ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Իրավունք թերթին առնչվող Հայաստանի դեմ հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի հայցը, որը վերաբերվում է Իրավունք թերթի տարածած ատելության և խտրականության քարոզին։
2014թ․ Իրավունք թերթը «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը․ ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում հրապարակել էր Ֆեյսբուքի 60 օգտատերերի հիպեռհղումները՝ կոչ անելով նրանց հանդեպ անհանդուրժող լինել, աշխատանքից հեռացնել կամ չընդունել, չշփվել հետները։ Սև ցուցակը թերթը կազմել էր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին քննադատական հարցեր ուղղած անձանց հիման վրա։ Մինչ այդ Անուշ Արշակյանը, լինելով Եվրատեսիլ մրցույթի միջազգային ժյուրի, Ավստրիայի ներկայացուցիչ, մրցույթի հաղթող, կանացի կերպարանքով, բայց մորուքով և նույնասեռական Կոնչիտա Վուրստի մասին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ զզվում է նրանից ու նրա հանդեպ այնպիսի հակակրանք ունի, ինչպիսին հոգեկան հիվանդների նկատմամբ ունի։
«Իրավունք»-ի հոդվածում հայտնված անձանցից 16-ը դիմել էին դատարան։ Սակայն, Հայաստանում բոլոր ատյաններում պարտվելուց հետո, այն պատճառաբանությամբ, որ թերթը օգտվել է իր խոսքի ազատության իրավունքից, հայցվորներից 14-ը 2015թ. դիմել են ՄԻԵԴ։
2018թ․ փետրվարի 12-ին դատարանը կոմունիկացրել է հայցը, այսինքն, հարցեր է ուղարկել ՀՀ կառավարությանը։ Հարցերից պարզ է դառանում, որ հայցը քննվում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 8, 14 և 17-րդ հոդվածներով։ Կառավարությանը տրված հարցերը հետևյալն են․
1․ Արդյոք եղել է հայցվորների «անձնական և ընտանեկան կյանքը հարգելու» իրավունքի խախտում, որը հակասում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին։
2․ Արդյոք հայցվորների նկատմամբ խտրականություն եղել է, որը հակասում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածին։
3․ Արդյոք այս դեպքում պետության գործողությունները կամ անգործությունը միտված է եղել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներից և ազատություններից որևէ մեկի վերացմանը կամ սահմանափակմանը՝ ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայի 17-րդ հոդվածով։
17-րդ հոդվածի հիման վրա, որով արգելք է նախատեսված իրավունքների չարաշահմանը, ՄԻԵԴ-ը դեռևս որևէ գործ չէր քննել Հայաստանի դեմ։
Կառավարությունը 3 ամիս ժամկետ ունի հարցերին պատասխանելու համար, որից հետո հայցվոր կողմին է ներկայացվելու կառավարության պատասխանները, որպեսզի մեկ ամսյա ժամկետում իր մեկնաբանությունները տրամադրի ՄԻԵԴ-ին։
Թեմայի հետ կապված մամուլի ասուլիսի կարող եք դիտել այստեղ։