ՄԱԿ-ում կառավարությունը խուսափում է անդրադառնալ ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակին

24-02-2020

Հունվարի 23-ին Միավորված Ազգերի կազմակերպության կողմից անցկացվող մարդու իրավունքների Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նստաշրջանում դիտարկվել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը՝ կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված զեկույցիների հիման վրա։ Կառավարության կողմից զեկույցում որևէ անդրադարձ չի կատարվել երկրում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության և ատելության հիմքով հանցագործությունների իրավիճակին։

Միևնույն ժամանակ ինչպես «Փինք» իրավապաշտպան կազմակերպության կողմից ներկայացված զեկույցում, այնպես էլ «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան կազմակերպության, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում բարձրաձայնվել են ԼԳԲՏ անձանց հանդեպ հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից ատելության խոսքի դրսևորման մտահոգիչ տվյալներ։ Ներկայացված փաստերի վերլուծությունը վկայում է, որ Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով մարդու իրավունքների խախտումները լայն տարածում ունեն և առկա է դրանց ինչպես օրենսդրական, այնպես էլ քաղաքականությունների մակարդակում կարգավորումներ տալու կարիք։

Մտահոգիչ է սակայն, որ Հայաստանի կառավարության զեկույցում, այնուամենայնիվ, անգամ նվազագույն տվյալ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ չի ներառվել։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման նախորդ շրջափուլի ընթացքում Հայաստանին ներկայացվել էին մոտ մեկ տասնյակ առաջարկներ՝ ԼԳԲՏ անձանց խտրականությունից պաշտպանող արդյունավետ մեխանիզմներ նախատեսող օրենքի ընդունման և ատելության հիմքով հանցագործությունների արդյունավետ քննության վերաբերյալ։ Շրջափուլերի միջև ընկած չորս տարիների ընթացքում մշակվել է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նապագիծը, որը, սակայն, սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հատկանիշ չի ներառում։

Այնուհանդերձ, ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման այս շրջափուլի ընթացքում Հայաստանին ներկայացվեցին շուրջ քսան առաջարկներ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունից արդյունավետ պաշտպանություն նախատեսող մեխանիզմներ պարունակող օրենքի, ինչպես նաև ատելության խոսքը և ատելության հիմքով հանցագործությունները կարգավորող օրենսդրական մեխանիզմների ընդունման վերաբերյալ։

ՀՀ Արդարադատության փոխնախարարը արձագանքելով առաջարկներին հայտնել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Կառավարությունը պայքարում է նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դեմ, սակայն չի մատնանշել որևէ հստակ քայլ։

Հարկ է նշել, որ Համընդհանուր պարբերական դիտարկումը եզակի ձևաչափով հարթակ է, որը հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի անդամ երկրներին ուսումնասիրել այդ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը և միմյանց ներկայացնել առաջարկներ։ Այս մեխանիզմը կարևոր է նրանով, որ պետություններին հաշվետու է դարձնում միմյանց առաջ և պետությունների քննարկման առարկա է դարձնում առկա մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պետական մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանին ներկայացված առաջարկները համապարփակ կերպով դիտարկելու և արդեն իսկ առկա «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի և Քրեական օրենսգրքի նախագծերում դրանք արդյունավետ կերպով արտացոլելու նպատակով։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն, այսպիսով, շարունակելու է հետևողական լինել Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմների ստեղծման գործընթացի հանդեպ։