HRW. Հայաստանում ԼԳԲՏ մարդիկ հաճախ են հանդիպում խտրականության եվ բռնությունների

21-01-2020

«Հյումն ռայթս ուոթչ» միջազգային կազմակերպության կողմից հրատարակվել է 2020թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը։ Այն ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է այդ կազմակերպության աշխատակիցների կողմից 2019թ-ի ընթացքում` տվյալ երկրների մարդու իրավունքների ակտիվիստների հետ սերտ համագործակցությամբ:

Համաձայն այս զեկույցի՝ 2018թ-ի դեկտեմբերին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ միջազգային դիտորդների գնահատականի, իսկապես անցել են մրցակցային մթնոլորտում և համապատասխանել են միջազգային չափանիշներին: Զեկույցում նշվել է, որ ՀՀ կառավարությունը, ապահովված լինելով խորհրդարանական մեծամասնությամբ՝ ձեռնամուխ է եղել բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրագործմանը, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական և արդարադատության ոլորտներում։

Այնուամենայնիվ, զեկույցում արձանագրվել է, որ խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են Հայաստանում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերին և դրանց քննությանը, ընտանեկան բռնության դեպքերին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոտնահարմանը, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնության և խտրականության դեպքերին, և այլն։

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն (ՍԿԳԻ)

Ըստ Հյումն ռայթս ուոթչ կազմակերպության տարեկան զեկույցի՝ Հայաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձինք հաճախ են հանդիպում ոտնձգությունների, խտրականության և բռնությունների։ ՀՀ քրեական օրենսգիրքը չի ճանաչում հոմոֆոբիան և տրանսֆոբիան՝ որպես քրեական պատիժը ծանրացնող հանգամանքներ։ Զեկույցում արձանագրվում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ ծավալված բանավեճերը վերածվեցին ԼԳԲՏ անձանց նկատմամբ որոշ պետական պաշտոնյաների կողմից ատելության և նվաստացնող խոսքի դրսևորմանը, որոնք ենթադրում էին, թե կոնվենցիան ունի «ԼԳԲՏ քարոզչության» և նույնասեռ ամուսնությունների օրինականացման թաքնված օրակարգ:

Զեկույցում նշվում է, որ վախը խտրականությունից և իրենց սեռական կողմնորոշման մասին հանրայնացումից կանխում է, որ շատ ԼԳԲՏ մարդիկ հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնեն։ Հյումն ռայթս ուոթչը մատնանշում է, որ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2019թ-ի հունվար-օգոստոս ամիսներին սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով պայմանավորված 17 ֆիզիկական հարձակման դեպք են արձանագրել Հայաստանում։

Զեկույցում անդրադարձ է կատարվել ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ բռնության, խտրականության, ատելության խոսքի դրսևորման մի քանի հանրային դեպքերի, մասնավորապես՝ Երևանի փողոցում գեյ ակտիվիստի վրա հարձակման և ծեծի ենթարկմանը, խորհրդարանական լսումների ընթացքում տրանսգենդեր ակտիվիստի ելույթից հետո նրա նկատմամբ ատելության խոսքի և մահվան սպառնալիքներին, ինչպես նաև զորակոչային հանձնաժողովի սպաների կողմից քվիր ակտիվիստի նկատմամբ վիրավորանքի և խտրականության դրսևորմանը։

Կառավարության կողմից ներկայացված «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքը` որպես համապարփակ հակախտրականության օրենսդրություն, չի ներառում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հատկանիշներ խտրականությունից։ ԵԱՀԿ-ն սեպտեմբերի իր զեկույցով առաջարկել էր կառավարությանը ներառելու այդ հիմքերը՝ որպես լրացուցիչ պատշտպանության կատեգորիաներ։