«Բռնությունը օկ չէ»․ տեղեկացված լինենք զուգընկերային հարաբերություններում մտահոգիչ նշանների մասին

Զուգընկերային հարաբերությունները մեր կյանքի կարևոր մասերից են։ Մենք երջանիկ ենք, երբ հարաբերություններում մեզ զգում ենք ապահով, վստահում ենք միմյանց, սիրում ու հարգում ենք։ Սակայն, երբեմն մենք կարող ենք չնկատել, թե ինչպես են մեր հարաբերություններում գործում որոշակի պատտերներ, որոնք խախտում են մեր հարաբերությունների ներդաշնակությունը ու ընթացքը և երբեմն կարող են վտանգել մեզ։
Երբեմն զուգընկերային հարաբերությունների ոչ ներդաշնակության նշանները կարող են լինել ակնհայտ, երբեմն՝ ոչ այնքան։ Ցանկացած դեպքում, մենք կարող ենք հասկանալ հետևելով մեր ինքնազգացողությանը, այն է՝ ինչպե՞ս եմ ես ինձ զգում իմ զուգընկերոջ հետ հարաբերություններում, ապահո՞վ եմ, հանգի՞ստ եմ։ Արդյոք հարաբերություններս ինձ «թևե՞ր են տալիս», աջակցու՞մ են իմ անձնային աճին ու զարգացմանը, թե ինձ ուղղու՞մ են դեպի ճնշվածություն, լարվածություն կամ տագնապի զգացում։







Հունիս ամսին Փինքը հրապարակեց պաստառներ և տեսանյութ, որոնք ուղղված են հենց ցուցադրելու զուգընկերային հարաբերություններում հաճախ հանդիպող ներդաշնակության ու ոչ ներդաշնակության նշանները։ Պաստառները ցույց են տալիս մեր հարաբերություններում ինչպես ներդաշնակ դրսևորումներ, այնպես էլ՝ «տոքսիկ» կամ բռնի։ Իսկ «Փնտրում եմ զուգընկեր» տեսանյութն արտահայտում է այն նշանները, որոնց կարևոր է ուշադրություն դարձնել, երբ սկսում ենք հարաբերություն կամ արդեն հարաբերության մեջ ենք։


Օկ է հարաբերություններում նկատել ոչ ներդաշնակության նշանները, սակայն օկ չէ քայլեր չձեռնարկել կամ չդիմել աջակցությանը։ Հունիսին հրապարակվեց ևս մեկ տեսանյութ՝ «Բռնությանն առնչվելիս աջակցությունը հասանելի է Հայաստանում», որում մանրամասն նշվում է, թե ինչպես տարանջատել բռնության նշանները, ինչ ակնկալել աջակցության դիմելիս և ուր դիմել։
Կարևոր է հիշել, որ բռնությանն ենթարկվելիս Դուք մեղավոր չեք․ մեղավոր է միայն բռնության ենթարկողը, իսկ աջակցությունը հասանելի է Հայաստանում։
Մեզանից յուրաքանչյուրն արժանի է ունենալ ներդաշնակ հարաբերություններ, լինել սիրված ու ապահով։ Դա օկ է։






