ԼԳԲՏԻ անձանց իրավունքները ոտնահարվում են ՀՀ-ում․ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի զեկույց
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։
Զեկույցում հիմնականում շեշտվում են կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և ԼԳԲՏԻ մարդու իրավունքների խախտումները և դրանց պաշտպանմանն ուղղված առաջարկությունները։ Զեկույցում կոչ է արվում հստակեցնել դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։
Մասնավորապես, հանձնակատարը քաջարելում է կառավարությանը հրատապ և հստակ դիրքորոշում ստանձնել ԼԳԲՏԻ անձանց, ներառյալ ԼԳԲՏԻ ակտիվիստներին թիրախավորող բռնության, ատելության խոսքի և ատելության հանցագործության բոլոր դեպքերի դեմ և երաշխավորել, որ ցանկացած այսպիսի միջադեպ պատշաճ կերպով կդատապարտվի հանրային տիրույթում, կհետաքննվի և կդատաքննվի: Ի հավելումն ՍԿԳԻ (սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության) հիմքով պայմանավորված ատելության խոսքը քրեականացնող օրենսդրության ընդունման և ՍԿԳԻ պայմանավորված ատելության խոսքը քրեական իրավունքում ծանրացուցիչ հանգամանք դարձնելուն, հանձնակատարն առաջարկում է, որ իշխանությունները վերապատրաստում և իրազեկության բարձրացման միջոցառումներ իրականացնեն այս հարցերի վերաբերյալ իրավապահ մարմինների և դատավորների շրջանում:
Հայաստանը վավերացրել է Եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրությունը, որը սահմանում է խտրականության ընդհանուր արգելք: Ընդհանուր հավասարության և խտրականության դեմ դրույթները ներառված են Հայաստանի սահմանադրության հոդվածներ 28-ում և 29-ում: Սակայն այս դրույթները ոչ մի հղում չեն կատարում սեռական կողմնորոշվածությանը և գենդերային ինքնությանը: Ավելին, հանձնակատարը նկատում է, որ Հայաստանի իրավական համակարգում գոյություն ունեցող հակախտրական դրույթների մեծ մասը «բնույթով դեկլարատիվ են» և պահանջում են գործառնական կիրարկման մեխանիզմներ։
Հոմոֆոբիան շարունակում է լայնատարած մնալ Հայաստանի հասարակությունում, նշված է զեկույցում։
Այնուհանդերձ, հանձնակատարը ոգևորությամբ տեղեկացավ, որ 2018թ. սկզբին Արդարադատության նախարարությունը ՀԿ-ների հետ համատեղ նախապատրաստել էր խտրականության դեմ մի նախագիծ` իրավահավասարության մասին օրինագծի տեսքով: Սակայն 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից և դրանց հաջորդած կառավարության փոփոխություններից հետո այս օրենսդրական գործընթացը կանգ է առել, ներկայում, տարվում են ակտիվ աշխատանքներ գործընթացի վերսկսման ուղղությամբ։