Տարեկան զեկույց. ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը 2016թ.

29-06-2017

2016թ. սկսվեց ԼԳԲՏ ակտիվիսների ծեծով, սակայն իրավախախտներն այդպես էլ չբացահայտվեցին և մեղավորներին պատասխանատվության չենթարկվեցին: Թեև տարվա ընթացքում նկատելի էին շոշափելի դրական փոփոխություններ, սակայն պետական մակարդակում կրկին որևէ քայլ չի ձեռնարկվել, որպեսզի ԼԳԲՏ մարդիկ իրենց պաշտպանված զգան:

2016թ. դրական իրադարձություններից էր տրանսգենդեր անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» կազմակերպության բացումը, «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմի թողարկումը, որտեղ ԼԳԲՏ տասը անձինք բաց դեմքով խոսել են իրենց մասին: Դրական էր նաև 2016թ. ընթացքում առցանց լրատվամիջոցների արձագանքը ԼԳԲՏ խնդիրներին: Տարվա ընթացքում մի շարք լրատվամիջոցներ համագործակցել են ԼԳԲՏ անձանց և իրավապաշտպան կազմակերպությունների հետ` իրենց նյութերը պատշաճ ներկայացնելու համար:

Այդուհանդերձ Հայաստանի բնակչությունը դեռևս չափազանց բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ: 2016թ. «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (Փինք Արմենիա) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» իրականացրած հետազտությունը ցույց է տվել, որ Հայաստանի բնակչության 86.6%-ը ցանկանում է, որպեսզի օրենքով արգելվի նույնասեռականությունը: Ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ  բացասական վերաբերմունք ունեցող անձանց շրջապատում ԼԳԲՏ անձինք չկան, իսկ ԼԳԲՏ ծանոթներ ունեցողները ավելի բարյացկամ են:

2016թ. Փինք Արմենիայի և «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից իրականացված մեկ այլ` «ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններն ու ատելությամբ պայմանավորված այլ իրավախախտումները Հայաստանում» ուսումնասիրության համաձայն, հարցված 198 ԼԳԲՏ անձանցից 79,7%-ը  2010 – 2016թթ. ժամանակահատվածում ատելության հիմքով հանցագործության զոհ է եղել, իսկ 20,3%-ը` ատելության հիմքով հանցագործության ականտես: Այս զեկույցի վերջում տեղ են գտել ատելության հիմքով հանցագործությունների ուսումնասիրությունից բխած առաջարկություններ ևս:

Բեռնել զեկույցը

Տարվա ընթացքում Փինք Արմենիայում ԼԳԲՏ անձանց իրավախախտումների 27 դեպք է գրանցվել: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմել է 4 ԼԳԲՏ անձ, որոնցից մեկը` գրավոր, 3-ը`հեռախոսազանգի միջոցով: Սա վկայում է այն մասին, որ չնայած առկա խնդիրներին, ԼԳԲՏ անձինք իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար նախընտրում են չդիմել պետական մարմիններին, այդ թվում`ՄԻՊ-ին, փոխարենը օգտվում են ՀԿ-ներում տրամադրվող աջակցությունից:

2016թ. Փինք Արմենիան արձանագրել է կյանքի իրավունքի խախտման դեպքեր, խոշտանգումներից կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքեր, խտրականությունից և ատելություն սերմանող խոսքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքեր, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի խախտման դեպքեր, օրենքի առջև հավասարության և հավասար պաշտպանվածության իրավունքի խախտման դեպքեր։

Այս զեկույցն ամփոփում է Փինք Արմենիայի կողմից 2016թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ անցկացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցում և ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները:

ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումը զեկույցում ներկայացված է հետևյալ կառուցվածքով.

  1. Մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ազգային և միջազգային օրենսդրության այն հիմնական դրույթները, որոնք խախտվել կամ սահմանափակվել են արձանագրված դեպքերում:
  2. Կոնկրետ իրավունքների ոտնահարումների արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագրությունը:

Զեկույցի վերջում զետեղված են Փինք Արմենիայի առաջարկությունները պետական մարմիններին, ԶԼՄ-ներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակին, որոնց իրականացումը հնարավորություն կտա ապահով միջավայր ստեղծել հասարակության մեջ ԼԳԲՏ անձանց համար, որտեղ նրանք հանդես կգան որպես հասարակության լիիրավ անդամներ և հնարավորություն կունենան արդյունավետ իրացնել իրենց իրավունքներն և ազատությունները: