Օգոստոսի 3-ը՝ ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր

02-08-2023

2020 թ․ Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը որոշեց նշանավորել ԼԳԲՏ+ անձանց իրավահավասարության համար արդեն տասնամյակներով ձգվող պայքարը՝ հռչակելով օգոստոսի 3-ը որպես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օր։ 2023 թ․ օգոստոսի 3-ին օրը կազմակերպության կողմից նշվում է արդեն չորրորդ անգամ։ Ի սկզբանե օրը հռչակվել է վերոնշյալ անունով, սակայն, հաշվի առնելով համայնքից ստացած արձագանքները, այս տարի որոշվեց անվանափոխել օրը՝ դարձնելով այն ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր։

Օրվա խորհուրդը ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականության դեմ երկարատև պայքարն է, որին տարիներ շարունակ մասնակից են եղել թե՛ Փինքը, թե՛ Հայաստանում գործող այլ իրավապաշտպան կազմակերպություններ՝ իրականացնելով տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ քննարկումներ և հանդիպումներ ոստիկանության, պատգամավորների, պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ, կազմակերպելով հանրային և առցանց արշավներ՝ ուղղված ԼԳԲՏ+ անձանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։

ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրն, իհարկե, ունի նախապատմություն։ 2018 թ․ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում թվով ինը երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ+ ակտիվիստներ, բռնության են ենթարկվել ավելի քան 20 անձի կողմից՝ իրենց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով։ Սույն գործով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս, իսկ հանցավորներին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Հենց այս դեպքն էլ հանդիսացել է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրվա հռչակման շարժառիթը։

Ամեն տարի Փինքի կողմից արձանագրվում են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելությամբ զուգորդված բազմաթիվ հանցագործություններ և այլ իրավախախտումներ։ Չնայած դեպքերի համատարած բնույթին՝ ԼԳԲՏ+ անձինք սովորաբար խուսափում են դիմել իրավապահ մարմիններին՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու կամ իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու համար։ Իրավապահ մարմիններին դիմելուց խուսափելու հիմնական պատճառն այն է, որ ԼԳԲՏ+ անձինք հաճախ չեն վստահում ոստիկանությանը և մտածում են, որ իրենց իրավունքները հնարավոր չի լինի վերականգնել, իսկ գործնականում բազմիցս ապացուցվել է, որ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեպքերը կամ կարճվում ու ձգձգվում են ոստիկանության կողմից, կամ էլ գործերին պատշաճ ընթացք չի տրվում։

Եղել են դեպքեր, երբ ոստիկանության կողմից հետապնդումներ են սկսվել շահառուի նկատմամբ, կամ երբ ոստիկանները ծաղրել են շահառուներին։ Փաստացի ստացվում է, որ արդարադատության անհասանելիությունը և կրկնակի զոհացումը, ծաղրը և խտրականության խարանը հիմք են հանդիսանում ԼԳԲՏ+ անձանց՝ ոստիկանության նկատմամբ վստահությունը կորցնելուն, ինչի արդյունքում էլ շատ դեպքերով ԼԳԲՏ+ անձինք անգամ ոստիկանությանը հաղորդում չեն տալիս։

ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականության հիմքով դեպքերը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը կատարի իր միջազգային պարտավորությունները՝ ընդունելով խտրականությունը կանխարգելող, ինչպես նաև արգելող քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվություն սահմանող առանձին համապարփակ օրենսդրություն, որը կապահովի խտրականությունից պաշտպանված լինելու անձի իրավունքը նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։ Այս առումով պետության պարտավորությունների մեջ են մտնում նաև ատելության հիմքով հանցագործություններն արգելող ՀՀ օրենսդրության վերանայումը և անդուրժողականության ու հավասարության գաղափարների խթանումը պետական մարմինների ծառայողների, ոստիկանության և քննչական մարմինների ծառայողների մոտ։

Տևական այս պայքարի արդյունքում Փինք իրավապաշտպան ՀԿ-ն ակնկալում է ունենալ մի հասարակություն, որտեղ բոլոր մարդկանց իրավունքները հավասար պաշտպանված են և յուրաքանչյուր ոք ազատ է՝ անկախ իր սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից։