«Հավասարություն Հայաստան»-ը 2500 դոլար է փոխանցել Փինքի դրամահավաքին

28-02-2018

ԱՄՆ-ում հիմնված «Հավասարություն Հայաստան» (Equality Armenia) կազմակերպությունը դեկտեմբերի 2-ին դրամահավաք-երեկո էր կազմակերպել Փինք Արմենիային նվիրատվություն անելու նպատակով, և հավաքված 2500 դոլարը փետրվարի 26-ին փոխանցել է մարզերում համայնքների ստեղծման առցանց դրամահավաքին։

Փասադենայում անցկացված միջոցառմանը մասնակցել են ամերիկահայ մի շարք անվանի մարդիկ՝ արվեստագետներ, համայնքային առաջնորդներ, պաշտոնյաներ, որոնց ուրախ ժամանցն ապահովել են 8 կատակերգուներ՝ Մովսես Շաքարյանը, որը նաև «Հավասարություն Հայաստան»-ի աշխատակից է, Մերի Բասմաջյանը, որը կազմակերպության խորհրդի անդամ է, Պիտ Զիասը, Ջեն Դեյվիդսոնը, Ժակլին Պրիմրոս Մոնահան, Բրեդ Լոքլը, Ստեփան Պարթմանյանը և Էմի Շուքլյանը։

Կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Աբելյանն իր ելույթում խոսել է  ԼԳԲՏ հայ համայնքի տեսանելիությունը բարձրացնելու ու այդ նպատակին ուղղված ծրագրերին աջակցելու կարևորության մասին՝ նշելով, որ առաջին հերթին  պետք է մտածել Հայաստանում առկա խնդիրների մասին։

Երեկոյի պատվավոր հյուրը՝ Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, խոսելով կարիքում գտնվող համայնքներին ձեռք մեկնելու մասին, բոլոր հայերին և հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնողներին հորդորել է աջակցել ԼԳԲՏ համայնքին և բարձրաձայնել նրանց խնդիրները։

 Լուսանկարները՝ equalityarmenia.org էջից։