ՄԻՊ-ը խուսափում է պատշաճ գնահատական տալ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին

17-04-2020

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է. ամեն դեպքում այդպես է ամրագրված ՀՀ Սահմանադրությունում: Մարդու իրավունքների խախտումները կանխելու և խախտված իրավունքները վերականգնելու համար ՀՀ-ն ստեղծել է բազմաթիվ մեխանիզմեր: Այն նախատեսել է նաև պետական բոլոր մարմիններից անկախ կառույցի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի հիմնադրումը, և հենց ՄԻՊ-ին է հանձնարարել արձանագրել պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացթողումները, բարձրաձայնել դրանց մասին՝ այդպիսով ձեռնամուխ լինելով մարդու՝ որպես բարձրագույն արժեքի արժանապատիվ կյանքը ապահովելուն: ՄԻՊ-ի գործունեության հիմքում պետք է ընկած լինեն իրավահավասարության և անկողմնակալության սկզբունքները, ինչը նշանակում է, որ ՄԻՊ-ի գնահատականը որևիցե իրավիճակի վերաբերյալ չպետք է պայմանավորված լինի տուժողի կամ իրավախախտի որևէ հատկանիշով: Սակայն մարդու իրավունքների ներկայիս պաշտպանի գործունեությունը հարցականի տակ է դնում այդ սկզբունքների գերակայությունը:

Հրապարակվել է ՄԻՊ-ի 2019թ. տարեկան հաղորդումը, որը ամփոփում է ՀՀ-ում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը: Հաղորդման մեջ անդրադարձ է կատարված իրավունքի տարբեր ոլորտներում առկա խնդիրներին: Ներկայացված են նաև առանձին խմբերի՝ զինծառայողների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների, ԼԳԲՏ անձանց և այլոց իրավունքների վերաբերյալ դիտարկման արդյունքները:

Թվում է, թե հասարակական կյանքի բազմաթիվ բնագավառների ներառումը ՄԻՊ-ի անաչառ աշխատանքի արգասիքն է, սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես: Իսկ իրականում հաղորդման՝ ԼԳԲՏ անձանց իրավուքնների վիճակի վերաբերյալ հատվածը չափազանց հակիրճ է, վերլուծությունը գծուծ է, իսկ գնահատականը՝ անորոշ և ընդհանրական:

ԼԳԲՏ անձանց իրավունքներին անդրադարձը խիստ սահմանափակ է և խուսափողական. այն ներառում է միայն սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, իսկ գենդերային ինքնության հիմքով խտրականությունը առհասարակ քննարկված չէ: ԼԳԲՏ անձինք խտրական վերաբերմունքի են բախվում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ ներառյալ իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները գործարկելիս, սակայն այդ մասին նույնպես հաղորդումը լռում է: Համեմատության համար կարելի է դիտարկել ՄԻՊ հաղորդման այլ բաժինները, որոնք նվիրված են հատուկ խմբերին. այս դեպքում բավականաչափ բովանդակալի խոսվում է տարբեր ոլորտներում իրավունքների իրացման խնդիրների մասին:

Հատկանշական է նաև, որ խտրականության առավելապես բախվող խմբերի և խնդրահարույց ոլորտների համար առանձնացված են ամբողջական գլուխներ իրենց ենթակետերով, իսկ ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակի վերաբերյալ նկարագրությունը սահմանափակվում է 1,5 էջով և զետեղված է «Այլ իրավունքներ» գլխում՝ մարդու իրավունքների տեսանկյունից ոչ առաջնային կարևորություն ունեցող հարցերի հետ: ՄԻՊ-ի այս մոտեցումը ողջամտորեն կասկած է հարուցում նրա՝ անկողմնակալության կապակցությամբ, քանի որ թե ներպետական, թե միջազգային մի շարք կազմակերպություններ բազմիցս արձանագրել են, որ ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքը ամենախոցելին է խտրականության և ատելության խոսքի տեսանկյունից:

ՄԻՊ-ը խուսափում է նաև կոնկրետ դեպքերի մասին լիարժեք խոսելուց: Այն պարագայում, երբ հանրային լայն արձագանք ստացած բոլոր իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների խախտումներից տուժած անձինք հաղորդման մեջ մատնանշվել են հենց որպես տուժողներ, ՄԻՊ-ը չի մատնանշել Լիլիթ Մարտիրոսյանին՝ որպես մարդու իրավունքների խախտումներից տուժողի 2019թ. ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ-ում ելույթ ունենալուց հետո ծավալված խտրականության, ատելության խոսքի և սպառնալիքների բովում: Պետք է նաև նշել, որ հիշյալ իրադարձությունը պատշաճ քննադատության չի արժանացել ՄԻՊ-ի կողմից անգամ դրանից հետո. տարածված հայտարարությունը ևս անստույգ էր:

ՄԻՊ-ի կողմից ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին հստակ գնահատակ չտալը չի կարող պայմանավորված լինել ոչ իրավախախտումների դեպքերի և ոչ էլ դրանց վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ, քանի որ, ինչպես նշվեց, բազմաթիվ կազմակերպություններ նման խախտումներ են արձանագրում ամեն տարի, բարձրաձայնում այդ խախտումների մասին իրենց պարբերական զեկույցներում: Ուստի նման վերաբերմունքը կարող է բխել անտարբերությունից և կողմնակալությունից:

Անտարբեր լինելով ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության առկայության և դրսևորումների նկատմամբ՝ ՄԻՊ-ը ակամայից դառնում է խտրականության ջատագովը և իր լռությամբ պարարտ հող է ստեղծում խտրականության արտահայտման և անպատժելիության ձևավորման մթնոլորտի համար:

Կարծում ենք, որ ՄԻՊ-ի նման գործելաոճը խաթարում է նրա վրա դրված բարձրագույն առաքելության՝ անհատի իրավունքների պաշտպանության պատշաճ իրականացումը: Լիահույս ենք, որ 2020թ. ընթացքում և մինչև իր պաշտոնավարման ավարտը ՀՀ մարդու իրավունքների ներկայիս պաշտպանը ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումներին կարձագանքի իր ստանձնած առաքելությանը արժանավայել: Միևնույն ժամանակ պատրաստակամություն ենք հայտնում օժանդակելու ՄԻՊ-ի գործունեությանը, կազմակերպության մարդկային ռեսուրսները բանիմաց մասնագետների գիտելիքների տեսքով ներդնելով՝ ոլորտում առկա թերացումները վերացնելու նպատակով: