Շորթումներ և սպառնալիքներ
Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքները պարբերաբար խախտվում են։ ԼԳԲՏ անձինք հաճախ չեն դիմում իրավապահ մարմիններին՝ վախենալով, որ կբացահայտվի իրենց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը կամ հենց այդ մարմինների կողմից կենթարկվեն կրկնակի խտրականության։
Բազմաթիվ են դեպքերը, երբ ԼԳԲՏ անձանց սպառնում են, որ կհրապարակեն նրանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ՝ նամակագրություն կամ նկարներ, իսկ լռության դիմաց պահանջում գումար կամ որևէ գործողության կատարում։ Նման պարագայում շատ կարևոր է դիմել վստահելի փաստաբանի՝ առանջնային խորհրդատվություն ստանալու, սեփական իրավունքները ճանաչելու և, ի վերջո, հասկանալու՝ պետք է դիմել իրավապահ մարմնի, թե ոչ։
Փինքը բազմիցս արձանագրել է ԼԳԲՏ անձանցից գումար շորթելու տարբեր փորձեր, այս տարի ևս արդեն կան նման դեպքեր։ Հանցավորները փորձում են շահել անձի վստահությունը, այնուհետև սկսում են սպառնալ, որ անձի մասին տեղեկություններ կտարածեն, եթե անձը իրենց գումար չտա, լինում է նաև, որ պահանջում են սեռական հարաբերություններ ունենալ և ենթարկում են սեռական բռնության։
Այսպիսի մի դեպքով հանցավորը խոստացել էր, որ կջնջի տուժողի մասին ամբողջ ինֆորմացիան, եթե տուժողը իրեն գումար վճարի, իր հետ սեռական հարաբերություն ունենա, այլապես սպառնացել էր նրա սեռական կողմնորոշման մասին հայտնել նրա ծնողներին։
Ժամանակին իրավական օգնության դիմելու շնորհիվ որոշում կայացվեց դիմել ոստիկանություն, հարուցվեց քրեական գործ, հանցավորը ձերբակալվեց։
Այնուամենայնիվ ցավով պետք է նշել, որ իրավապահ մարմինները դեռևս չեն կարողանում պատշաճ աշխատել ԼԳԲՏ անձանց հետ, խուսափում են իրավական որակումներ տալուց` հանցանքը ՍԿԳԻ հիմքով կատարվելուն, ինչպես նաև հարկադրաբար տեղի ունեցած սեռական հարաբերությունը չեն դիտարկում որպես սեռական բռնություն, ուստի այս ոլորտում դեռևս շատ անելիքներ ունենք։