IDAHOBIT. Քննարկում՝ ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ
Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան (IDAHOBIT) ընդառաջ Փինք իրավապաշտպան ՀԿ-ն հրապարակեց ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը, որը ներկայացվեց մայիսի 15-ին կազմակերպված քննարկման ընթացքում։
Միջոցառումը բացվեց Փինք ՀԿ-ի գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանի ելույթով։ Նա նշեց, որ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վիճակագրությունը միայն թվեր չեն, այլ իրական մարդկանց պատմություններ․ «Երբ մենք խոսում ենք իրավախախտումների մասին, մենք խոսում ենք ոչ միայն թվերի կամ դեպքերի մասին, մենք խոսում ենք մարդկանց մասին»։ Նրա խոսքով՝ միայն փաստերն արձանագրելով հնարավոր չէ փոխել իրականությունը։ Փոփոխության համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն, արժեքային մոտեցում և քաղաքական կամք։ Կիզոգյանը շեշտեց զեկույցի հիմնական նպատակները՝ տեսանելի դարձնել անտեսվածը, բացահայտել օրինաչափությունները և խթանել համակարգային պատասխանատվությունը։

Շվեդիայի փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը հանդես եկավ համերաշխության ուղերձով՝ վերահաստատելով Շվեդիայի շարունակական աջակցությունը ԼԳՏԲ+ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Նա ընդգծեց, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և խոցելի խմբերի պաշտպանությունն իր երկրի արտաքին քաղաքականության հիմնասյուներից է։ Փոխդեսպանը հավելեց, որ չնայած որոշ հետընթաց միտումների, ԼԳԲՏ+ անձանց վերաբերյալ հարցերը պետք է շարունակեն մնալ ուշադրության կենտրոնում։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր գնահատեց քաղաքացիական հասարակության փաստահեն աշխատանքը՝ մարդու իրավունքների հարցերը օրակարգում պահելու գործում։ Նա ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ առանց բացառության, ներառյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով, հանդիսանում է Եվրամիության հիմնարար արժեքներից, և ԵՄ-ն շարունակելու է իր աջակցությունը Հայաստանում խտրականության դեմ պայքարում։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը խոսեց ԼԳԲՏ+ անձանց՝ որպես հասարակության լիարժեք անդամների ներառման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ ներառականությունն ու բազմազանությունը ոչ միայն գաղափարներ են, այլ բարեկեցության ապահովման նախադրյալներ բոլորի համար։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան ներկայացրեց ՄԻՊ Անահիտ Մանասյանի ուղերձը՝ հաստատելով շարունակական հանձնառությունը հետևելու ԼԳԲՏ+ անձանց իրավունքների վիճակին, արձագանքելու խախտումներին և խորացնելու ինստիտուցիոնալ արձագանքը խոցելի խմբերի խնդիրների վերաբերյալ։ Նա շեշտեց ՄԻՊ-ի դերը՝ ոչ միայն արձագանքման, այլ նաև կանխարգելման գործիքակազմ ստեղծելու ուղղությամբ։

Միջոցառման երկրորդ մասում Փինք ՀԿ-ի ծրագրի համակարգող Լիլիթ Ավետիսյանը, փաստաբան Արա Ղարագյոզյանը և սոցիալական աշխատող Աննա Մելիքյանը համատեղ ներկայացրին զեկույցը՝ վիճակագրությունից մինչև անհատական դեպքերի վերլուծություն՝ ընդգծելով մի շարք մտահոգիչ իրողություններ։
Լիլիթ Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ չնայած խախտումներին՝ տուժածների մեծ մասը հրաժարվում է դիմել իրավապահներին։ Դիմելու պատրաստակամության բացակայությունը պայմանավորված է վախով՝ խարանվելու, անտեսվելու կամ կրկնակի զոհ դարձնելու պատճառով։ Սա վկայում է ոչ միայն անհատի ճնշվածության, այլև համակարգային բացերի մասին։
Արա Ղարագյոզյանը ներկայացրեց իրավական արձագանքի վիճակագրությունը՝ նշելով, որ իրավապահ մարմինները հաճախ չեն ճանաչում հանցագործությունների շարժառիթը՝ անգամ ամենաբացահայտ ատելության հիմքով դեպքերում։ Նա ներկայացրեց մի քանի դեպքեր, որոնցում ծանր հանցագործություններ իրականացրած անձինք չեն ստացել համարժեք պատիժ։
Աննա Մելիքյանը անդրադարձավ ընտանեկան միջավայրում հոգեբանական և ֆիզիկական բռնություններին, որոնք տեղի են ունենում սեռական կողմնորոշման հիմքով՝ հատկապես անչափահասների նկատմամբ։ Նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ ծնողները բռնի կերպով տնից դուրս են հանում երեխաներին՝ միայն նրանց ինքնության պատճառով։
Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում և հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները բարձրացրին բազմաթիվ թեմաներ՝ ԼԲՔ կանանց հանդեպ խտրականությունից մինչև համակարգային փոփոխություններ և ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթաց։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր պետական, միջազգային և քաղաքացիական գործընկերներին, որոնք մասնակցեցին քննարկմանը և իրենց աջակցությունն արտահայտեցին։ Միայն համատեղ ջանքերով կարող ենք կառուցել մի իրականություն, որտեղ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե ընտրովի, այլ ամբողջականությամբ։
Մայիսի 17-ին աշխարհը հիշեցնում է, որ հոմոֆոբիան, բիֆոբիան և տրանսֆոբիան ոչ միայն անհատների դեմ ուղղված անարդարություն են, այլ խոչընդոտ՝ հասարակության զարգացումների համար։