ԼԳԲՏԻ իրավունքների հարցում Հայաստանի լճացումը. Ծիածան քարտեղ

14-05-2025

Իլգա Եվրոպան հրապարակեց իր 2025 թվականի Ծիածան քարտեզը, որից էլ երևում է այն անհանգստացնող փաստը, որ Հայաստանի դիրքը մնում է անփոփոխ։ Եվրոպայի 49 երկրներից Հայաստանը շարունակում է դասվել ամենավատ դիրքերում, ինչը վկայում է մարդու իրավունքների ոլորտում մշտապես առկա խնդրի մասին։

2003 թվականին նույնասեռականությունն ապաքրեականացնելուց ի վեր, Հայաստանը շատ քիչ առաջընթաց է գրանցել ԼԳԲՏԻ անձանց պաշտպանության գործում։ Երկիրը չունի համապարփակ հակախտրական օրենսդրություն, ինչի հետևանքով ԼԳԲՏԻ անձինք մնում են համակարգային խտրականության և բռնության առաջ խոցելի։ Թեև Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հակախտրական օրենքի նախագիծ, այն չի ներառում սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն իբրև պաշտպանված հիմքեր, ինչի հետևանքով էլ հնարավոր չի լինելու լուծել ԼԳԲՏԻ համայնքի առջև ծառացած խնդիրները։

Հայաստանի անգործությանը զուգահեռ, այլ եվրոպական երկրներում նկատվում են ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ։ Մալթան արդեն տասներորդ տարին անընդմեջ գլխավորում է Ծիածան քարտեզը, ցուցադրելով իր շարունակական նվիրվածությունը ԼԳԲՏԻ հավասարությանը։ Բելգիան բարձրացել է երկրորդ տեղ՝ սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և սեռական բնութագրիչների վրա հիմնված ատելության դեմ ուղղված քաղաքականություն ընդունելու շնորհիվ։ Իսկ Իսլանդիան զբաղեցնում է երրորդ տեղը։

Հակառակ պատկերն է Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի և Վրաստանի դեպքում, որոնք զգալի անկում են գրանցել։ Մեծ Բրիտանիան վեց հորիզոնականով նահանջել է՝ իջնելով 22-րդ տեղ գերագույն դատարանի որոշումից հետո, որով «կին» հասկացությունը սահմանվել է միայն «կենսաբանական սեռով», ինչը բացասաբար է ազդել տրանս անձանց իրավական ճանաչման վրա։ Հունգարիան և Վրաստանը յոթական հորիզոնականով են նահանջել ԼԳԲՏԻ համայնքի դեմ ուղղված օրենքների ընդունման պատճառով․

Որպեսզի Հայաստանը համահունչ լինի ժողովրդավարական արժեքներին և պաշտպանի մարդու իրավունքները, անհրաժեշտ է հետևյալ հստակ քայլերը ձեռնարկել՝

  • Ընդունել համապարփակ հակախտրական օրենսդրություն, որը հստակորեն կպաշտպանի ԼԳԲՏԻ անձանց։
  • Ստեղծել մեխանիզմներ՝ ատելության հիմքով հանցագործությունները արդյունավետ կերպով քննելու և արձագանքելու համար։
  • Սահմանել պարզ, հասանելի և ինքնորոշման վրա հիմնված գենդերի իրավական ճանաչման ընթացակարգ։

Առանց վճռական գործողությունների, Հայաստանը վտանգում է խորացնել խտրականությունն ու մեկուսանալ այն լայն եվրոպական համայնքից, որը նվիրված է հավասարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։