Անձի սեռականությունն՝ ընտանեկան բռնության պատճառ

01-10-2019

2019թ․ ընթացքում՝ հունվարից սեպտեմբեր ամիսների ընթացքում, «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից արձանագրվել է ԼԳԲՏ անձանց նկատմամբ ՍԿԳԻ հիմքով ընտանիքում բռնության 8 դեպք։ Դեպքերից 5-ն արձանագրվել են Երևանում, 3-ը՝ ՀՀ տարբեր մարզերում։ Ընտանիքում բռնության ենթարկված անձանցից 5-ը իգական սեռի ներկայացուցիչ են, 3-ը՝ արական սեռի ներկայացուցիչ։ Ընտանիքում բռնության դեպքերից 5-ը արձանագրվել է անչափահասների նկատմամբ։

1․ Շ-ի ընտանիքը տեղեկացել է դիմողի նույնասեռական լինելու մասին, ինչից հետո նրան զրկել է կապի միջոցներից, թույլ չի տվել տանից դուրս գալ։ Ազատությունից զրկելը իրականացվել է՝ դիմողին կպչուն ժապավենի միջոցով աթոռին կապելով։ Դիմողին ստիպել են նաև այցելել հոգեբանի, ով անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել՝ փորձելով փոխել դիմողի սեռական կողմնորոշումը խոսքային թերապիաների միջոցով։

2․ Է-ին ընտանիքում հոգեբանական բռնության է ենթարկել նրա հորաքույրը։ Վերջինս, իմանալով տուժածի նույնասեռ հարաբերությունների մասին, սպառնացել է, որ կդիմի ոստիկանությանը՝ տուժածին «պղծելու» համար նրա զուգընկերուհուն պատասխանատվության ենթարկելու համար, եթե տուժածը չդադարեցնի իր զուգընկերուհու հետ հարաբերությունները։ Սպառնալիքները կրկնվել են պարբերաբար։ Է-ի ծնողները, հետագայում իմանալով իրենց դստեր նույնասեռ հարաբերությունների մասին, նրան տարել են Ռուսաստան, նրանից վերցրել անձնագիրը, որ չկարողանա վերադառնալ Հայաստան, զրկել են կապի միջոցներից և փակի տակ են պահել տանը։

3․ Ի․Գ․-ն իր ընտանիքի անդամների ներկայությամբ դրական է արտահայտվել և պաշտպանել ԼԳԲՏ անձանց, երբ նրանք վիրավորեն են վերջիններիս։ Դա հանգեցրել է ընտանեկան վեճերի, մասնավորապես՝ տուժածին նրա հայրը, մայրը, եղբայրը պարբերաբար ենթարկել են հոգեբանական բռնության՝ վերբալ ճնշումների՝ կապված իր գաղափարների հետ։ Որպես տրանսգենդեր տղամարդ նույնականացող տուժածին ստիպել են կանացի հագուստ հանգել, շպարվել և երկար մազեր ունենալ, աղբն են նետել տուժածի հագուստները։ Տուժածին ենթարկել են նաև ֆիզիկական բռնության, հարվածել են ձեռքերով, վայր ընկնելուց հետո հարվածել ոտքերով։ Տուժածին զրկել են կապի միջոցներից՝ հեռախոսից, համակարգչից, թույլ չեն տվել շփվել ընկերների հետ։ Տուժածի եղբայրը սպառնացել է, որ կսպանի այն տղային, ում տուժածը սիրում է։

4․ Տուժածի հայրը նրա հեռախոսի մեջ գտել է այլ տղամարդկանց մերկ լուսանկարներ, ինչից հետո ծեծել է որդուն։ Հաջորդ օրը նա դպրոց է գնացել կապտուկներով։ Դրա մասին պատմել է դասարանցիներին։ Ուսուցչուհու աջակցությունն անօգուտ է եղել։ Ընտանիքում բռնության այս դեպքով զբավել են մի շարք հկ-ներ, դիմումներ են ներկայացվել ՀՀ ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանին, ՏԻՄ համապատասխան բաժնին։ Որևէ կառույց արդյունավետ աջակցություն չի ցուցաբերել։

Պարբերաբար բռնությունների ենթարկվելուց հետո տուժածը փախել է տնից։ Գտնելով երեխային՝ ՀՀ ոստիկանությունը նրան վերադարձրել է հորը։ Հայրը հայտնել է, որ որդուն դպրոցից հանելու է և տնային դասեր կազմակերպի, որից հետո երեխան այլևս դպրոց չի հաճախել։

5․ Անձը իր հորը հայտնել է իր նույնասեռ սեռական կողմնորոշման մասին, ինչից հետո վերջինս որդուն 1 օր փակի տակ է պահել։ Տուժածը փախել է տնից, այնուհետև կապ հաստատել հոր հետ՝ պայմանավորվելով հանդիպել։ Հանդիպման ընդացքում հայրը ֆիզիկական բռնություն է գործադրել (քաշքշել, փորձել խեղդել) տուժածի նկատմամբ, ինչի արդյունքում երկուսն էլ բերման են ենթարկվել ոստիկանություն։

6․ Դ-ի հայրը, իմանալով նրա սեռական կողմնորոշման մասին, նրան ֆիզիկական բռնության է ենթարկել, հարվածել, վիրավորական բառեր ասել։ Պահանջել է կամ ավարտել նույնասեռ հարաբերությունները կամ հեռանալ տնից և ինքնուրույն ապրել։ Դ-ն հեռացել է տնից՝ չնայած նրան, որ տնտեսական կախվածության մեջ է գտնվում ծնողներից․ նա չունի այլ տուն, չի աշխատում, սովորում է բուհում, ուսման վարձավճարը տալիս են ծնողները։

7․ Նույնասեռական կինը 2018թ․ դեկտեմբերին մասնակցել է ԼԳԲՏ համայնքից իր ընկերներից մեկի ծննդյան տարեդարձին, ինչի արդյունքում անձի ընտանիքի անդամները կասկածել են անձի՝ լեսբի լինելու մասին։ Դրանից հետո նրան փակել են տանը, զրկել կապի միջոցներից՝ հեռախոսից, ինտերնետից։ Անձի տատիկը և մայրը սկսել են զանգեր կատարել նրա ընկերներին և հայտնել, որ ֆիզիկական բռնության են ենթարկել տուժածին և նրան թույլ չեն տալու շփվել իր ԼԳԲՏ ընկերների հետ։ Միևնույն ժամանակ հայտնել են, որ պատրաստվում են տուժածի ԼԳԲՏ ընկերների ծնողներին տեղեկացնել իրենց երեխաների սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին։ Նախորդիվ տուժածի հայրը նրան բռնության է ենթարկել այգում՝ կասկածելով նրա սեռական կողմնորոշման մասին։ Տուժածի հայրը հարվածներ է հասցրել նրան, ինչից հետո դեմքը սկսել է արնահոսել, այնուհետև բռնի ուժով նստեցրել է իր ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ (դեպքի մասին տեղեկացրել է տուժածի ընկերներից մեկը)։

8․ Ա-ն «սեռական նախընտրության խանգարում» ախտորոշմամբ (նույնասեռական լինելու պատճառով) ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար։ Դրա մասին իմացել են նրա ծնողները, եղբայրը, ինչից հետո նրան շուրջ 2 ամիս փակի տակ են պահել տանը, զրկել են կապի միջոցներից։ Բացի այդ՝ նրա հասցեին պարբերաբար հնչեցրել են վիրավորական արտահայտություններ՝ նրա սեռական կողմնորոշման հետ կապված։

Արձանագրված դեպքերից միայն 4-ով են ընտանիքում բռնության ենթարկված անձինք ցանկություն հայտնել դիմել իրավապահ մարմիններին։ Այնուամենայնիվ 3 գործերով տուժածները հաշտվել են ընտանիքի անդամների հետ, ինչի արդյունքում քրեական գործերը հետագա ընթացք չեն ստացել։ 1 գործի ընթացքը ձգձգվում է՝ ներգրավված կողմերի անգործության կամ այլ պատճառներով։

Հիշեցնենք, որ ԼԳԲՏ անձինք անվճար իրավաբանական խորհրդատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 099-522533 թեժ գծին: