Տարվա ձեռքբերումները

30-12-2022

Ահա և ավարտին մոտեցավ 2022 թվականը։ Երկրի անվտանգության հարցերն ու քաղաքական մարտահրավերները զգալի ազդեցություն ունեցան նաև կազմակերպության ընդհանուր գործունեության վրա, սակայն մենք կարողացանք շարունակել մեր աշխատանքները՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և համերաշխության մթնոլորտի ձևավորման։

Անցնող տարին ճանապարհում ենք խոստումնալից արդյունքներով, իսկ հաջորդ տարի մտնում ենք ավելի լավ ակնկալիքներով։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Փինքը նշեց սեռականության բազմազանությունը խորհրդանշող IDAHOBIT շաբաթը։ Մայիսի 17-ին Փինքի կողմից կազմակերպվեց «Անպատժելիության 10 տարին» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին ներկա էին Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և տեղական քաղհասարակության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ինչպես նաև կազմակերպության շահառուներ, աջակիցներ և Փինքի ռազմավարական դատավարությունների դեպքերով տուժած անձինք։

Ուշագրավ է անդրադառնալ այն փաստին, որ մայիսի 17-ի կլոր սեղան-քննարկման ժամանակ «Դի Այ ՈՒայ» ակումբի պայթեցումից տասը տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է Արմինե Օգանեզովայի իրավունքների պաշտպանությունը։ Այսպիսով, մեկ տասնամյակ տևած անպատժելիության մթնոլորտը կոտրվեց Դատարանի արդարացի վճռով։

Մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ Փինքը երկար տարիներ իրավակիրառ մարմիններին հասանելիություն չի ունեցել, այս տարվա ընթացքում մենք կարողացել ենք իրականացնել ատելության հիմքով հանցագործությունների քննության առանձնահատկությունների և տուժողների հետ զգայուն վերաբերմունքի մասին դասընթացներ ոստիկանների, քննիչների և դատախազների հետ։

Որպես Փինքի մեծ աշխատանքի արդյունք՝ նոր քրեական օրենսգրքով սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունները արդեն կարող են քրեական պատասխանատվության հանգեցնել։

Հոկտեմբերի 28-ից 30-ը Փինքն անցկացրեց արդեն ավանդույթ դարձած 7-րդ «Ծիածան» ֆորումը, որին մասնակցելու համար գրանցվել էին ավելի քան 140 մասնակիցներ։ Այս անգամ ֆորումի խորագիրն էր «Ամրապնդելով ԼԳԲՏ+ շարժումը»։ Ֆորումի ընթացքում ԼԳԲՏ+ անձինք և աջակիցները քննարկեցին մի շարք թեմաներ, տարբեր քվիր արտիստներ հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց հեղինակած ֆիլմերը, տեղի ունեցավ նաև «Բերնեբերան» քվիր ներկայացումը, որի շրջանակներում ԼԳԲՏ+ անձինք և համախոհները հանդես եկան իրենց ելույթներով։ Հարկ է նշել նաև, որ ֆորումի վերջին օրը Փինքի հրավերով չպլանավորված այց կատարեց Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, իր հայանպաստ գործունեությամբ հայտնի Կարօ Փայլանը։

Դեկտեմբերին Փինքը նշեց իր 15-ամյակը։ Սա երկար սպասված իրադարձություն էր ԼԳԲՏ+ համայնքի համար։ Միջոցառմանը մասնակցեց մոտ 400 մարդ՝ դեսպաններ, ակտիվիստներ, ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչներ, արվեստագետներ, համախոհներ և այլն։ Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև երկար սպասված հայկական դրեգ արվեստի 3-րդ վերածնունդը։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու հինգ հայ դրեգ արտիստների կատարումը։

Այս տարի Փինքը տրամադրել է 12 ենթադրամաշնորհներ հասարակական կազմակերպություններին, որոնց գործողությունների հիմնական նպատակն էր բարձրացնել ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, նվազեցնել խտրականությունը քաղաքական, հասարակական և մեդիա ոլորտներում, անդրադառնալ Հայաստանում անհավասարության և ինստիտուցիոնալ խտրականության դիսկուրսին։

Ենթադրամաշնորհառուներից մեկը՝ Փենը, ստեղծեց Փինք Փեն ակումբը, որի միջոցով ստեղծվեցին որակական առումով ազդեցիկ ԼԳԲՏ+ գրական/արվեստային գործեր։ Նոյեմբերին տեղի ունեցավ «Փինք Փեն» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում «Փինք Փեն» մրցույթի մասնակիցները ընթերցեցին հատվածներ իրենց գրական աշխատություններից և հայտարարվեցին մրցույթի արդյունքները։

Սրանք դեռ ամենը չեն, ինչ ունեցել ենք 2022-ի ընթացքում։ Հարյուրավոր շահառուներ ստացել են մասնագիտական աջակցություն հոգեբանների, իրավաբանների և սոցիալական աշխատողների կողմից, տասնյակ մշակութային և սոցիալական միջոցառումներ հնարավորություն են տվել քվիր անձանց և արվեստագետներին ներկայացնել իրենց աշխատանքները։ Իսկ ֆիլմի դիտումները, դասընթացները, քննարկումները, լեզվի ակումբները, կավի և այլ ձեռագործ աշխատանքների հանդիպումները գրավել են բազմաթիվ այցելուների սրտեր և ապահովել բարձր մասնակցություն։

Փինքը մաղթում է բոլորիդ ուրախ տոներ։ Թող 2023 թվականը լի լինի բազմաթիվ հաջողություններով ու վերելքներով, նորանոր ձեռքբերումներով և, իհարկե, խաղաղությամբ։

Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Շնորհավոր Նոր տարի: