ՄԻՊ 2018թ․ հաղորդումը՝ ՍԿԳԻ հիմքով խտրականության տեսանկյունից

10-04-2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2018թ․ հաղորդումը, որում անդրադարձ է կատարվել նաև սեռական կողմնորոշման հիմքով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությանը։

Հաղորդման մեջ նշվում է, որ օրենսդրության ուսումնասիրության արդյունքում վեր է հանվում այն խնդիրը, որ օրենսդրության մեջ բացակայում են այնպիսի կարգավորումներ և մեխանիզմներ, որոնք կօգնեն անձին իր իրավունքի իրականացման, իսկ խախտվելու դեպքում՝ վերականգնման համար, իսկ առանձին կարգավորման առարկա ունեցող իրավական ակտեր խտրականություն սահմանող դրույթներ չեն պարունակում, թեև խտրականության արգելքն օրենսդրորեն ամրագրված է: Խտրականության դեմ պայքարի և իրավահավասարության համապարփակ օրենսդրության և խտրականության դեպքերի վերհանման և դրանց դեմ պայքարի գործուն մեխանիզմների բացակայությունը բարդացնում են ոլորտում խախտումների դեմ պայքարը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մի շարք օրենսդրական թերի կարգավորումների հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն պայքարել խտրականության բոլոր դեպքերի դեմ: Հայաստանում առկա է մի իրավիճակ, երբ անձի սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով կատարված հանցագործությունները չեն ազդում հանցագործության որակման և պատժի չափի որոշման վրա:

ՄԻՊ հաղորդումը փաստում է նաև, որ գործնականում շարունակում են խտրականության դրսևորման հետևանքով պացիենտների առողջության պահպանման իրավունքի սահմանափակման դեպքեր գրանցվել: 2018 թվականին ևս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներում բարձրաձայնվել է բուժաշխատողների կողմից մարդու նկատմամբ վերջինիս ՄԻԱՎ կարգավիճակով պայմանավորված խտրական և անհարգալից վերաբերմունքի դեպքերի մասին: Այս առումով ՄԻՊ-ը նշում է, որ անհրաժեշտ է մշակել համապատասխան ձեռնարկ որոշակի խմբերի, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ բուժաշխատողների աշխատանքի վերաբերյալ և ավելացնել համապատասխան դասընթացների թիվը (դիպլոմային և հետդիպլոմային)՝ բուժաշխատողների տարբեր հիվանդությունների տարածման ուղիների և անվտանգության միջոցների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Հարկ ենք համարում նշել, որ չնայած 2018թ․ հաղորդման մեջ անդրադարձ է կատարվում սեռական կողմնորոշման հիմքով խտրականությանը, սակայն անդրադարձը բավարար չափով համընդգրկուն չէ և ցույց չի տալիս ՀՀ-ում այդ հիմքով խտրականության ամբողջական պատկերը, դրա բացասական հետևանքների հանրային վտանգավորությունը։ Բացի այդ՝ հաղորդման մեջ ներառված չի գենդերային ինքնության հիմքով խտրականությունը, գնահատական տված չէ այդ հիմքով խտրականության օրենսդրական կարգավորման բացերի հետևանքներին։

Կարծում ենք՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության համատարած բացասական վերաբերմունքի և նրանց հանդեպ ատելության կոչերի ֆոնին, ինչի առկայությունն են փաստում ՀՀ-ում գործող տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները և այլ հրապարակումները, անհրաժեշտ է թեմային տալ հնչեղություն և առավել կոնկրետ մատնանշել ոլորտում առկա խնդիրները։