Հրապարակվեց ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը

15-05-2025

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն այսօր հրապարակեց 2024 թվականի ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Զեկույցը փաստագրում է ինչպես իրավական ու սոցիալական աջակցություն ստացած անձանց խնդիրները, այնպես էլ հանրային տիրույթում տարածված ատելության խոսքի դեպքերը՝ ընդգծելով Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց առջև ծառացած համակարգային խնդիրները։

2024 թվականին Փինքը ստացել է 365 աջակցության դիմում, որոնցից 65-ը՝ մարդու իրավունքների խախտման դեպքեր։ Դրանց գերակշռող մասը ընտանեկան բռնության դեպքերն են՝ ընդհանուր 38, որոնցից շատերը բնութագրվել են ոչ միայն ֆիզիկական և հոգեկան բռնությամբ, այլև սեռական ոտնձգություններով ու շորթմամբ։ Դեպքերից մի քանիսը փաստագրվել են արդեն 2025 թվականին, սակայն պատկանում են նախորդ տարվա իրադարձություններին։

Բռնության դեպքերից բացի, զեկույցում փաստագրված են խախտումներ կրթական և աշխատանքային ոլորտներում, ինչպես նաև անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի ոտնահարումներ։ Դեպքերը մեծ մասամբ պայմանավորված են եղել տուժողների սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ՝ հստակ ցույց տալով խտրականության առկայությունը։

Զեկույցի կարևոր եզրահանգումներից մեկը իրավապահ մարմինների նկատմամբ վստահության անկումն է։ Խախտման 65 դեպքերից միայն 10-ի դեպքում են տուժողները դիմել իրավապահ մարմիններին, և դրանցից միայն երեքն են փաստացի գտնվում քննության փուլում։ Զեկույցում մատնանշվում է, որ գործերի անարդյունավետ քննությունը, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը և անձնական տվյալների անպաշտպանությունը խթանում են տուժողների լռությունը։

Զեկույցի երկրորդ մասը անդրադառնում է ատելության խոսքի խնդիրներին, որոնք հատկապես տարածված են սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Դրանք հաճախ հաջորդում են ԼԳԲՏ+ անձանց վերաբերող դեպքերին և խթանում են հանրային թշնամանքը։ Չնայած ատելության խոսքի վտանգավոր հետևանքներին, Հայաստանը դեռ չունի համապարփակ օրենսդրական կարգավորումներ, որոնք կկանխեն նման երևույթների տարածումը։

Զեկույցում նշվում են նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ինչպես օրենսդրական փոփոխությունների, այնպես էլ քաղաքական և վարչական բարեփոխումների ուղղությամբ։ Չնայած որոշ առաջընթացին, նշվում է, որ դեռ բացակայում են արդյունավետ մեխանիզմներ՝ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։

Այս զեկույցը վկայում է այն մասին, որ Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրները շարունակում են մնալ թե՛ իրավական, թե՛ սոցիալ-մշակութային մակարդակներում չլուծված։ Կազմակերպությունը կոչ է անում ինչպես պետական մարմիններին, այնպես էլ քաղաքացիական հասարակության դերակատարներին՝ համատեղ ջանքերով կառուցել ներառական և արժանապատվություն հարգող հասարակություն։