Հայտարարություն ԼԳԲՏ-թեմատիկ պաստառների ապամոնտաժման վերաբերյալ

30-05-2017

Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի պատվերով` 24.05.2017թ. կնքված պայմանագրի հիման վրա, հրապարավել են ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ։ Պաստառներից մեկում պատկերված է երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող անձանց գրկախառնություն, որտեղ գրված է. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»: Մյուս պաստառը տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կոլաժ է ու գրված է. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»: Եվ երրորդում պատկերված են երեք ձեռքեր, իսկ պաստառին գրված է. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»: Պայմանագրի համաձայն դրանք պետք է գովազդային վահանակների վրա պահպանվեին մինչև 2017 թվականի հունիսի 24-ը:

Պաստառների հրապարակումից 2 օր անց՝ մայիսի 27-ին, պաստառները հեռացվել են  գովազդները տեղադրող կազմակերպության կողմից` առանց պատվիրատուին` այսինքն մեզ տեղյակ պահելու։ Պաստառների հեռացումից մի քանի ժամ անց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ գրառումը. «Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել է 3 գովազդային պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ… անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հայտնում է, հրապարակված պաստառները Հայաստանի հանրապետության որևէ օրենքով արգելված բովանդակություն կամ այլ նշում չեն պարունակել: Պաստառների տեղադրումն իրականացվել է Հայաստանում առկա պրակտիկային համապատասխան` շուկայում գովազդների տեղադրման ոլորտում մեծ փորձ ունեցող կազմակերպության միջոցով:

Երևանի քաղաքապետարանի գործունեություն գնահատում ենք որպես կամայականություն, որով վերջինս ոտնահարել է կազմակերպության և ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքը, դրսևորել է խտրական վերաբերմունք` պայմանավորված պաստառների բովանդակությամբ: Այսպիսով քաղաքապետարանը նպաստել է Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության հետագա առավել վտանգավոր դրսևորումներին:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան` պաստառների հեռացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու, դրա հիմքում դրված որոշման (եթե այդպիսի առկա է) իրավաչափությունը վիճարկելու և նշյալ պաստառները վերականգնելու նպատակով: