Համայնքային միջոցառումները հոկտեմբերին
Չնայած համավարակի հետ կապված նոր զարգացումներին՝ Փինքի ռեսուրս-համայնքային կենտրոնը շարունակում է գործել։ Մեր նոր սենյակը ավելի շատ հնավորություններ ու ռեսուրս է տրամադրում թե’ մեզ, թե’ ԼԳԲՏ մարդկանց։ Կենտրոնում շուտով գործելու են անգլերենի, գերմաներենի և ֆիլմերի ակումբներ։ Իսկ մինչ այդ, մենք հոկտեմբեր ամիսը սկսեցինք լեսբիների օրը տոնելով և տրաֆարետներ պատրաստելու հմտություններ ձեռք բերելու աշխատարանով։ Հոկտեմբերի 8-ին խոսեցինք քաղաքական ակտիվիզմից և մեր ուզած ուղերձները գրաֆիտիների միջոցով արտահայտելու մասին։ Այնուհետև մեր պատրաստած տրաֆարետներով նկարեցինք շապիկների վրա։ Միջոցառման շարունակությունը արեցինք հոկտեմբերի 15-ին ՖեմԳրադարանում՝ ընթերցելով Ադրիեն Րիչի «Պարտադիր տարասեռականություն և լեսբիական գոյություն» հոդվածը և քննարկում ծավալելով տեքստի և մեր փորձառությունների շուրջ։ Այս միջոցառումները նախատեսված էին միայն կին նույնականացող/կնոջ սոցիալիզացիա անցած մարդկանց համար։
Իսկ հոկտեմբերի 11-ին նշեցինք բոլորիս համար շատ կարևոր ազնվանալու (coming out) օրը։ Քննարկեցինք միասին, թե ինչ հանգամանքներ է պետք հաշվի առնել ազնվանալուց առաջ և որն է ազնվանալու կարևորությունը համայնքի համար։ Հրավիրված էին նաև մասնակիցների ընկերները, ընտանիքի անդամները։ Վերջում մասնակիցները փոխանակվեցին իրենց փորձով և կիսվեցին ինքնաընդունման և սիրելի անձանց կողմից ընդունվելու մասին պատմություններով։ Այս պատմությունները շատ ոգեշնչող էին այն մարդկանց համար, ովքեր դեռևս վարանում են ազատ խոսել սեփական սեռականության մասին իրենց հարազատների և ընկերների հետ։
Նշենք նաև, որ Փինքի ռեսուրս-համայնքային կենտրոնում սկսվել է հոգեբանի հետ հանդիպումների շարք ԼԳԲՏ համայնքի անձանց համար։ Համայնքի մարդիկ բազմիցս նշել են, որ կուզեն իրենք իրենց ավելի լավ ճանաչեն, հոգ տանեն իրենց մասին՝ առերեսվելով սեփական հույզերին, մտքերին։ Դրանց ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեն քննարկել տարատեսակ թեմաներ ինչպիսինն են՝ հոգեկանի տարբեր ոլորտները, ուրիշների փորձառությունն ու պատմությունները, հոգեկանի մտային կառույցները, հոգեկանի և մարմնի անհատական փոխազդեցություններն ու արտահայտումները, առողջ հարաբերություններ կառուցելու ճանապարհները և այլն։ Հանդիպումները արդեն ընթանում են, դրանց ֆորմատը բաց է և կազմակերպված այնպես, որ ցանկացած մարդ հնարավորություն ունենա գալ այն հանդիպմանը, որին ցանկանում է։
Եվ իհարկե, ամիսը ամփոփեցինք անսեռականության իրազեկման շաբաթվան ընդառաջ հոկտեմբերի 22-ին հանդիպում-քննարկմամբ՝ անսեռական գրավչությունների մասին։ Մասնակիցները ավելի շատ տեղեկացան ասեքսուալության մասին և ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը ասեքսուալ կնոջ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց 2019 թ-ի Անսեռական համայնքի առցանց հարցման հաշվետվությունը և քննարկվեց սեռական գրավչության, սեռական ցանկության, սեռական գրգռվածության տարբերությունները։
Այսպիսով, չնայած մարտահրավերներին կարողացել ենք պահպանել կապը միմյանց հետ։ Նախորդ ամսվա ընթացքում առիթներ ենք ունեցել միասին քննարկել շատ կարևոր հարցեր և տոնել նշանակալի օրերը։ Հուսով ենք շարունակել նույն հունով և օգտագործել մեր նոր ռեսուրս-համայնքային կենտրոնի տրամադրած հնարավորությունները։