Հյումն ռայթս ուոթչը հրապարակել է տարեկան զեկույցը

17-01-2023

2022 թ․-ը Հայաստանում լի էր զանազան իրադարձություններով և մարտահրավերներով, որոնց արդյունքում երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների կտրուկ աճ գրանցվեց։ «Հյումն ռայթս ուոթչ» իրավապաշտպան կազմակերպությունը ստանձնել է Հայաստանում 2022 թ․ տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից և հրապարակել իր հերթական զեկույցը Հայաստանում տիրող մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Զեկույցում անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրների, որոնք Հայաստանում շարունակում են արդիական մնալ։ Այդ խնդիրները հիմնականում առնչություն ունեն Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքով երկրում ստեղծված քաղաքական լարվածության հետ։ Այս ամենի արդյունքում գրանցվել են մի շարք մարդու իրավունքների խախտումներ, որոնք ներառել են իրավապահ մարմինների կողմից կալանավայրերում բանտարկյալների հանդեպ վատ և անարդարացի վերաբերմունքի, ցույցերի և հավաքների ազատությանը միջամտելու, ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով բռնության ու խտրականության դեպքեր:

Այս իրավիճակում, իհարկե, անխուսափելի էր Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությունը․ ադրբեջանական զորքերը մի քանի անգամ ներխուժել են ՀՀ և Լեռնային Ղարաբաղի տարածք, ինչի պատճառով տեղահանվել և զոհվել են խաղաղ բնակիչներ, խաթարվել է խաղաղ բնակչության անվտանգությունը, իսկ գերեվարված հայ զինվորների հարցը դեռ շարունակում է օդում կախված մնալ։

Ըստ զեկույցի՝ կալանավորման վայրերում դեռևս շարունակվում են վատ վերաբերմունքը և խոշտանգումները և, ի վերջո, այդ դեպքերը մնում են անպատիժ։ Խախտվել է նաև ակտիվիստների խոսքի և հավաքների ազատության իրավունքը, երբ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Ուկրաինայում տիրող պատերազմական իրավիճակի։ Հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են ապրել մանկատներում և կրթություն չեն ստանում, քանի որ պետությունը չի կատարում իր՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթությամբ ապահովելու միջազգային պարտավորությունը, իսկ տղամարդկանց կողմից կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը և կնասպանությունը շարունակում են անպատիժ մնալ։

Զեկույցում տեղ է գտել նաև Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերի վերաբերյալ ակնարկ։ Խնդիրն այն է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը ատելության հիմքով հանցագործությունների դեպքում տուժողի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը որպես ծանրացնող հանգամանք չի ճանաչում։

Անդրադարձ է կատարվել նաև Օգանեզովան ըննդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին։ Ըստ վճռի՝ Հայաստանը խախտել է խոշտանգումներից և խտրականությունից զերծ լինելու իրավունքը, և Հայաստանի իշխանությունները չեն կատարել հրկիզման հարձակումն արդյունավետորեն հետաքննելու իրենց պարտավորությունը։

Հայաստանում ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, սակայն նրանցից շատերը չեն դիմում ոստիկանություն, քանի որ ՍԿԳԻ հիմքով խտրականության դեպքերը սովորաբար կարճվում են, իսկ տուժողները՝ է՛լ ավելի թիրախավորվում։

Հայաստանը չունի խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն, ինչի հետևանքով ատելության հիմքով հանցագործությունների թիվն աճում է, քանի որ հանցավորները պատշաճ կերպով պատիժ չեն կրում իրենց կատարած հանցագործությունների համար։