Հայաստանում հիմնադրվում է ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը

30-07-2020

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Նրա պատիվը, հիմնարար իրավունքները և ազատությունները պետք է պաշտպանվեն առանց որևէ խտրականության: Սա է յուրաքանչյուր անհատի արժանապատիվ կյանքի բանաձևը:

ԼԳԲՏ անձանց համար այս բանաձևին հասնելը ամենօրյա պայքար է դարձել:

Թե՛ միջազգային, թե՛ ներպետական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բազմիցս արձանագրվել է, որ ԼԳԲՏ անձինք հայաստանյան հասարակությունում ամենախտրականացված խումբն են: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) նկատմամբ ատելությամբ զուգորդված բազմաթիվ հանցագործություններ և այլ իրավախախտումներ են հայտնաբերվում յուրաքանչյուր տարի: ԼԳԲՏ անձինք խտրականության են բախվում իրենց ընտանիքում, նրանց մասին բացասաբար են արտահայտվում և նրանց հասցեին բռնության կոչեր են հնչեցվում երկրի ամենաբարձր ամբիոններից:

Չնայած իրենց նկատմամբ կատարվող ոտնձգությունների համատարած բնույթի՝ ԼԳԲՏ անձինք հակված չեն դիմելու իրավապահ մարմիններին՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով: Նրանք չեն վստահում ոստիկանության համակարգին, կարծում են, որ գործերի վարույթները անհարկի ձգձգվում են, և բռնարարները այդպես էլ չեն պատժվում: ԼԳԲՏ անձանց քրեական գործերը մեծամասամբ կարճվում են կամ քրեական գործ ընդհանրապես չի հարուցվում: Քրեական գործերի վարույթները կարող են ձգվել տարիներով: Այդ ընթացքում հանցագործությունից տուժած ԼԳԲՏ անձանց մի մասը, արդարադատությունից հուսախաբված, հրաժարվում է բողոքներից: Եվ միայն սակավաթիվ ԼԳԲՏ անհատներն են, որ որոշում են պայքարել իրենց իրավունքների համար՝ մնալով իրենց հայրենիքում: Իսկ մի մասն էլ, նույնիսկ երբ պարտադրված հեռանում են Հայաստանից՝ իրենց անվտանգությունը ապահովելու համար, միևնույն է շարունակում են պայքարել իրենց իրավունքների պաշտպանության համար։

Եվ մենք որոշել ենք հիմնադրել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը (ԼԳԲՏ+ ներառական եզր է սեռական բազմազանության բոլոր ինքնությունների համար): Հիմնադրելով այն՝ մենք ցանկանում ենք քաջալերել համայնքի բոլոր անհատներին հետևողական լինել իրենց իրավունքների իրականացման հարցում և պայքարել իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Այս գործընթացում իրենց կարևոր դերն ունեն նաև ԼԳԲՏ համայնքի համախոհները, ԼԳԲՏ անձանց ծնողները և արտերկրում ապրող ԼԳԲՏ սփյուռքը: Նրանք դժվարին պահերին հենարան են հանդիսանում ատելության հիմքով խտրականությունից տուժածների համար և հաճախ հենց նրանք են գոտեպնդում տուժածներին՝ պայքարելու իրենց իրավունքների համար:

Սկսելով այս գործընթացը այսօր՝ մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարում ապագայի իրավահավասարությունը կերտելու գործում: Կարևոր է նաև ցույց տալ, որ ԼԳԲՏ անձինք չեն պայքարում արտոնություններ ձեռք բերելու համար, այլ պայքարում են այլ անձանց հետ իրենց իրավունքները հավասարապես իրացնելու համար:

Որպես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օր է ընտրվել օգոստոսի 3-ը: 2018թ.-ի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում 9 երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստներ, բռնության են ենթարկվել ավելի քան 20 անձի կողմից՝ իրենց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով: Քրեական գործով վարույթը կարճվել է քննիչի որոշմամբ, սակայն հետագայում որոշումը վերացվել է դատարանի կողմից: Բռնությունից անցել է շուրջ 2 տարի, սակայն քննչական գործողությունները դեռևս չեն վերսկսվել, իսկ բռնություն գործադրած որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Տուժողները շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար նախաքննության մարմիններում և դատական տարբեր ատյաններում:

Այսուհետ յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի 3-ին, նշելու ենք ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը, որի շրջանակներում կազմակերպվելու են իրավահավասարության համար պայքարի կարևորությունն ընդգծող միջոցառումներ:

Այս տարի՝ օգոստոսի 3-ին, կհռչակենք ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը 1-ին անգամ: Դրա շրջանակներում կհրապարակվի տեսանյութ, որում կներկայացվի օրվա խորհուրդը: