, իրավական պաշտպանվածության ընկալումների բարելավմանը, իրավապաշտպանների պաշտպանվածությանը, կանանց աջակցությանն ու պաշտպանությանը, ԶԼՄ-ներում մարդու իրավունքների լուսաբանմանը, բնապահպանական բարեփոխումներին և այլն։

Ծառայության նկարագրություն

Ծառայություն մատուցող կազմակերպությունից կամ փորձագետից ակնկալվում է հետևյալ գործողությունների իրականացումը․

  • Խորհրդատվական հանդիպումների անցկացում կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
  • Վերապատրաստման դասընթացների անցկացում
  • Անհատական խորհրդատվությունների իրականացում
  • Թվային աուդիտի խորության որոշում և խնդիրների կարգավորում
  • Վերհանված կարիքներից բխող այլ գործողությունների իրականացում
  • Կարիքների և վերապատրաստման գործողությունների ամփոփման հաշվետվության ներկայացում։

Ծառայությունը պետք է ներառի Փինքի և գործընկեր այլ կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացում հետևյալ ոլորտներում՝

  • Անվտանգություն, ռիսկերի գնահատում և կառավարում
  • Թվային անվտանգություն
  • Համակցված անվտանգություն և բարօրության պահպանում

Մշտադիտարկում և գնահատում

Փինքն ակնկալում է ընտրված կազմակերպությունից (կոնսորցիումից) ներկայացնել մատուցվող ծառայությունների մշտադիտարկման ու գնահատման մեխանիզմները, որոնք կներառեն արդյունքների գնահատման հստակ չափանիշները, իրականացվող գործողությունների ընթացիկ վերահսկման և արդյունքների գնահատման մեխանիզմները։

Գործունեության սկզբունքներ

Դիմող կազմակերպությունից կամ փորձագետից ակնկալվում է կիսել և իր կողմից իրականացվող գործողություններով ուղղորդվել Փինքի արժեքներով՝ բազմազանություն, հավասարություն, ապահովություն և առանցքային առաջնահերթություն սահմանել հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Հաշվի առնելով ԼԳԲՏ մարդկանց և նրանց խնդիրների զգայունությունը՝ կազմակերպությունները և անհատ մասնագետները պետք է ցուցաբերեն իրենց պատրաստակամությունը աշխատել բացառելով խտրականության ցանկացած դրսևորում, և առաջնորդվել «Մի՛ վնասիր» քաղաքականությամբ (ինչը ենթադրում է կազմակերպության շահառուների և մասնակիցների անվտանգության և ապահովության երաշխավորումը)։

Խորհրդատվական կազմակերպության և մասնագետների որակավորումներ

Կազմակերպության դեպքում դիմորդները պարտավոր են ներկայացնել աշխատանքային գործընթացներում ընդգրկվող աշխատանքային թիմի հիմնական անձնակազմի ինքնակենսագրականները և որակավորումները։ Անհատ-փորձագետների դեպքում կարևոր է ներկայացնել ինքնակենսագրականը՝ ոլորտային փորձի նկարագրությամբ։

Խորհրդատվական կազմակերպությունը կամ փորձագետները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝

  • Պարտավոր է ունենալ ոլորտային խորհրդատվական ծառայությունների մատուցման առնվազն երկու տարվա փորձ։
  • Կազմակերպությունը պետք է ունենա ՀՀ-ում ԼԳԲՏ անձանց կամ այլ խոցելի խմբերի իրավիճակի մասին պատկերացում և իրավիճակի բարելավման մեջ հետաքրքվածություն։

Հաշվետվություն

Ընտրված կազմակերպությունը կամ փորձագետը պատրաստելու և ներկայացնելու է իրականացվող աշխատանքների ամփոփիչ հաշվետվություն Գործողությունների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Ամփոփիչ հաշվետվությունը պետք է պարունակի իրականացված գործողությունների համապարփակ ամփոփումը, մշտադիտարկման և գնահատման արդյունքները, ինչպես նաև որպես հավելված ֆինանսական հաշվետվությունը կազմակերպության դեպքում։

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են հայտերն ուղարկել տվյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], նամակի առարկան նշելով՝ «Խորհրդատվական ծառայություն․ կազմակերպության կամ փորձագետի անունը»։ Հայտերը պետք է գրված լինեն հայերեն լեզվով օգտագործելով Arial Unicode, Cambria կամ Sylfaen տառատեսակները, գրել 10 կամ 11 տառաչափով, տողերի արանքում առնվազն 1.15 տարածքով, էջի կողքերից առնվազն 1սմ տարածք թողնել: Վերնագրեր գրել առնվազն 12-16 տառաչափով, մուգ տառերով, ենթավերնագրերի տառաչափը կարող է լինելը տեքստի տառաչափով կամ 1-3-ով մեծ, ինչպես նաև ընդգծված, թեք կամ մուգ:

Հայտերը իրենց մեջ պետք է պարունակեն՝

  • Խորհրդատվական ծառայության բովանդակային նկարագրությունը, որը կներառի կարիքների դուրս բերում ու ընկալումը, մշտադիտարկման և գնահատման նկարագրությունը,
  • Նախնական աշխատանքային պլանը՝ ժամանակացույցով,
  • Վերապատրաստման դասընթացների նախնական բովանդակությունը,
  • Կազմակերպության՝ նմանատիպ աշխատանքների այլ փորձառության համառոտ նկարագրություն, ներգրավված անձանց որակավորումները և ինքնակենսագրականները,
  • Ֆինանսական առաջարկը, որը իր մեջ պարունակում է մասնագետների հոնորարները և բոլոր այն ծախսերը, որոնք առնչվում են սույն ծառայության տրամադրմանը։ Ոչ մի հավելյալ ծախս, որը սահմանված չէ Փինքի և ընտրված կազմակերպության կամ փորձագետի միջև կնքված պայմանագրով, չի տրամադրվելու նշված հանձնարարականը կատարելու համար։
  • ՀՀ-ի օրենսդրությամբ հանձնարարականի կատարման օրինական իրավունքը ունենալու ապացույցը՝ կազմակերպության դեպքում։

Թեկնածուների ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշների հիման վրա՝

  • Առաջարկվող խորհրդատվական ծառայության՝ ներառյալ աշխատանքային գործողությունների, դասընթացների և խորհրդատվության բովանդակության, ինչպես նաև կարիքների և գործողությունների գնահատման համապատասխանությունը կազմակերպության պահանջներին (6 միավոր),
  • Կազմակերպության կամ փորձագետի՝ նմանատիպ աշխատանքների այլ փորձառություն (2 միավոր),
  • Աշխատանքային թիմի անդամների կամ փորձագետի որակավորումները (2 միավոր),
  • Լավագույն ֆինանսական առաջարկը՝ հիմնված առաջարկվող ծառայությունների և գնի համապատասխանության վրա կդիտարկվի որպես առավելություն։

Փինքը ընտրությունը կատարելիս օգտագործելու է չափանիշների գնահատման 10 բալանոց սանդղակ, որը բաժանված է միավորների, որոնք տրվելու են այս կամ այն չափանիշին ըստ կարևորության։

Մրցույթի ընթացքում թեկնածուների անհամապատասխան լինելու դեպքում Փինքը իրեն իրավունք է վերապահում պայմանագիր չկնքել խորհրդատվական կազմակերպության կամ փորձագետի հետ։