«Հանուն սիրո երկու տարի նստեցի»

28-09-2018

Women in prison իրավապաշտպան նախագիծը հրապարակել է հոդված Հայաստանում «արվամոլության» համար դատապարտված Ռոբերտի մասին։ Ռոբերտն այժմ երջանիկ ապրում է իր ընկերոջ հետ, սակայն պատմում է, թե ինչպես էին 90-ականներին ոստիկանությունն ու հասարակությունը շանտաժ անում նույնասեռականներին՝ նրանց սեռական կողմնորոշումն օգտագործելով իրենց դեմ, ու ինչ բարքեր էին տիրում բատնում։

Անկախ Հայաստանին Խորհրդային միությունից փոխանցված 116-րդ հոդվածը հանվել է 2003թ, տասը տարի ավելի ուշ, քան Ռուսաստանում։ 1991թ սկսած այդ հոդվածով Հայաստանում դատապարտվել է 68 հոգի։

Ներկայացնում ենք  Women in prison –ի հոդվածի թարգմանությունը որոշ կրճատումներով։

Առաջին փորձ

Առաջին փորձս բավական շուտ է եղել։ Մեծ եղբորս ընկերոջ հետ էր դեռևս Խորհրդային միության ժամանակ, երբ հոմոսեքսուալ հարաբերության համար 5 տարով ազատազրկում էին։ Որոշ ժամանակ անց իմացա, որ «մերոնք» հանդիպում են Երևանի Օպերայի շենքում։ Այն ժամանակ ես երիտասարդ էի, գեղեցկադեմ, ու ծանոթություններն ինձ հեշտ էին տրվում։

Շանտաժի դեպքեր էլ են եղել։ Ասենք, մեքենա է մոտենում, դուռը բացվում է, վարորդը նայում է, գլխով անում, թե՝ նստի։ Մի քիչ հեռանալուց հետո ասում է․ «Հը, այ ****, գնա՞նք ոստիկանություն»։ Էդպիսի դեպք ինձ հետ երկու անգամ է պատահել, բայց հարթվել է։ Գիտեմ, որ այդպես մարդկանցից փող կամ թանկարժեք իրեր էին խլում։ Կարող էին նաև ծեծել։ Երբ մարդը ստիպված թաքուն կյանք է ապրում, քանի որ պետությունը հետապնդում է նրան, դա ճանապարհ է բացում հանցագործության համար։ Չէ, որ նա չի գնա ոստիկանություն՝ վախենալով ճնշումներից ու որ կբացահայտվի իր կողմնորոշումը։

Երբ Ռուսաստանում [նույնասեռականների նկատմամբ] քրեական հետապնդումը վերացրել էին, մեր 116-րդ հոդվածը՝ «արվամոլության» մասին, դեռ երկար ժամանակ գործում էր։ 90-ականներին գեյ ակումբներ քաղաքում չկային, ու մենք ընկերներով հավաքվում էինք բնակարաններում։ Սեղան էինք գցում ու շփվում էինք։ Այդ հանդիպումների ժամանակ դու կարող էիր լինել այնպիսին, ինչպիսին կաս, չթաքնվել ու գաղտնի չպահել ինքնությունդ։ Շատերը զույգերով էին գալիս, իսկ ոմանք ծանոթանում էին հենց այդտեղ։ Երբեմն գեյ էրոտիկ ֆիլմեր էինք դիտում, բայց գլխավորը շփումն էր։

Խանդոտ մատնիչն ու ոստիկանություն ընկնելը

Ամեն ինչ տեղի ունեցավ 1997թ․։ Մեզ մատնեց մի տղամարդ, որին թողել էր իր նախկինը։ Ու ինքը՝ խանդից դրդված, ուզում էր անախորժություններ ստեղծել նրա և նրա նոր զուգընկերոջ համար։ Զանգեց ոստիկանություն ու տվեց հասցեն։ Քիչ անց ներխուժեցին բնակարան ու մեզ ձերբակալեցին։ Բոլոր ներկաներից միայն երկուսիս էին դատում՝ ինձ ու զուգընկերոջս՝ Անտոնին։ Ոմանք կապեր ունեին, ու կարողացան գործը հարթել (այն ժամանակ դա արժեր 300 դոլար), իսկ բնակարանի տերը թաքուն գնաց Ռուսաստան։

Իմ իմանալով՝ ոստիկանությունը հաճախ էր շանտաժով փող պոկում տղամարդկանցից, որոնք նույնասեռ հարաբերություններ էին ունենում։ Գործը դատարան հասցնելու կարիք չկար․ փող պոկելու առաջադրանք կար նրանցից, որոնց պետությունը «օրենքից դուրս է» համարում։ Այն ժամանակ ես այդքան գումար չունեի, բացի դա կաշառք տալ սկզբունքորեն չէի ուզում։

Որպես ապացուցողական հիմք հետազոտել են հետանցքը

Մինչև դատը փորձաքննություն է եղել, որը բավական նվաստացուցիչ էր։ Կարճ ասած՝ մեր հետույքն էին ուսումնասիրում։ Հանձնաժողովում երկու հոգի էին՝ մի տղամարդ և մի կին։  Այնտեղ կար աթոռ, որը նման էր գինեկոլոգների աթոռներին, երբ կանանց են նայում, բայց հակառակ կողմից։ Մանրկրկիտ ուսումնասիրեցին մեր հետանցքները։ Անտոնի համար գրեցին՝ «պասիվ հոմոսեքսուալիստ», իսկ ինձ մոտ ներթափանցման ոչ մի հետք չկար, գրեցին՝ «ակտիվ»։ Այդ ժամանակ ես միայն ակտիվ դերում էի լինում։

Իմ զուգընկերոջը՝ Անտոնին, դատապարտեցին կես տարվա ազատազրկման։ Նա միայն պասիվ դերում էր լինում ու խոստովանել էր, որ «այլ կերպ չի կարող, դա իր հիվանդությունն է և միշտ այդպիսին է եղել»։ Խնդրեց, որ ազատ արձակեն իրեն։ Իսկ ինձ դատավորն ասաց, որ կպատժի ամբողջ խստությամբ․ «Ինչի՞ համար ես տենց անում, ախր դու տղամարդ ես, մենք գիտենք, որ կնոջ հետ էլ կարող ես լինել, բայց դրա փոխարեն օգտագործում ես այսպիսի անառողջ, բարոյապես թույլ տղաների»։

Այդ հոդվածով առավելագույն պատիժը վեց տարվա ազատազրկումն էր, եթե ծանրացնող հանգամանք էր լինում։ Բայց ինձ առաջին անգամ էին դատում։ Հետո Անտոնը ասել էր, որ նոր ենք ծանոթացել ու միայն մեկ անգամ ենք իրար հետ եղել։ Ես էլ այդպես ասացի, որ ինձ հյուր էին կանչել, այնտեղ ենք ծանոթացել։ Չհերքեցի, որ մտերմություն կար։ Սկզբում ինձ երեք տարի տվեցին, հետո վերադաս ատյանի դատարանը կրաճտեց, դարձրեց երկու տարի։

Մորս ասել էին, որ ես մեկնել եմ Մոսկվա

Այդ ժամանակ ես աշխատում էի ազգային պարի անսամբլում։ Ես հարաբերություններ ունեի տնօրենի հետ, նա հայտնի դերասան էր, տարիքով ինձնից մեծ էր։ Մենք մարդկայնորեն էլ շատ մտերիմ էինք, թեև նա ընտանիքի մարդ էր, ու մենք միասին էինք լինում, երբ գնում էինք շրջագայության։

Երբ այս ամենը տեղի ունեցավ, նա հանդիպեց մորս ու ասաց, որ ես շտապ մեկնել եմ Մոսկվա՝ աշխատելու։ Նա ամեն ամիս փող էր տալիս մորս, իբր թե ես եմ ուղարկում Ռուսաստանից։ Ես պարբերաբար մորս հետ խոսում էի հեռախոսով, որպեսզի նա որևէ բան չկասկածի։ Թեև, երբ բանտից դուրս եկա, զարմացել էր․ «Էս ինչո՞ւ ես սենց նիհարել։ Մոսկվայում ուտելիք չկա»։

 Հանուն սիրո երկու տարի նստեցի

Հետագայում, երբ ինձ հարցնում էին, թե արդյոք ունեմ դատվածություն, պատասխանում էի, որ չունեմ։ Ես հիմա էլ եմ այդպես կարծում։ Ում ի՞նչ վատ բան էի արել։ Հանուն սիրո երկու տարի նստեցի։ Հասկանո՞ւմ ես։ Ու ո՞րն էր հանցանքս։ Եթե այդպես է, ապա բոլորին, ովքեր սիրում են, պետք է դատել ու ազատազրկե՞լ։

Մեզ մոտ այդ հոդվածը հանվել է 15 տարի առաջ։ Մարդկանց միևնույն է չես կարող փոխել, նրանք այդպիսին են, ու ոչ մի վատ բան դրա մեջ չկա՝ լինելս այնպիսին, ինչպիսին կաս, սիրել ու ոչ թե ձևացնել։

Բանտում «Վա՜յ, նոր հարսնացու ա էկել»

Դատավճռից հետո մեքենայով ինձ տարան բանտ։ Այն քաղաքից դուրս էր։ Հիշում եմ՝ ինձ շատ լավ դիմավորեցին՝ կարտոֆիլ տապակեցին, հյուրասիրեցին։ Հետո ես խոսակցություններ լսեցի․ «Վա՜յ, նոր հարսնացու ա էկել»։

Իմ և իմ հոդվածի մասին նրանք արդեն գիտեին։ Ես մտա սենյակ, ու այնտեղ կախված էր տարբեր տեսակի կանացի հագուստ։ Ինձ համար էին կախել։ Իսկ հետո, նրանք, ովքեր ինձ հետ էին, ասացին՝ տարեք էս ստեղից,  ինքը տղամարդ ա։ Եթե ես պասիվ լինեի, հաստատ ինձ կհագցնեին էդ շորերն ու «խնջույք» կանեին։ Նրանք ինչ-որ թատերականացված բան էի կազմակերպում՝ «գտիր քո ամուսնուն»։ Ընտրի, թե ում «կինն» ես դառնալու, ով է քեզ օգտագործելու։

90-ականներին «նվաստացվածների» (обиженный) կյանքը

Բանտում սկսեցի ապրել «նայողի» հետ, որը «նվաստացվածների» խցի հետևում էր։ Ավելի լավ է լինել մեկի հետ, քան թե ձեռքից ձեռք անցնել՝ ծառայելով շատերին։ Իհարկե, էս դեպքում  պետք էր մոռանալ ակտիվ դերի մասին։ Բան չկա, մի կերպ դիմանում էի․․․

Ինձ շատ էին կանչում տարբեր տղամարդիկ, բայց իմ «տերը» միշտ ասում էր․ «Ինքը չի գալու»։ Դրա համար նրան հաճախ կանչում էին ու ծեծում։ Բայց և հարգում էին, որ ինքն իր տղային «պահում» է, ոչ ոքին չի տալիս, որ ինձ համար ծեծ է ուտում։

Բացի «նվաստացվածների» առանձին խցից, ամեն սովորական խցում ապրում էին ևս երկու հոգի։ «Նվաստացածների» խցում ապրողների՝ գեյերի վրա էր ամենակեղտոտ աշխատանքը՝ ավլում էին, լվանում էին հատակը, լվացք էին անում, ունիտազներն էին մաքրում։

Իսկ ինձ իմ «ընկերը» ուրիշ խցեր չէր թողնում գնայի, որովհետև չէր ուզում, որ ուրիշները կպնեին ինձ։ Հետո բողոքներ եղան, թե ինչու էս մեկը չի աշխատում։ Այդ պատճառով նա ինձ համար աշխատանք գտավ ժամադրության սենյակներում, որտեղ կանայք գալիս էին իրենց ամուսիններին հանդիպելու։ Ես ցերեկը գնում էի այնտեղ, հավաքում էի աղբը, լվանում էի միջանցքը, խոհանոցը, ևայլն ու հետո վերադառնում էի։

Ստորին խավի մարդիկ

Մենք մի 16 հոգի էինք։ Իհարկե առանձին էինք ուտում, ունեինք ն մեր առանձի սեղանը, մեր սպասքը։ Նույնիսկ վերջինն էինք միշտ լողանում։ Բայց, ըստ կանոնների, ընդունված չէ մեզ ծեծելը։ Նրանք կարծում են, որ մենք «փչացած մարդիկ» ենք, անգամ մեզ հպվել չէր կարելի։ Սեքսի ժամանակ պետք է ձեռքերով հենվեիր պատին, ու հետևից դնեին։ Ու դու իրավունք չունեիր հետևինդ ձեռք տալ։

Հիմնականում լողանալուց էինք անում ու գիշերը։ Եթե բանտային հիերարխիայի մեծերից ինչ-որ մեկն էր անում, ապա դու չպիտի ասեիր, որ էղել ես նրա հետ։

Ստիպում են, որ սեռական ծառայություններ տրամադրես

«Նվաստացածների» մեջ ոչ բոլորն էին գեյ։ Ասենք, դու ինչ-որ լուրջ սխալ քայլ ես արել, գլխավոր հեղինակությունը կանչում է «նվաստացածին» ու սխալվածին, որին հրամայում է իջեցնել տաբատը։ Եթե դու անդամդ քսում ես նրա հետույքին, ապա նա արդեն համարվում է «նվաստացած»։

Դա էդպիսի ծիսակատարություն է, որով իջեցվում է մարդու կարգավիճակը։ Հետո արդեն նա գնում է «նվաստացածների» խուց։ Ու բացարձակ կապ չունի, որ ոչ մի սեռական ակտ չի եղել, ու որ նա գեյ չէ։ Ու շատերը հետո սկսում են սեռական ծառայություններ տրամադրել։

Երբ քեզ կանչում են, դու չես գնում, լուրջ խնդիրների ես բախվում։ Ինձ հետ երիտասարդ գեյ զույգ էր նստած՝ գողության համար։ Մի քանի անգամ նրանց ծեծել էին մերժելու համար, հետո բոլորը հասկացան, որ նրանք «ման էկող» չեն, ու դադարեցին կանչել․ «Թող իրենց կյանքով ապրեն»։

«Էդ հոդվածով ժամկետից շուտ ազատ չենք արձակի»

Բանտում ես ինձ լավ էի պահում, ոչ ոքի հետ չէի կռվում, ու բանտապետը լավ բնութագիր էր գրել ինձ համար։ Վստահ էր, որ ինձ պայմանական վաղաժամկետ ազատում կտան։ Հանձանողովում նստած էին կանայք, ու նախագահողը կամաց հարցնում է մյուսին․ «116-ը էդ ի՞նչ հոդված ա», նա էլ շշուկով բացատրում է։ Նախագահողը գլխով արեց ու․ «Էդ հոդվածով ազատ չենք արձակի»։ Ու ինձ մերժեցին։ Ամբողջ երկու տարին նստեցի։

Ես դուրս եկա, իսկ 6 ամիս հետո ազատվեց նա, ում հետ ես ապրում էի։ Մինչև նրա մահը մենք շատ լավ հարաբերություններ ունեինք։ Պարբերաբար շփվում էինք, նրան ծանոթացրի իմ սիրելիի հետ։

Ո՛չ մայրս, ո՛չ քույրս մինչև հիմա չգիտեն, որ ես նստած եմ եղել։ Եղբայրս հավանաբար գիտի, բայց ինձ չի ասում։

Մի քանի տարի առաջ ինչ-ինչ հարցերով գնացել էի զինկոմիսարիատ, գործիս մեջ դեռևս մնացել էր [116-րդ] հոդվածի մասին նշումը։ Տխրեցի․․․

  Ամենաերջանիկ մարդը

Գիտե՞ս, ես Հայաստանի ու Ռուսաստանի ամենաերջանիկ գեյն եմ։ Արդեն մոտ 19 տարի է ունեմ իմ սիրելի մարդը։ Երկար տարիներ Մոսկվայում եմ ապրում, այստեղ էլ ծանոթացել ենք։ Հետո միասին գնացինք Երևան։ Նա շատ հավանեց քաղաքը։

Նույնիսկ երբ իրար հետ չենք, ամեն օր զանգում ենք իրար, լիքը գրում իրար։ Ալիկն իմ ընտանիքի անդամն է․ երբ ընտանեկան հավաքույթներ են լինում, մենք միասին ենք գնում։ Մայրս, քույրս, եղբայրս նրան լավ են ճանաչում։ Մի անգամ նա հետս չէր եկել, մայրս հարցրեց․ «Բա Ալի՞կն ուր ա, հո բան չի՞ էղել»։

Առանց նրա չեմ կարող, նա իմ ներսում է, իմ արյան մեջ։ Նա էլ ինձ է այսպես ուժեղ սիրում։ Մենք գիտենք, որ միշտ իրար հետ ենք լինելու։

Մի անգամ ինձ հարցրին՝ ի՞նչ է սերը։ Պատասխանեցի՝ երբ տանդ ուտելիք չկա, դու սոված կմնաս, բայց կկերակրես սիրելիիդ։ Նույնիսկ, եթե վերջին շորով մնամ, նրա համար  հագուստ կգնեմ։

Չգիտեմ առանց նրա ինչպես կարող էի ապրել։ Եղբայրս մի անգամ հարցրեց․ «Ինչքա՞ն ես հետը ապրելու, արդեն 50 տարեկան ես»։ Ես պատասխանեցի․ «Ամբողջ կյանքս։ Ես երեխաներ ունեմ՝ տղա ունեմ, աղջիկ ունեմ, էլ ի՞նչ է պետք»։ Մայրս էլ ամեն ինչ հասկանում է, ավելորդ հարցեր չի տալիս։