Տրանս անձանց հիշատակի օր
Տրանս անձանց հիշատակի օրն ուղղված է հարգելու այն տրանս անձանց հիշատակը, որոնք կորցրել են իրենց կյանքն ատելության և բռնության պատճառով: Ամեն տարի նոյեմբերի 20-ին ակտիվիստներն ամբողջ աշխարհում իրականացնում են օրվան նվիրված տարբեր միջոցառումներ՝ մոմավառություններ, եկեղեցական ժամերգություններ, երթեր, գեղարվեստական ցուցահանդեսներ կամ ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ՝ հարգելու տրանսֆոբիայի պատճառով սպանված տրանս անձանց հիշատակը: Օրվա նպատակն է բարձրացնել տրանս անձանց նկատմամբ շարունակվող բռնության մասին իրազեկվածությունը:
Տրանս անձանց հիշատակի օրը հիմնադրվել է 1999 թվականին տրանս հարցերի ջատագով Գվենդոլին Սմիթի կողմից, երբ մոմավառություն կազմակերպվեց ի հիշատակ աֆրոամերիկացի տրանս կին Ռիտա Հեսթերի, ով սպանվել է 1998 թվականին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ իր բնակարանում: Մոմավառության նպատակն էր հիշատակել այն բոլոր տրանս անձանց, որոնք մահացել են բռնության ենթարկվելու հետևանքով: Ի լրումն այս ամենի՝ Ռիտա Հեսթերի սպանության դեպքը, ինչպես և տրանս անձանց նկատմամբ տեղի ունեցած սպանության մնացած դեպքերը, դեռևս գտնվում է բացահայտման փուլում։
Հետաքրքրական է, որ Գվենդոլին Սմիթը Տրանս անձանց հիշատակի օրը հիմնադրել է գրեթե 25 տարի առաջ այն բանից հետո, երբ ընդհանրություններ է գտել Ռիտա Հեսթերի և Շանել Փիքեթի՝ երկու սևամորթ տրանս կանանց սպանությունների միջև: Երկու կանայք էլ մահացած են հայտնաբերվել Բոստոնում՝ Շանել Փիքեթը 1995 թվականի նոյեմբերին, իսկ Ռիտա Հեսթերը՝ 1998 թվականի նոյեմբերին։
«Ես գիտակցում էի, որ այդ երկու սպանության դեպքերը ուղղակիորեն կապված չէին միմյանց հետ, սակայն այդ երկու կանայք էլ տրանս և աֆրոամերիկացի էին, երկուսն էլ սպանվել էին Մասաչուսեթսի Բոստոն քաղաքում՝ նոյեմբեր ամսվա կեսերին կամ վերջին»,- նշել է Գվենդոլին Սմիթը NBC-ին տված իր հարցազրույցում։
1999 թվականի գարնանը Գվենդոլին Սմիթը թվով հարյուր ակտիվիստների հետ բողոքի ցույց անցկացրեց Սան Ֆրանցիսկոյում, որից հետո Սմիթը եկավ այն եզրահանգմանը, որ տրանս նահատակների հիշատակը հավերժացնելու համար անհրաժեշտ է հիշատակի օր հռչակել։ Այդ տարվա նոյեմբերին նա կազմակերպեց Տրանս անձանց հիշատակի օրվան նվիրված առաջին մոմավառությունը, որն անցկացվեց Սան Ֆրանցիսկոյում և Բոստոնում։
Բռնության հետևանքով մահացած տրանս անձանց հիշատակը հարգելու կարևորությունն ընդգծելու համար Գվենդոլին Սմիթն իր ելույթներից մեկում նշել է. «Տրանս անձանց հիշատակի օրը միտված է ընդգծելու այն կորուստը, որին մենք բախվում ենք տրանս անձանց հանդեպ գոյություն ունեցող անարդարության և բռնության պատճառով: Ես քաջատեղյակ եմ, որ մեր իրավունքների համար պայքարելու անհրաժեշտություն կա, և կարծում եմ, որ ապրելու իրավունքը վեր է ամեն ինչից։ Հաշվի առնելով այն փաստը, որ շատ մարդիկ ձգտում են վերացնել տրանս անձանց՝ երբեմն անգամ ամենադաժան ձևերով, շատ կարևոր է, որ վառ պահենք բռնության զոհ դարձած տրանս անձանց հիշատակը և շարունակենք պայքարել արդարություն հաստատելու համար»։
Տրանս անձանց նկատմամբ բռնությունն առայժմ շարունակում է հիմնախնդիր մնալ։ Ամեն տարի աշխարհում գրանցվում են տրանս անձանց բռնության կամ սպանության բազմաթիվ դեպքեր, և 2022 թվականը բացառություն չէ։ Trans Lives Matter-ը (թարգմ՝ Տրանս կյանքերը կարևոր են) աշխարհի կտրվածքով փաստագրել է 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տրանս անձանց սպանությունների 390 դեպք: Թվով 107 դեպք գրանցվել է Բրազիլիայում, 50 դեպք՝ Մեքսիկայում, 29 դեպք՝ Կոլումբիայում, և շատ այլ դեպքեր աշխարհի մյուս երկրներում։
Անդրադառնալով տրանս անձանց նկատմամբ բռնություններին՝ հարկ է նշել, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ տրանս մարդիկ պարբերաբար ենթարկվում են բռնության։ 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ ոտնձգության, ֆիզիկական բռնության և իրավախախտումների այլ դեպքեր տրանս անձանց նկատմամբ։ Հայաստանում տրանս անձանց հանդեպ տեղի ունեցող հանցագործությունները շարունակում են անպատիժ մնալ։ Ամեն տարի արձանագրվում են բազմաթիվ բռնության դեպքեր, որոնք մի կողմից ուղեկցվում են հասարակության կողմից քննադատական վերաբերմունքով, իսկ մյուս կողմից՝ իրավապահ մարմինների՝ քրեական գործերին ոչ պատշաճ ընթացք տալով, ինչի արդյունքում հանցագործությունների թիվն աճում է, իսկ հանցագործները մնում են անպատիժ։
Տրանս անձանց հիշատակի օրվա հռչակումը հնարավորություն տվեց տրանսֆոբիայի պատճառով զոհված անձանց հիշատակը վառ պահել լրատվամիջոցների, ոստիկանության և հասարակության աչքերում։ Այս օրը հնարավորություն է ընձեռում հրապարակայնորեն հիշատակել սպանության զոհ դարձած տրանս անձանց կյանքերը, որոնք այլ կերպ կարող էին չհիշվել, և բարձրացնել տրանս անձանց նկատմամբ ատելության հիմքով կատարվող հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածությունը։