Հայտարարություն Արտակ Զեյնալյանի անվան շուրջ տարածված «ստի» վերաբերյալ
Հուլիսի 11-ին Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքել է Ֆեյսբուքի «Հանրային հարթակ Թումասյանի հետ» էջում արված հետևյալ գրառմանը. «Տարածեք և միացեք մեր նախաձեռնությանը. Կոչ համայն հայությանը. Միացեք և ազգովի կանգնեցնենք Հայաստանում գոմիկների օրինականացմանը», որի ներքևի հատվածում տեղադրված էր լուսանկար՝ «ՏԱՐԱԾԵԼ. Շտապ, Զեյնալյանը ցանկանում է օրինականացնել գոմիկներին Հայաստանում. Միացեք մեր պայքարին, մերժենք նախաձեռնությունը» գրությամբ։
Զեյնալյանը, անդրադառնալով վերը նշվածին, հայտնել է. «Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ոչ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել։
Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»։ Մեկ օր անց, միայն, գրառման մեջ ավելացրել է. «Մեկնաբանություններում հայտնված բոլոր ոչ կոռեկտ, անպարկեշտ, խտրականություն և ատելություն պարունակող գրառումները կջնջվեն: Անչափ շնորհակալ եմ»։
Արտակ Զեյնալյանը, նախկինում զբաղվելով իրավապաշտպան գործունեությամբ, ջանքեր է գործադրել երկրում խտրականության բացառման ուղղությամբ և աջակցել է ցանկացած տեսակի խտրականության դեմ օրենսդրության կայացմանը։ Ավելին, խտրականությունն արգելող օրենքի ընդունումը եղել է պարոն Զեյնալյանի 2016թ․ ամանորյա ցանկությունն ու մաղթանքը։
Շտապելով հայտնել, որ վերոնշյալ լուրերը սուտ են՝ Արտակ Զեյնալյանը չի անդրադարձել գրառման բովանդակության անհեթեթ, վիրավորական և խտրական բնույթին։ Ավելին.
- ՀՀ-ը նույնասեռականության օրինականացման խնդիր չունի։ Ավելի քան տասնհինգ տարի է, ինչ Հայաստանում նույնասեռ հարաբերությունները քրեորեն պատժելի չեն։
- Գրառումը պարունակում է վիրավորական, խտրական արտահայտություններ, ինչն անընդունելի է ինչպես ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների, այնպես էլ Արտակ Զեյնալյանի տեսանկյունից (ինչպես կարելի է ենթադրել իր գրառման մեջ մեկ օր անց ավելացված հատվածից), ինչին, կարծում ենք, որ լավ կլիներ, որ Զեյնալյանն անդրադառնար «հերքման» տեքստում։
- Հարկ է նշել նաև, որ թեև նոր քրեական օրենսգրքի նախագիծն Արտակ Զեյնալյանի նախաձեռնությունը չէ և շրջանառության մեջ է դրվել 2017թ, այն այժմ գտնվում է լրամշակման փուլում։ Դրանում սեռական կողմնորոշման հիմքով խտրականության քրեականացումը բխում է Հայաստանում մարդու իրավունքների ապահով իրացման առաջնահերթություններից, ինչպես նաև ՀՀ ստանձնած պարտավորություններից և միջազգային հանձնարարականներից։
Կոչ ենք անում Արտակ Զեյնալյանին դեմ չգնալ իր սկզբունքներին և պատշաճ արձագանքել խտրականություն ու ատելություն սերմանող նյութերին՝ չմոռանալով, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք է մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները, և դրանք պետք է լինեն բոլոր պետական պաշտոնյաների քաղաքական առաջնահերթությունները։