ԼԳԲՏ թեմայով գովազդները սոցիալական չճանաչելու եզրակացությունը․ Փինք Արմենիան կդիմի դատարան
Տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարարությունը մերժել էր ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով գովազդները սոցիալական ճանաչել, սակայն մերժման նամակում չէր շարադրել Մշակույթի նախարարության պատասխան եզրակացությունը։
Նոյեմբերի 24-ին ուղարկված նամակում, հղում անելով գովազդի մասին օրենքին, առ այն, որ սոցիալական գովազդ համարվելու համար կարևոր է, որ այն ներկայացնի մարդու իրավունքների, սոցիալական պաշտպանության տարրեր, և որ դրա նպատակն է սոցիալական խնդրի, փաստի, վարքականոնի վերաբերյալ կամ բացասական երևույթի կանխարգելման, վեջինի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին հասարակությանն իրազեկելն է, մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼԳԲՏ թեմայով գովազդները պարունակում են․«Հասարակության մի խավի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության, հասարակության մեջ ինտեգրված լինելու մասին գովազդ, որոնք որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում և սոցիալական իրազեկման տարր չեն պարունակում»։
Շարունակելով, սոցիալական գովազդի ճանաչման հանձնաժողովից, հայտնում են․ «Հարկ է փաստել նաև, որ ներկայումս հասարակությունը հեռուստահաղորդումների, սոցիալական կայքերի և տեղեկատվական այլ միջոցներով տեղեկացված է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության մասին, հետևաբար տվյալ պարագայում բացակայում է դրա մասին առհասարակ գովազդի տեսքով հասարակությանը իրազեկելու անհրաժեշտությունը»։
Բացի այդ, հանձնաժողովի հիմնավորումներից է, որ․ «Ներկայացված գովազդի նախագծերը ոչ միայն գովազդում քարոզում են հանրությանը այդ խավի գոյության մասին, այլև բացահայտ գովազդում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզող մի շարք կազմակերպությունների․ գովազդի նախագծերում զետեղված են կազմակերպությունների համացանցային կայքերի, ցանցերի հասցեներ և տեսահոլովակների QR – կոդեր»։
Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը 0 կողմ, 0 ձեռնպահ և 11 դեմ ձայնով է մերժել երեք գովազդները սոցիալական ճանաչելու դիմումը։ Այդ գովազդներ են՝ «Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները։
Պատասխանը ստորագրված է հանձնաժողովի նախագահ Ա․ Պողոսյանի և քարտուղար Ա․ Բաբախանյանի անունով։
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) փաստի առիթով պատրաստվում է դիմել վարչական դատարան։
2017թ․մայիսի 27-ին ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։