Տեղի ունեցավ «Շրջահայաց լուսաբանում» դասընթացը

06-05-2019

Ապրիլի 26-28-ը «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացվեց «Շրջահայաց լուսաբանում» խորագիրը կրող հերթական դասընթացը՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Դասընթացի նպատակն էր՝ ԼԳԲՏ անձանց առնչվող թեմաների լուսաբանման առանձնահատկություններին ծանոթանալը, և նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը, որպեսզի ԼԳԲՏ անձանց հետ կապված դեպքերն առավել ճշգրիտ և օբյեկտիվ ներկայացվեն։

Դասընթացին մասնակցող լրագրողներին ու ոլորտի այլ մասնագետներին ներկայացվեցին տեղեկություններ սեռականության, ԼԳԲՏ անձանց մասին «միֆերի և իրականության» վերաբերյալ, ապա՝ ներկայացվեց ԼԳԲՏ անձանց ընդհանուր իրավիճակը Հայաստանում։ Մասնակիցներին պարզաբանվեց խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի ներպետական ու միջազգային իրավական կարգավորումները, ապա՝ տեղի ունեցան պրակտիկ խաղեր և իրական դեպքերի քննարկումներ։

Մասնակիցների հետ իրականացվեց ատելության կոչերի և տեղական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի վերլուծություն։ Դասընթացավարները քննարկեցին ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դեպքերը մեդիայում, և խորհուրդներ տրվեցին ԼԳԲՏ խնդիրներին անդրադառնալիս ինչպիսի պատշաճ տերմիններ օգտագործել։ Տեղի ունեցան նաև քննարկումներ լրագրողական էթիկայի նորմերի պահպանման վերաբերյալ։

Դասընթացի վերջում կազմակերպության կողմից մասնակիցներին տրվեցին վկայականներ։