Լրամփոփ | հունիս 2025
Հունիսին մենք փայլում ենք ավելի վառ, քանի որ Հպարտության ամիսը մեզ հիշեցնում է, որ մեր գոյությունը դիմադրություն է։ Մենք բարձրացնում ենք մեր ձայնը նրանց համար, ովքեր չեն կարող խոսել։ Մենք հիշում ենք նրանց պատմությունները, ում ստիպել են լռել։
Մի աշխարհում, որտեղ մեր սերը դեռ չի ընդունվում՝ մենք սիրում ենք ավելի ուժեղ։ Եվ մի աշխարհում, որտեղ պատուհաններին ծիածաններ են նկարում, մենք հիշեցնում ենք՝ մեր հպարտությունը զարդարանք չէ, այն ուղերձ է աշխարհին։
Շարժման տոկունությունը. 10-րդ Ծիածան ֆորում
Հունիսի 19-21-ը Երևանում կայացավ հոբելյանական՝ 10-րդ Ծիածան ֆորումը։ Ֆորումը ԼԳԲՏ+ համայնքի համար կարևորագույն ակտիվիստական միջավայրն է, որը տարիների ընթացքում ձևավորել է հիշողություն, սոլիդարություն և նոր հնարավորությունների դաշտ։ Այս տարվա խորագիրը՝ «Շարժման տոկունությունը», սերտորեն կապված էր մարտահրավերների, ինչպես նաև կայունացման ու վերաիմաստավորման գործընթացների հետ։
Ֆորումը մեկնարկեց ոչ միայն տոնական, այլև՝ անցած ճանապարհին անդրադարձ կատարելու մթնոլորտով։ 10-րդ Ծիածան ֆորումը ոչ միայն վերականգնեց շարժման հիշողությունը, այլ նաև հնարավորություն տվեց նայել առաջ։ Այն հիշեցրեց, որ ապահով տարածքները չեն ակնկալվում, այլ՝ ստեղծվում են, և որ շարժման շարունակականությունն ապահովվում է այնտեղ, որտեղ կա վստահություն, պատասխանատվություն և միասնական ձգտում՝ ունենալ ավելի արդար ու իրավահավասար աշխարհ։
Տեղեկատվական արշավ
Հունիս ամսին Փինքը հրապարակեց պաստառներ և տեսանյութ, որոնք ուղղված են հենց ցուցադրելու զուգընկերային հարաբերություններում հաճախ հանդիպող ներդաշնակության ու ոչ ներդաշնակության նշանները։ Պաստառները ցույց են տալիս մեր հարաբերություններում ինչպես ներդաշնակ դրսևորումներ, այնպես էլ՝ «տոքսիկ» կամ բռնի։
Կարևոր է հիշել, որ բռնությանն ենթարկվելիս Դուք մեղավոր չեք․ մեղավոր է միայն բռնության ենթարկողը, իսկ աջակցությունը հասանելի է Հայաստանում։
Շուռնուխում տեղի ունեցած հարձակման գործի քննությունը կշարունակվի
2018 թ. Շուռնուխում մի խուրբ երիտասարդների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է դատախազի որոշումը` քրեական վարույթ չհարուցելու մասին։ Միևնույն ժամանակ պարտավորեցրել է քննչական մարմնին ապահովել պատշաճ, համակողմանի, արագ և առանց անհարկի ձգձգումների նախաքննություն։
Դատարանը չի համաձայնել դատախազի այն պնդմանը, թե միջադեպը կապված չէ տուժողների գենդերային ինքնության հետ, և որ հետևաբար սույն դեպքում խոսքը չի կարող գնալ անձանց իրավահավասարության խախտման մասին։
Դատարանը նաև անհամաձայնություն է հայտնել արարքի որակման հետ, որով անտեսվել էր տուժողների սահմանադրական իրավունքների պաշտպանության շահը` իրավահավասարության խախտմամբ պայմանավորված։ Այն նաև նշել է, որ պատշաճ գնահատման չի ենթարկել տուժողների սեռական կողմնորոշումը, նրանց գենդերային ինքնությունն ու դեպքին նախորդող և ուղեկցող հանգամանքները, այդ թվում՝ նաև վերջիններիս հասցեին հնչած խտրական արտահայտությունները, որոնք վկայում են արարքը ատելության շարժառիթով կատարված լինելու հանգամանքը։