«Ինչպիսի՞ն են իմ զուգընկերային հարաբերությունները»․ ամփոփում ենք արշավը

09-06-2025

Փինքը 2025թ․ գարնանն իրականացրեց փոքրիկ իրազեկման արշավ՝ ուղղված զուգընկերային հարաբերություններում բռնության նշանների վերաբերյալ գիտակցության բարձրացմանը։  

Մեր կողմից պատրաստված Զուգընկերոջ հետ հարաբերությունների ստուգիչը տարածվեց սոցիալական մեդիայի հարթակներով՝ ապահովելով ավելի լայն հասանելիություն հայախոս մարդկանց շրջանում։ Արդյունքում կատարվել են 4 հրապարակումներ, որոնք դիտել են ավելի քան 587,000 անգամ, և 25,800-ից ավելի անգամ էլ մարդիկ անցել են հղումով ստուգիչը լրացնելու համար։  

Ստուգիչն ինտերակտիվ հարցաթերթ է՝ հիմնված զուգընկերային բռնության մասին մասնագետների կողմից մշակված Զուգընկերային հարաբերությունների մարտահրավերները տեղեկատվական գրքույկի վրա։ Այն նպատակ ունի հարցերի միջոցով մարդկանց ուղղորդել՝ նկատելու հարաբերություններում առկա որոշակի դրսևորումներ, որոնց ուշադրություն դարձնելը կարևոր է։ Այն նաև տեղ է տալիս մտածելու, թե հարաբերություններում ինչ դրական կամ խնդրային հարցեր կան՝ դրականները զարգացնելու, իսկ խնդրայինների շուրջ աշխատելու կամ քայլեր ձեռնարկելու համար։ 

Երկու ամիսների ընթացքում, ստուգիչի լրացման արդյունքները ամփոփելուց հետո, մենք տեսանք հետևյալ հետաքրքիր պատկերը․ 22,005 անգամ մարդիկ սկսել են լրացնել ստուգիչը, որից մինչև վերջ ստուգիչը լրացվել է 5434 անգամ։ Ստուգիչը լրացնողների մեծամասնությունը կազմում են հետերոսեքսուալ կանայք (75.8%), այնուհետև՝ հետերոսեքսուալ տղամարդիկ (11.9%) և ԼԳԲՏ+ մարդիկ (10.8%)` մեծամասնությունը նույնասեռական կանայք (7.3%): Լրացնողների 1․5%-ը ընտրել է «այլ» տարբերակը կամ չի նույնականացել։ Հարկ է նշել, որ լրացնողները հնարավորություն ունեին նշելու իրենց և զուգընկերոջ կամ զուգընկերների գենդերային ինքնությունը, որից էլ առանձնացվել են ինքնության կատեգորիաները։ Հնարավոր է, որ մարդիկ նշած չլինեն կամ այլ կերպ նշած լինեն իրենց և զուգընկերոջ գենդերային ինքնությունը՝ անհարմար զգալուց կամ հասարակական ճնշումից ու խարանից խուսափելու համար։ 

Պատասխանների մեծ մասը նշել են հարաբերություններում ներդաշնակության առկայությունը (67%), այնուհետև՝ մտահոգիչ (18%) և տոքսիկ (13%) նշանների առկայությունը։ Լրացնողների 2%-ը նշել է հարաբերություններում բռնության առկայության մասին։ 

Ներդաշնակության դրսևորմամբ հարաբերություններն ընթանում են բնական հունով՝ փոխադարձ հարգանքի ու ընդունման մթնոլորտում։ Սակայն կարևոր է հիշել, որ հարաբերությունները գործընթաց են, որտեղ կարևոր է յուրաքանչյուրիս շարունակական ներդրումը։  Ստուգիչի լրացման արդյունքում ներդաշնակ հարաբերություններով պատասխաններից 77%-ը եղել են հետերոսեքսուալ կանայք, 12%-ը՝ հետերոսեքսուալ տղամարդիկ, 10%-ը՝ ԼԳԲՏ+ մարդիկ և 1%-ն այլ պատասխանն ընտրած մարդիկ։  

Մտահոգիչ դրսևորումներով հարաբերություններն ընթանում են բնական հունով, սակայն հարաբերություններում առկա են որոշ դրսևորումներ, որոնց կարիք կա ուշադրություն դարձնել, երբեմն լուրջ մտորել վերջիններիս շուրջ, աշխատել դրանց փոփոխության վրա, քննարկել զուգընկերոջ հետ։ Մտահոգիչ նշաններով հարաբերություններով պատասխաններից 76%-ը հետերոսեքսուալ կանայք են, 12%-ը՝ հետերոսեքսուալ տղամարդիկ, 10%-ը՝ ԼԳԲՏ+ մարդիկ և 2%-ն այլ պատասխանն ընտրած մարդիկ։  

Տոքսիկության դրսևորմամբ հարաբերություններում առկա են պատտերներ (նույնատիպ իրավիճակներում օրինաչափ կրկնվող վարքը, մտքերը, հույզերը և/կամ այլ դրսևորումներն են), որոնք անբավարարվածություն ու լարվածություն են առաջացնում։ Տոքսիկ դրսևորմամբ հարաբերությունները խոսում են զուգընկերային հարաբերություններում խնդիրների առկայության և զուգընկերների միջև եղած կայուն լարվածության մասին, որը կարող է ի վերջո քայքայել հարաբերությունները։ Տոքսիկ նշաններով հարաբերություններով պատասխաններից 74%-ը հետերոսեքսուալ կանայք են, 13%-ը՝ հետերոսեքսուալ տղամարդիկ, 12%-ը՝ ԼԳԲՏ+ մարդիկ և 1%-ն այլ պատասխանն ընտրած մարդիկ։ 

Բռնության դրսևորմամբ հարաբերություններում առկա է ոչ միայն անբավարարվածության ու լարվածության զգացումը, այլ նաև բռնության որևէ տեսակի կամ տեսակների շարունակական կրկնումը։ Այս դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հարաբերություններում առկա բռնության դրսևորումներին՝ ֆիզիկական, տնտեսական, սեռական, հուզական և այլն, և կարիքի դեպքում քայլեր ձեռնարկել կամ դիմել աջակցության։ Ստուգիչի լրացված պատասխաններում բռնության դրսևորումների դեպքում 60%-ը հետերոսեքսուալ կանայք են, 11%-ը՝ հետերոսեքսուալ տղամարդիկ, 24%-ը՝ ԼԳԲՏ+ մարդիկ և 5%-ն այլ պատասխանն ընտրած մարդիկ։ 

Արշավը ևս մեկ անգամ մատնանշում էր, որ յուրաքանչյուրիս համար մեր սիրային հարաբերությունները հաճախ ամենակարևոր բաներից են։ Երբեմն մենք կարող ենք չնկատել, թե ինչպես են հարաբերություններում գործում որոշակի պատտերներ, որոնք խախտում են ներդաշնակությունը և կարող են ազդեցություն ունենալ մեզ վրա` խաթարելով մեր ինքնազգացողությունը և հարաբերությունների ընթացքը։  Կարևոր է նույնականացնել և գիտակցել, թե ինչ խնդրային հարցեր կան՝ դրանց շուրջ աշխատելու, քայլեր ձեռնարկելու կամ աջակցության դիմելու համար։ 

Բռնությանն առնչվելիս աջակցությունը հասանելի է։  

Թեժ գծեր   

  • ԼԳԲՏ+ անձանց համար ընտանեկան ու զուգընկերոջ կողմից բռնության դեպքում (Փինք իրավապաշտպան ՀԿ) ՝   033 522 533     
  • Ընտանեկան բռնության դեպքում (Կանանց աջակցման կենտրոն ՀԿ) ՝  099 887 808    
  • Սեռական բռնության դեպքում (Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ)՝   077 991 280    
  •  Ոստիկանություն՝  1-02