Շուռնուխի միջադեպից տուժած գյուղի բնակիչը նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում հարձակման մեջ
Օգոստոսի 3-ին Շուռնուխ գյուղում հարձակում են գործել Հայկ Հակոբյանի տան վրա, ծեծել և գյուղից վտարել են իրեն ու իր տանը հյուրընկալած 8 ընկերներին՝ վերջիններիս իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման հիմքով: Այս մասին են վկայում հարձակվող անձանց կողմից հնչած վիրավորական, հայհոյախառն արտահայտություններն ու կոչերը, որոնք հաստատվում են նաև տուժողների մոտ առկա տեսանյութերով: Սա նաև հաստատել է Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը iravunk.com-ին տված հարցազրույցում:
Հայկ Հակոբյանը ԼԳԲՏ ակտիվիստ է, այսինքն, զբաղվում է ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև պայքարում է անօրինականությունների, կոռուպցիայի դեմ, ինչպես իր գյուղում, այնպես էլ երկրում:
Հակոբյանը ենթադրում է, որ այս պատմության մեջ կարող է թաքնված լինել նաև քաղաքական ենթատեքստ: Այդ իսկ պատճառով մեզ է ներկայացրել որոշ փաստեր նախկինում իր գործունեության և իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ:
Նշենք, որ Հայկ Հակոբյանն ակտիվ մասնակցել է Թավշյա հեղափոխության ընթացքում իրականացված միջոցառումներին։ Այդ ընթացքում նա իր ընկերոջ հետ մեկնել է Գորիս՝ համախմբելու տեղի ժողովրդին՝ խաղաղ հավաք իրականացնելու նպատակով։
Մեկնելու օրը, ըստ Հայկ Հակոբյանի, նրա բարեկամներին են զանգահարել անձինք՝ Գորիսի քաղաքապետի հրամանով՝ սպառնալով, որ իր համար «լավ չի լինի», եթե շարունակի «նման բաներ անել»։ Նույն պահանջով Հայկի հորն է զանգել թաղային ոստիկանը։ Հետագայում Հայկը ահազանգել է տեղի ոստիկանության բաժին՝ հայտնելով իր նկատմամբ քաղաքապետի գործադրած ճնշման մասին։Ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, սակայն հավաքը Գորիսում տեղի չի ունեցել։ Հաջորդ օրը Գորիսի կենտրոնում Հայկը և իր ընկերը բռնության զոհ են դարձել։ Դեպքը տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 21-ին։ Այս մասին առավել մանրամասն պատմել էր Հայկի ընկերը epress.am-ին տված հարցազրույցում ։
Հետագայում Հայկ Հակոբյանը, տեղեկանալով Շուռնուխ գյուղի գյուղապետի կողմից իրականացվող կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության մասին, լսելով գյուղացիների բողոքները, նրանց անունից նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի պարզելու համար գյուղապետի գործողությունների իրավաչափությունը։
Մասնավորապես, նամակում նշվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները գյուղացիներին էր տրվել վարձակալությամբ, ինչի արդյունքում գոյացած գումարները յուրացվել են, վաճառվել է նաև գյուղի դպրոցը, արդյունքում կրթությունը գյուղում պատշաճ չի կազմակերպվում, ինչպես նաև այն, որ պետական ծրագրերով գյուղին հատկացված սերմացուն ու վառելիքը գյուղացիներին չեն հասնում (կից ներկայացված են Հայկ Հակոբյանի կողմից վարչապետին ուղարկված նամակի, գյուղի բնակիչների և գյուղապետի միջև կնքված պայմանագրերի, գյուղապետի կողմից տրված անդորրագրերի պատճենները: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բացի Հայկ Հակոբյանի անունից և ստորագրությունից, գյուղի մյուս բնակիչներինը փակել ենք)։
Վարչապետի կողմից նամակը Հայկ Հակոբյանի պնդմամբ, մակագրվել է Գորիսի քաղաքապետին, ով դրան ընթացք չի տվել՝ պատճառաբանելով, որ չունի իրավասություն որևէ նյութ ուղարկել ոստիկանությանը։ Եվ քանի որ նամակը ուղարկված է եղել Հայկ Հակոբյանի էլեկտրոնային հասցեից, քաղաքապետի համար դժվար չի եղել իմանալ, թե ով է նամակն ուղարկել։
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին տեղի ունեցած հարձակման կազմակերպիչները եղել են այն նույն մարդիկ, որոնք մոտ երեք ամիս առաջ բռնության էին ենթարկել Հայկ Հակոբյանին Գորիսում։ Շուռնուխի բնակիչ Հայկ Հակոբյանի պնդմամբ, այդ մարդիկ Գորիսի բնակիչներ են, ոչ թե Շուռնուխ գյուղի։ Ինչպես պնդում են տուժողները և հետագայում նշել է անձամբ Շուռնուխի գյուղապետը, ինքը ևս ներկա է եղել, երբ հարձակվողները ծեծի ենթարկելով՝ գյուղից վտարել են 9 երիտասարդներին։ Վերջինը հաջորդ օրը տված հարցազրույցում նաև նշել է, որ իրենք նախապես համացանցից տեղեկացել են, որ Շուռնուխ գյուղում տեղի է ունենալու «Քվիր հավաք 2» անվամբ հանդիպում, որը կազմակերպում է Հայկ Հակոբյանը: Հանդիպման նպատակն էր՝ ընկերներով հավաքվել Հայկ Հակոբյանենց տանը՝ ամառային հանգստի համար։ 2017թ. Հայկ Հակոբյանը նույնպես հյուրընկալել էր իր ընկերներին իրենց տանը, սակայն ոչ մի միջադեպ տեղի չէր ունեցել:
Դեպքերի նշյալ հաջորդականությունը վկայում է այն մասին, որ վերջին դեպքը ամենևին պատահականություն չէ և ունի նախապատմություն։ Իրադարձությունների փոխկապակցվածությունից ակնհայտ է և այն, որ ոչ միայն գյուղի բնակիչները, այլ նաև Գորիսից ժամանած անձինք նախապես տեղյակ են եղել, որ Հայկը հյուրեր ունի և գյուղ են ժամանել հստակ հասցեով և հստակ նպատակով։
Զերծ մնալով գնահատականներից՝ ցանկանում ենք գործի քննություն իրականացնողների, ինչպես նաև այլ իրավակիրառ մարմինների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայկ Հակոբյանի և իր հյուրերի նկատմամբ տեղի ունեցած հարձակման հնարավոր շարժառիթը ոչ միայն վերջինների իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշումն է, այլ նաև Հայկի քաղաքական դիրքորոշումն ու գործունեությունը։
- Նկատի ունենալով շարժառիթների բացահայտման ու գնահատման առանցքային դերը ցանկացած հանցագործության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար՝
- հիշեցնելով ցանկացած հատկանիշով պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների վտանգավորության աստիճանը հասարակական և պետական անվտանգության ապահովման համար՝
Կոչ ենք անում.
- գործի քննություն իրականացնող մարմնին՝ ուսումնասիրել ներկայացված փաստերը և դրանք հաշվի առնել դեպքին քրեաիրավական որակում տալիս,
- գործի քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազությանը՝ աչալուրջ լինել, որպեսզի ոչ մի փաստ քննությունից դուրս չմնա,
- ՀՀ ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել սույն հայտարարությունում նշված փաստերը քննության առնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,
- ՀՀ կառավարությանը՝ իր լիազորությունների շրջանակում հետևել գործի քննության ընթացքին, ինչպես նաև սույն հայտարարության մեջ նշված փաստերի քննությանը՝ բացահայտնելու և/կամ կանխելու համար հնարավոր կոռուպցիոն դրսևորումները։
Փինք Արմենիա