Տրանս անձանց տեսանելիության օր
Մարտի 31-ը Տրանս անձանց տեսանելիության միջազգային օրն է։ Այս օրվա շրջանակներում իրականացվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ։ Օրը հնարավորություն է տալիս տրանս անձանց և իրենց աջակիցներին բարձրացնել տրանս համայնքի հիմնախնդիրները, քննարկել լուծման հնարավոր տարբերակները, խոսել և կրթել մարդկանց այն մասին, թե ինչ է նշանակում լինել տրանս անձ, ինչպես նաև անդրադառնալ տրանս անձանց մասին տարածված կարծրատիպերին՝ կոտրելով դրանք բազմազան տեղեկատվական նյութերի միջոցով:
Այս օրվա շրջանակներում շատ կարևոր է նաև կիսվել ձեռքբերումների մասին պատմություններով, քանի որ տրանս համայնքը շատ հաճախ թերներկայացված է, իսկ այս օրը տրանս անձանց հնարավորություն է տալիս պատմել իրենց փորձառություններից, բարձրացնել իրենց հետաքրքրող և անհանգստացնող հարցերը և այլն:
Այս տարի Փինքը պատրաստել է մի տաղանդավոր տրանս կնոջ մասին փոքրիկ տեսանյութ, որտեղ նա մեզ հետ կիսվում է հետաքրքիր դիտարկումներով՝ իր օրինակով ցույց տալով, թե ինչքան բազմազան է տրանս անձանց կյանքը։