ՔԿՀ աշխատակիցները շարունակում են վատ վերաբերվել ազատազրկված նույնասեռականներին․ զեկույց
Ազատազրկված նույնասեռականները կամ այդպիսին համարվողները կրկնակի պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկներում՝ ենթարկվելով նվաստացման, խոշտանգման, հոգեբանական ճնշման, շահագործման, եզրակացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Ըստ դիտորդական խմբի հաշվետվության, 2017թ. ԳԲՏ (գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ խարանն ու խտրականությունը, խոշտանգումները շարունակել են խորանալ:
Գրեթե բոլոր ՔԿՀ-ներում նրանց համար նախատեսված խցերը անբարենպաստ պայմաններում են՝ կոտրված պատուհաններով (օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ), անսարք վարդակներով, անկայուն սենյակային ջերմաստիճանով, հակահիգիենիկ վիճակով, կոտրված մահճակալներով:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույնասեռականների համար նախատեսված խցերում պահվող մարդկանցից ոչ բոլորն են եղել նույնասեռական մինչև ազատազրկումը:
Ըստ ՔԿՀ-ի աշխատակիցների՝ նույնասեռական անձանց տեղափոխում են նույնասեռականների համար նախատեսված խցեր, նրանց դիմումների համաձայն, որոնց մեջ որպես հիմք նրանք նշում են իրենց սեռական կողմնորոշումը և պատիժը այլոց հետ նույն խցում կրելու անհնար լինելու փաստը: ՔԿՀ աշխատակիցները նշել են, որ այդպես է արվում նրանց անվտանգությունը ապահովելու համար:
Համաձայն ՔԿՀ-ների աշխատակիցների՝ դատապարտյալներն ու կալանավորները «նման» մարդկանց հետ շփվելու ցանկություն չունեն և հրաժարվում են նույն սպասքից օգտվելուց։ Բանտային չգրված օրենքների համաձայն, եթե հետերոսեքսուալ անձը շփվում է նույնասեռական անձի հետ, ապա նա «կոտրվում» է և զրկվում է «նորմալ մարդ» կարգավիճակից։
Դիտորդները պարզել են, որ նույնասեռական անձինք ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ևս բնորոշվում են տարբեր բացասական և նվաստացնող բնութագրումներով և ներգրավվում են նվաստացնող աշխատանքներում (ՔԿՀ-ների տարածքի մաքրում, խցերի մաքրում, աղբի թափում, զուգարանների և սանհանգույցի մաքրում և այլն)։
«Համաձայն ՔԿՀ-ների աշխատակիցների՝ այս տիպի աշխատանքներում խոցելի խմբերը և հատկապես այդ խմբերից նույնասեռականները իրենց դիմումների համաձայն են ընդգրկվում, մինչդեռ նման իրավիճակը ՀՀ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում համատարած բնույթ է կրում (բացառությամբ «Վարդաշեն» ՔԿՀ-ի), ինչը իր հերթին հիմք է տալիս կարծելու, որ այդ դիմումները սեփական նախաձեռնությամբ չեն ներկայացվում»,- ասված է զեկույցում՝ նշելով, որ ՔԿՀ աշխատակիցները բազմիցս են զգուշացվել, որ նույնասեռականներին պիտակավորելը վիրավորանք է, արժանապատվություն նսեմացնող արարք, այդուհանդերձ դիտորդները շարունակում են արձանագրել ՔԿՀ աշխատակիցների նման գործելաոճը։
Դիտորդները հիշեցնում են, որ Յոգյակարտյան 9–րդ սկզբունքի համաձայն, պետությունները պարտավոր են հնարավորինս ապահովել բոլոր դատապարտյալների մասնակցությունն իրենց պահման մասին որոշումների կայացմանը, որը կհամապատասխանի իրենց սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանը, և պետք է տրամադրեն պաշտպանության բոլոր միջոցները դատապարտյալների համար, որոնք կարող են խոցելի լինել բռնության կամ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության շարժառիթով։
Դիտորդները նշում են, որ այս հանգամանքները առավել խոցելի են դարձնում տվյալ խմբի ներկայացուցիչներին և հետագայում կարող են խնդիրներ ստեղծել հասարակություն վերաինտեգրման գործում: