Հայաստանում օտարերկրյա դեսպանատները նշում են ԼԳԲՏ մարդկանց օրը
Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մայիսի 17-ին հյուրընկալել էր Փինք Արմենիայի նախագահ Նվարդ Մարգարյանին և գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանին։
Նրանք մասնակցել են դեսպանատան շենքի վրա ԼԳԲՏ անձանց խորհրդանշող ծիածան դրոշի բարձրացմանը։
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան համերաշխություն է հայտնել աշխարհի ԼԳԲՏ անձանց՝ նշելով․
«ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները մարդու իրավունքներ են և մարդու իրավուքները ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներ են։ Մայիսի 17-ին Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն ամրագրում է մարդու իրավունքների ու բազմազանության նկատմամբ իր հանձնառությունը` վերահաստատելով բոլոր մարդկանց իրավունքների հավասարությունը և խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը: Մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք ամբողջ աշխարհում աշխատում են հանուն ԼԳԲՏԻ մարդկանց արժանապատիվ ու ազատ ապրելու հիմնարար իրավունքների: Այս առիթով, ի նշան վերոնշյալ օրվա` Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը բարձրացնում է ծիածան դրոշը»:
Օրվան է անդրադարձել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը՝ Ֆեյսբուքի էջում դնելով ծիածան դրոշի նկարը և տարածելով դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հայտարարությունը․
«Այսօր՝ մայիսի 17-ին նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Դաշնային կառավարությունն իր հետևողական ջանքերն է ներդնում ընդդեմ աշխարհում ԼԳԲՏԻ անձանց դեմ խտրականության: Մարդու իրավունքները ներառում են սեռական ազատ կողմնորոշման իրավունքը: Գերմանիայում լեսբիների, միասեռականների, երկսեռականների, տրանսսեռականների և ինտերսեռականների իրավահավասարության երկար և դժվարին գործընթաց է տեղի ունեցել: Ոչ միայն իրավականորեն է ապահովվել այս իրավահավասարությունը, այլ այն նաև հարստացրել է մեր հասարակությունը: Իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում հանդուրժողականությանն ու խտրականության բացառմանը»,- ասված է դեսպանի հայտարարությունում։
Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մայիսի 16-ին հանդիպել էր Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստների հետ, իսկ մայիսի 17-ին ուղերձ է հղել՝ կոչ անելով հարգել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները՝ ասելով․ «Ամենաուժեղ, ամենաանվտանգ և ամենաբարեկեցիկ հասարակությունները նրանք են, որոնցում բոլոր քաղաքացիները կարող են ապրել ազատ, առանց բռնության կամ խտրականության վախի, և որում բոլոր քաղաքացիները, ներառյալ ԼԳԲՏ անձինք, կարող են լիարժեք և ակտիվ դեր ունենալ հասարակության մեջ։ Յուրաքանչյուր անձ պետք է ունենա հավասար հնարավորություն կյանքում։ Ոչ ոք չպետք է առերեսվի խտրականության անարդար օրենքների, քաղաքականության և գործունեության արդյունքում։ Ոչ ոք չպետք է ենթարկվի խտրականության հիմքով ատելության խոսքերի, բռնության կամ ոտնձգության։ Փոքրամասնություն կազմող խմբերի ներկայացուցիչները պետք է ունենան հավասար հնարավորություններ քաղաքական և հասարակական կյանքում մասնակցություն ունենալու համար, այդ թվում ` առաջնորդող և ազդեցիկ պաշտոններում»։
ԱՄՆ դեսպանատունը ևս միացել է՝ Ֆեյսբուքի էջի հետնանկարում դնելով ծիածան դրոշի նկարը։