Մշակութային բազմազանության օրն ամփոփում ենք «Քվիրանտին» մրցույթը և հայտարարում հաղթողներին

21-05-2020

Փինքը «Քվիրանտին» առցանց-մրցույթը որոշել է ամփոփել «Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը»՝ մայիսի 21-ին։ Այն ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային տոն է, որն ուղղված է բազմազանության խթանմանը և մշակույթների միջև կամուրջ ստեղծելուն, որը խաղաղության, կայունության և զարգացման գրավականն է:

Բազմազանության օրը հրաշալի հնարավորություն է` օգնելու տարբեր համայնքներին հասկանալ մշակութային բազմազանության արժեքը, և սովորել, թե ինչպես համատեղ ապրել ներդաշնակության մեջ: 2001 թվականին, երբ Աֆղանստանում Բուդդայի բամիանական արձանները, որոնք թվագրվում էին մ.թ.ա. 6-րդ դարով և դասվում հնդկական Գանդհարյան արվեստին, ոչնչացվեցին Թալիբանների կողմից, ու արդյունքում, ի պատասխան մշակութային նման բարբարոսական հանցանքի, այդ օրը հռչակվեց որպես «Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր»։

Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են կառավարական տարբեր մարմինների, հասարակական կազմակերպությունների, հասարակության շրջանում մշակութային բազմազանության և զարգացման վերաբերյալ հարցերի ընկալմանը նպաստելուն:

«Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր»-ը միտում ունի նշվել այն երկրներում, որոնք ընդունում են իրենց բազմազան մշակութային պատմությունը և գիտակցում են դրա ընդգրկուն լինելու կարևորությունը:

Բազմազանություն հասկացությունը ներառում է իր մեջ ոչ միայն մշակութային եզրեր, այլ նաև որևէ համայնքի կամ խմբի մարդկանց ռասսան, լեզուն, կրոնը, գենդերային ինքնությունը, սոցիալական կարգավիճակը, ամուսնական կարգավիճակը, սեռական կողմնորոշումը և այլն։

Հետևաբար, այս օրվա հետ խորհրդանշորեն կապված էլ ամփոփում ենք մրցույթը, որը կարևորում է բազմազանությունը, և ուղղված է բազմազանությունը ջնջող ու ոչնչացնող ատելության դեմ պայքարին։

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ IDAHOBIT-ին, նվիրված Փինքը կազմակերպել էր «Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես։

Հաշվի առնելով Կորոնավիրուսի համաճարակի ստեղծած իրավիճակը՝ մենք որոշեցինք համախմբվել և գտնել ստեղծագործական ուղիներ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի շաբաթը նշելու համար։ Ցանկանալով ոգեշնչել, աջակցել և ներգրավել ԼԳԲՏ մարդկանց՝ որոշեցինք անցկացնել մրցույթն առցանց՝ խրախուսելով մարդկանց տանը մնալ։

Այդ իսկ պատճառով մրցույթ-ցուցահանդեսն անվանեցինք «Քվիրանտին», որի նպատակն էր խրախուսել մարդկանց կարանտինի ընթացքում օգտագործել արվեստը՝ որպես քվիր ակտիվիզմի գործիք։ Խորհրդանշական է նաև, որ ԼԳԲՏ մարդկանց մեկուսացումը և սոցիալական հեռավորությունը ամենօրյա պայման է և մշտական պայքար։

Մրցույթի շրջանակներում մասնակիցները ներկայացրել էին իրենց հեղինակային աշխատանքները, որտեղ արտացոլվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները, մարդկանց խաղաղ համակեցության թեմաները և հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարը։ Ընտրված լավագույն աշխատանքները օգտագործվելու են բացիկների, տեղեկատվական նյութերի տպագրության համար՝ հեղինակային իրավունքների պահպանմամբ։

Նախատեսված են եղել 3 մրցանակային տեղեր՝ մեկը` կազմակերպության քվեարկությամբ, իսկ երկուսը` առցանց քվեարկությամբ: Ստացված բոլոր պատկերները ներբեռնվել են կազմակերպության ֆեյսբուքի և ինստագրամի էջեր, որտեղ 7 օր շարունակվող առցանց ցուցահանդեսի ընթացքում սոցիալական ցանցերի օգտատերերը հնարավորություն են ունեցել ընտրություն կատարել ներկայացված աշխատանքների միջև՝ քվեարկելով նախընտրած աշխատանքների օգտին։ Ամփոփելով արդյունքները Ձեզ ենք ներկայացնում հաղթող հեղինակներին և իրենց աշխատանքները՝

1-ին տեղ՝ կազմակերպության կողմից հավանության արժանացած Մարիամ Թերզյանի «Ավելի բազմազան, ավելի շատ կապեր» աշխատանքը

2-րդ տեղ՝ ինստագրամում ամենաշատ հավանության արժանացած Սոնայի «Սերը սեր է» աշխատանքը

3-րդ տեղ՝ ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած Սոնետ աշխատանքը

 

Ցանկանում ենք նաև նշել, որ մրցույթին իր աշխատանքներն է ներկայացրել նաև Փինքի աշխատակիցը, ում ֆոտոշարքը ևս հրապարակվել է կայքում և սոցիալական ցանցերում, սակայն այն արտամրցույթային է և կազմակերպության կողմից ձևավորված քվեարկող հանձնաժողովը աշխատանքները չի դիտարկել մրցույթի շրջանակում։

Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին, շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին և քվեարկողներին, մաղթում ենք մշտապես մնալ բազմազանության ջատագովը։