Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հարցերով կոմիտեն Հայաստանին առաջարկել է ապահովել ԼԲՏ կանանց պաշտպանությունը
ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հարցերով կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) այս տարի իր 83-րդ շրջափուլի ընթացքում ուսումնասիրել է Հայաստանում կանանց իրավունքների իրադրությունը։ Պետության կողմից ներկայացված զեկույցի, ՄԱԿ-ի այլ կառույցների կողմից տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացրած տվյալների հիման վրա Կոմիտեն ամփոփել է իր դիտարկումները՝ պետությանը ներկայացնելով համապատասխան առաջարկներ։
Կոմիտեն անդրադարձել է լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս անձանց իրավունքների հարգման և պաշտպանության համակարգային խնդրին։ Ուշագրավ է, որ բացի խտրականության, հետապնդումների և ատելության խոսքի խնդրից, Կոմիտեն շեշտել է տրանսգենդեր անձանց սեռափոխության և գենդերի վերաբերյալ նշումի փոփոխության իրավունքի ապահովման հարցը։ Կոմիտեն, մասնավորապես, պետությանն առաջարկել է՝
- Միջոցներ ձեռնարկել պայքարելու լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր կանանց և ինտերսեքս անձանց նկատմամբ գենդերային բռնության դեմ, ներառյալ՝ ատելության խոսքի, ֆիզիկական, բանավոր և հուզական ոտնձգության դեմ՝ օրենսդրական կարգավորումների և քաղաքականության ընդունմամբ։
- Պաշտպանել լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր կանանց և ինտերսեքս անձանց իրավունքները Կոնվենցիայով պաշտպանված ոլորտներում և իրականացնել իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողություններ՝ հասցեավորելով խարանը հասարակության շրջանում։
- Ապահովել տրանսգենդեր անձանց, ներառյալ՝ կանանց՝ իրենց գենդերի վերաբերյալ նշումն անձնագրում և անձը հաստատող այլ փաստաթղթերում փոխելու իրավունքը։
- Ապահովել, որպեսզի լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր կանայք կարողանան ազատորեն մասնակցել քաղաքական և հանրային կյանքին՝ իրացնելով իրենց հավաքների ազատության իրավունքը առանց ահաբեկման և հաշվեհարդարի։
Չնայած նրան, որ տրանսգենդեր անձանց գենդերի իրավական ճանաչման հարցը բխում է մարդու մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքներից, էական է Կոմիտեի կողմից պետությանը ուղղակիորեն ներկայացված առաջարկի առկայությունը, որի կատարման վերաբերյալ պետությունը պետք է տեղեկատվություն ներկայացնի զեկուցման հաջորդ շրջափուլի ընթացքում։ Հարկ է նշել, որ ԼԲՏ կանանց նկատմամբ խտրականության և բռնության տարբեր դրսևորումների մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն պետությունը ոչ օրենսդրական մակարդակում, ոչ էլ գործնականում դրանց որևէ լուծում չի տվել։ Իսկ սեռի վերաբերյալ նշումի փոփոխությունը անձը հաստատող փաստաթղթերում հնարավոր է միայն ամբողջական սեռափոխության վիրահատություններ անցնելուց հետո, ինչը չի բխում մարդու իրավունքերից և տրանսգենդեր անձանց պաշտպանության լավագույն փորձից։
Փինքը հետամուտ է լինելու, որպեսզի Կոմիտեի ներկայացրած առաջարկները պատշաճ ուշադրության արժանանան պետության կողմից մինչ Կոմիտեի դիտարկման հաջորդ շրջափուլը։