Տրանս կնոջ սպանության գործով կայացվել է դատավճիռ․ ատելության շարժառիթը չի քննվել

11-07-2025

2025 թ․ մայիսի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացրեց մեղադրյալի վերաբերյալ՝ նրան դատապարտելով 10 տարվա ազատազրկման տրանս կնոջ սպանության համար։ Սակայն գործով անցնող տրանս կնոջ սպանության հանգամանքներում ոչ նախաքննական մարմինը, ոչ էլ դատարանը որևէ ջանք չգործադրեցին պարզելու՝ արդյո՞ք հանցագործությունն իրականացվել է ատելության շարժառիթով։ Չնայած նրան, որ տուժողի ներկայացուցիչը դեռ նախաքննության փուլում բարձրաձայնել էր ատելության հնարավոր շարժառիթի մասին, իսկ հետագայում նաև պարբերաբար անդրադարձել դրան դատաքննության ընթացքում, այնուամենայնիվ,  նշված հանգամանքը պատշաճ կերպով չի ուսումնասիրվել և չի ներառվել մեղադրանքի շրջանակում։ Արդյունքում՝ դատարանը, հենվելով մեղադրանքի ձևակերպման վրա, փաստացի հնարավորություն չի ունեցել գնահատել հանցագործության դրդապատճառների ամբողջական շրջանակը։ Սա վկայում է համակարգային անտեսման մասին, երբ տրանս անձանց նկատմամբ հնարավոր կանխակալ վերաբերմունքը, ինչպես նաև նրանց նկատմամբ գործադրվող ատելության հիմքով հանցագործությունները ոչ միայն չեն ճանաչվում, այլ նաև դուրս են մնում քրեական դատավարության ուշադրությունից։ Հատկապես մտահոգիչ է, որ չնայած հանրային պնդումներին, այդ թվում՝ սպառնալիքների մասին ահազանգերին, իրավապահ մարմինները չեն ձեռնարկել բավարար գործողություններ՝ այս հանգամանքները քննելու և գնահատելու ուղղությամբ։ 

Տրանս անձանց հասարակությունում ընդունման ցածր մակարդակը և տրանսֆոբիայի առկայությունը հաճախ տրանս անձանց դարձնում է ծայրահեղ խոցելի հնարավոր հանցագործություններից տուժելու նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ իրավախախտումների և հանցագործությունների, ինչպես նաև՝ ատելության ու բռնության կոչեր հնչեցնելու դեպքում անպատժելիության պրակտիկան առավել են սրում տրանս անձանց խոցելիությունը՝ կանաչ լույս տալով հնարավոր իրավախախտում կամ հանցագործություն իրականացնող անձանց գործել առանց լուրջ պատժի ու պատասխանատվության ակնկալիքի։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարևոր է տրանս անձանց նկատմամբ ցանկացած հանցագործության դեպքում դիտարկել ատելության շարժառիթը՝ որպես հնարավոր հիմք։ 

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն արձանագրում է, որ այս գործը վկայում է, թե որքան խոցելի են տրանս անձինք ոչ միայն բռնության, այլև հետագայում արդարադատության համակարգի անտարբերության առջև։ Հասարակությունում տարածված խտրական վերաբերմունքը չի կարող արտացոլում չգտնել նաև իրավապահ ու դատական համակարգերում։ Ուստի նման գործերով նախաքննության փուլում անհրաժեշտ է ամբողջական ու բազմակողմանի գնահատում՝ ներառյալ ատելության հնարավոր շարժառիթը։ 

Կազմակերպությունը շարունակելու է հետևել հետագա զարգացումներին և պահանջել, որ արդարադատությունը լինի լիարժեք, ներառական և ապահովի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ գենդերային հիմքով ատելության դրդապատճառով իրականացված հանցագործությունների պատշաճ քննությունը։