Լրամփոփ | նոյեմբեր 2024

02-12-2024

Նոյեմբերը կարևոր ամիս էր Փինքի համար՝ իր բազմազան իրադարձություններով և կարևոր միջոցառումներով։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք այս այս Լրամփոփում:

Ատելության հիմքով հանցագործությունների զեկույցը

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության միջազգային օրն է, որի նպատակը հասարակությանը հանդուրժողականության կարևորության մասին իրազեկելն է:

Ամեն տարի՝ օրվան ընդառաջ, ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակը հրապարակում է անդամ պետություններում արձանագրված ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։ Հայաստանում 2023 թ․ արձանագրվել է 52 դեպք, որոնցից 49-ը ուղղված են եղել ԼԳԲՏ+ անձանց դեմ։
Փինքի կողմից ներկայացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավակիրառ մարմինները ոչ միայն հրաժարվում են ճանաչել ատելության հիմքով հանցագործությունները որպես այդպիսին, և դրանց տալ իրավական որակում, այլ նաև շարունակում են կրկնազոհացման, տուժողին մեղադրելու և ատելության հիմքով հանցագործությունների արդարացման պրակտիկան։


Ակտիվիստ Գրետա Թունբերգը Փինքում

Հայաստան կատարած այցի շրջանակներում հնարավորություն ունեցանք հյուրընկալելու ակտիվիստ Գրետա Թունբերգին։

Փինքում կազմակերպել էինք հանդիպում Գրետայի և մեր ակտիվիստների հետ, որի ընթացքում քննարկվեցին նրա ակտիվիստական ճանապարհը և Հայաստանի ներկայիս իրավիճակը։

Ե՛վ Գրետան, և՛ տեղի ակտիվիստները հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղելու, փորձառություններով կիսվելու և պատմություններով փոխանակվելու։

Քննարկման ընթացքում շեշտվեց նաև ակտիվիստների բարօրության և ինքնախնամքի կարևորությունը։ Գրետան կիսվեց սթրեսը կառավարելու և ինքնախնամքի իր անձնական մոտեցումներով։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Գրետա Թունբերգին՝ Հայաստանի կարևոր հարցերը միջազգային հարթակներում բարձրաձայնելու, ինչպես նաև ԼԳԲՏ+ շարժմանն իր սոլիդարությունը ցուցաբերելու համար:

Եվրախորհրդի անցուդարձ

Մեզ համար պատիվ է ներկա լինել Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի 25-ամյակին նվիրված միջոցառմանը Ստրասբուրգում: Այս բարձր մակարդակի միջոցառումը համախմբել է ազդեցիկ ձայներ ամբողջ աշխարհից, որին մասնակցեց փինքի գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը:

Անդրադառնալով վերջին 25 տարիների ընթացքում հանձնակատարի գրասենյակի ազդեցությանը և նայելով ապագա մարտահրավերներին՝ ոգեշնչող էր լսել տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարների և նախկին հանձնակատարների կարծիքները:

Այնուհետև կազմակերպության տնօրենը մասնակցեց Նախարարների կոմիտեի հանդիպմանն ընդառաջ՝ ԵԽ մշտական ներկայացուցիչի համար կազմակերպված քաղհասարակության ճեպազրույցին, որտեղ ներկայացվեց ՄԻԵԴ-ի՝ Օգանեզովան ըննդեմ Հայաստանի գործով առաջարկությունների իրականացման պետության պարտավորությունները։

Ստեղծարար ձայներն ընդդեմ գենդերային բռնության

«Ստեղծարար ձայներն ընդդեմ գենդերային բռնության» խորագրով կոնֆերանսն ամփոփեց Փինքի կողմից իրականացված մասնագիտական դասընթացների արդյունքները: Դասընթացները ներառում էին գրաֆիկ դիզայնի, վեբ դիզայնի և սոցիալական մեդիայի մարքեթինգի խորացված դասեր, որոնց շնորհիվ մասնակիցները ձեռք բերեցին ինչպես մասնագիտական գիտելիքներ, այնպես էլ նոր հնարավորություններ իրենց ուժերը փորձելու այդ ոլորտներում։
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց Նիդերլանդների փոխդեսպան Թայմեն Քովինարը, որից հետո Փինքի ներկայացուցիչները դասընթացավարների աջակցությամբ ընթացք տվեցին միջոցառմանը։

Օրը հագեցած էր քննարկումներով և աշխատարաններով, որոնց ընթացքում մասնակիցները ստեղծեցին գենդերային բռնության թեմայով նյութեր։ Ավարտված աշխատանքները շուտով կհրապարակվեն մեր հարթակներում՝ որպես Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի արշավի մաս։

Միջոցառումը նաև հարթակ հանդիսացավ երիտասարդ մասնագետների և կազմակերպությունների միջև համագործակցության համար։

Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակ

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է, որով մեկնարկում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավը:

Արշավի նպատակն է իրազեկել գենդերային բռնության խնդրի մասին և ընդգծել դրա վերացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Այս տարի 16-օրյակը անցկացվում է «Միավորվենք՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու համար» կարգախոսի ներքո։

Կարևոր է գիտակցել, որ արշավն ուղղված է ոչ միայն կանանց նկատմամբ խտրականության վերացմանը, այլ նաև համակարգվածորեն անտեսված այլ խմբերի խնդիրների բարձրաձայնմանը։

Արշավի շրջանակներում հրապարակվեց «Զուգընկերային հարաբերությունների մարտահրավերները» տեղեկատվական գրքույկը, «Զուգընկերոջ հետ հարաբերությունների ստուգիչը», ինչպես նաև զուգընկերային համաբերությունների և խնդիրների մասին տեղեկատվական նյութեր։