Ավարտվում է Արուսեակ արշավը

13-08-2020

Կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ծանր ու անելանելի վիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏ անձանց օգնելու նպատակով Փինք իրավապաշտպան և Կանանց Ռեսուրսային Կենտրոն հասարակական կազմակերպություններն իրականացնում էին դրամահավաք Արուսեակ առցանց արշավի շրջանակներում, որն ավարտվում է օգոստոսի 15-ին։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հանգանակություն կատարեցին, տարածեցին արշավի մասին տեղեկություններ, կիսեցին արշավի էջն իրենց ընկերների հետ ու բազմաթիվ բարեսիրտ և ոգևորող մեկնաբանություններ ուղարկեցին մեզ։

Մենք՝ լինելով արշավի կազմակերպիչները, չափազանց բարձր ենք գնահատում մեր աջակիցների հոգատարությունն ու գթասրտությունը, ինչի շնորհիվ մեր կազմակերպությունները կարող են շարունակել անչափ կարևոր և անհրաժեշտ աշխատանքները՝ անդադար պայքարելով շահառուների ապահովության, իրավունքների պաշտպանության և հավասարության համար։

Մեր սրտերն է՛լ ավելի ջերմացան, երբ տեղեկացանք, որ մեր արշավին հանգանակություն կատարած մարդիկ նաև իրենց մեծ ներդրումն են ունեցել Տավուշի մարզում հակառակորդի կրակոցներից տուժած գյուղերի վերականգնման աշխատանքներում։

Նրանք այժմ էլ շարունակում են աջակցել Բեյրութում վերջերս տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած անձանց, ինչն այս օրերին իրապես հրատապ հարց է։

Մենք որևէ կասկած չունենք, որ բարությունը կարող է փոխել աշխարհը, որի արդյունքում աշխարհը մի օր կդառնա ապահով, աջակցող, զարգացնող, բարյացակամ վայր բոլորի համար։

Սիրում ենք ձեզ և վստահեցնում ենք, որ ձեր նվիրաբերած բարությունը կդիպչի հարյուրավոր մարդկանց սրտերին, ու դրական արդյունքները կզգանք բոլորս։