2016-ին՝ «մետաստազներ», իսկ 2019-ին՝ «պաշտպանված լինելու իրավունք ունեցող խավ»․ Նաիրա Զոհրաբյանը ԼԳԲՏ անձանց մասին
Դեռևս 2016թ․-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԼԳԲՏ անձանց մասին խոսելիս «բացահայտորեն և հրապարակայնորեն» հայտարարել էր, թե «կանի ամեն հնարավորը՝ խոչընդոտելու Հայաստանում մետաստազների տարածմանը»։
Սակայն օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը, որի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, հիշեցնելով սոցիալական մեդիայում ատելության քարոզի մասին՝ հարցրեց նրան մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ։ Նա նաև երկրորդ հարցը տվեց՝ կապված ԼԳԲՏ անձանց իրավահավասության մասին, ինչը եզակի դեպքերից է, երբ խորհրդարանում նման թեմայով հարց է բարձրացվում։ Տիկին Բադալյանը մասնավորապես նշեց․ «Դուք նաև խոսեցիք եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու մասին և քիչ առաջ՝ եվրոպական արժեքների թյուրըմբռնման մասին (․․․) Նաև խոսեցիք ազգային մենթալիտետի անհամապատասխանության, եվրոպական ստանդարտների և ստերեոտիպեր կոտրելու մասին։ Հիմա, այս ամենի ընդհանուր կոնտեքստում, ուզում եմ նաև էստեղ ավելացնել, որքան էլ ուզենանք խուսափել, բայց սեռական փոքրամասնություններ ևս ապրում են Հայաստանի Հանրապետությունում, և նրանք էլ ունեն հավասարապես այդ իրավունքերից օգտվելու անհրաժեշտություն։ Այս հարցով Ձեր ուշադրությունը կենտրոնանալու՞ է արդյոք, նաև այդ թիրախային խմբի վրա»։
Ինչին տիկին Զոհրաբյանը պատասխանեց․ «(․․․) Ինչ վերաբերում է տարբեր փոքրամասնություններին, յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Ձեր նշած խավն ունի իրավունք, և եթե իրենք կդիմեն հանձնաժողով, Ձեզ հետ միասին կքննարկենք ցանկացած հարց, որովհետև ես կրկնում եմ՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքը, և յուրաքանչյուր ոք ունի պաշտպանված լինելու իրավունք։ Շնորհակալ եմ»։
Արդյո՞ք «իրավիճակը» փոխել է տիկին Զոհրաբյանին, և նա այսուհետ հետամուտ կլինի յուրաքանչյուր մարդու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացմանը, մասնավորապես՝ խտրականության բացառման, իրավահավասարության ապահովման իրավունքի անվերապահ կիրարկմանը, հետագա աշխատանքներից պարզ կդառնա։