Լրամփոփ | դեկտեմբեր 2024
Ամփոփելով տարվա վերջին ամիսը՝ ներկայացնում ենք կարևոր իրադարձությունները։ Դեկտեմբերին շարունակվեց Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավը, իսկ նշանավոր օրերին կազմակերպությունը հանդես եկավ հատուկ ուղերձներով։
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ․ Հայաստանի կառավարությունը ձախողել է ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքները։ Խարանն ու խտրականությունը մնում են անվերահսկելի, խնամքն ու աջակցությունն՝ անբավարար ֆինանսավորմամբ։
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ոչ թե պարզապես ՄԻԱՎ թեստավորման կամ կանխարգելման մասին է, այլ ժամանակն է կառավարությունից պահանջելու լիրարժեք խնամք, աջակցություն և իրավունքներ, որոնց արժանի է յուրաքանչյուր անհատ։ Այս պայքարը արդարության մասին է։ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են անհապաղ գործողություններ։
Սա արդարության, արժանապատվության և բոլորի հանդեպ հարգանքի մասին է։ Ժամանակն է բարձրաձայնելու, պայքարելու և պահանջելու փոփոխություն։
Շնորհակալություն մեր կամավորներին

Կամավորները կարևոր դեր ունեն. ներդնելով իրենց ժամանակը, էներգիան և տաղանդները՝ ամրապնդում են կազմակերպչական ջանքերը և ստեղծում իմաստալից փոփոխություններ:
Նրանք իսկապես փայլում են այնպիսի կարևոր իրադարձությունների ժամանակ, ինչպիսին մեր Ծիածան ֆորումն է՝ Հայաստանում ամենամեծ քվիր-ակտիվիստական միջոցառումը: Նրանց ոգևորությունն ու նվիրվածությունը դարձնում են այս միջոցառումներն ավելի հաճելի բոլորի համար:
Մեր կամավորները նաև ակտիվորեն ներգրավված են տարբեր սոցիալական նախաձեռնություններում և հոգատարությամբ աջակցում են Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերին:
Մենք հիանում ենք մեր կամավորների ուժով և համբերությամբ: Սիրում ենք և սրտանց շնորհակալություն հայտնում:
Իրավապաշտպանների միջազգային օր

Իրավապաշտպաններն աշխատում են մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ուղղությամբ: Նրանք պաշտպանում են ուրիշների իրավունքները՝ կարևորելով այդ մարդկանց և նրանց ընտանիքների անվտանգությունը:
1998 թ.-ին ՄԱԿ-ը ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանների հռչակագիրը, որն օրինականացրեց իրավապաշտպանների աշխատանքը և միտված է ավելի մեծ պաշտպանություն ապահովել նրանց գործունեության համար: Դրա շնորհիվ դեկտեմբերի 9-ը սահմանվեց որպես Իրավապաշտպանների միջազգային օր:
Իրավապաշտպանները հաճախ բախվում են սպառնալիքների ոչ միայն պետական իշխանությունների, այլ նաև ծայրահեղական խմբերի կողմից: Նման սպառնալիքների նկատմամբ հատկապես խոցելի են կին իրավապաշտպանները և ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանները:
Այս օրը ծառայում է որպես հիշեցում նրանց խիզախության և նվիրվածության մասին, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելու բոլոր մարդկանց հիմնարար իրավունքները:
Մարդու իրավունքների օր

Նորից կրկնենք. բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Կրկնենք սա ու հիշեցնենք պետական մարմիններին, որ հավասարությունը, արժանապատվությունն ու արդարությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անքակտելի մասն են։
ԼԳԲՏ+ անձինք շարունակում են խտրականության և ատելության թիրախ դառնալ՝ առանց արդյունավետ պաշտպանություն ստանալու իրավապահ և դատական մարմիններից։ Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելուն ուղղված պետության պարտավորությունները ենթադրում են նախ և առաջ իրավահավասարությանը և հանդուրժողականությանն ուղղված հստակ քաղաքականությունը, որը, լինելով բազմաշերտ միջոցառումների խումբ, նախ և առաջ ենթադրում է համապարփակ օրենսդրության ընդունում, որը այդպես էլ չիրականացվեց։
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։ Յուրաքանչյուր ոք, անկախ որևէ անձնական կամ սոցիալական հատկանիշից պետք է ունենա իրավունքների և ազատությունների իրացման հավասար հնարավորություն։
Զուգընկերային հարաբերություններ

Պատրաստել ենք զուգընկերոջ հետ հարաբերությունների ստուգիչ, որը թույլ կտա նկատել հարաբերություններում առկա որոշակի դրսևորումներ, որոնց ուշադրություն դարձնելը կարևոր է։ Կարևոր է հասկանալ, թե ինչ դրական կամ խնդրային հարցեր կան՝ դրականները զարգացնելու, իսկ խնդրայինների շուրջ աշխատելու կամ քայլեր ձեռնարկելու համար։
Սրանից բացի նաև հրապարակել ենք զուգընկերային հարաբերությունների վերաբերյալ կարևոր նյութեր, որոնք անդրադառնում են հարաբերություններում առկա խնդիրներին և թե ինչ անել նման խնդիրների դեպքում, առավել ևս ինչ սնասել աջակցության դիմել։